Պարզաբանում «Հետք»-ի՝ «Թերակշռման համար՝ կալանք, պետական վարկերը մսխելու համար՝ ոչ մի պատիժ» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ
Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է ուղարկել «Հետք»-ի 2018թ. մարտի 15-ին «Թերակշռման համար՝ կալանք, պետական վարկերը մսխելու համար՝ ոչ մի պատիժ» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ, որն ամբողջության ներկայացնում ենք ստորև.
«Անդրադառնալով «Hetq.am» էլեկտրոնային լրատվական կայքում 2018թ. մարտի 15-ին «Թերակշռման համար՝ կալանք, պետական վարկերը մսխելու համար՝ ոչ մի պատիժ» վերտառությամբ հոդվածին' ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում դրա կապակցությամբ ներկայացնել իր դիտարկումները և հակիրճ անդրադառնալ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով, ի թիվս այլնի, առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենքսգրքի 191-րդ հոդվածը «վարկը ոչ նպատակային օգտագործելը»: Խնդրո առարկա հոդվածն ունի հետևյալ ձևակերպումը. «1. Պետության կամ միջազգային կազմակերպության կամ միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրի կողմից տրամադրվող նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել անձանց, կազմակերպություններին կամ պետությանը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով…»:
Կարելի է ենթադրել, որ հոդվածագրի մոտ այն մտայնությունն է եղել, որ այսուհետ վարկառուները կարող են խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու միջոցով վարկ ստանալ և յուրացնել այդ միջոցները: Նշենք, որ եթե վարկառուի մոտ ի սկզբանե առկա է նման դիտավորություն, ապա անկախ նրանից խոսքը պետության, միջազգային կազմակերպության կամ առևտրային բանկի կողմից տրամադրված վարկի մասին է, միևնույն է արարքը կորակվի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով «խարդախություն»:
Իսկ ինչ վերաբերում է վարկի նպատակային օգտագործմանը, ապա կարծում ենք, որ կարիք չկա իր բնույթով մասնավոր հարաբերությունը, որը քաղաքացիական օրենսդրության կարգավորման առարկա է, տեղափոխել քրեաիրավական ոլորտ: Ավելին, բազմաթիվ քննադատությունների տեղիք էր տվել այս հարցում ոչ միասնական մոտեցումը, այն առումով, որ պետության, միջազգային կազմակերպության կամ միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրի կողմից տրամադրվող նպատակային վարկի ոչ նպատակային օգտագործումը քրեորեն հետապնդելի է, իսկ առևտրային բանկի կողմից տրամադրվող նպատակային վարկի ոչ նպատակային օգտագործումը' ոչ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել