HY RU EN

Սեդա Ղուկասյան

Ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու իրավունքը վերապահել վարչապետին․ ԱՆ-ի նախագիծը

Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվում է կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի և հարակից ներկայացված օրենքների փաթեթը։ Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներով։

«Սահմանադրությամբ նախատեսվել է, որ հանձնաժողովը պետք է տարեկան հաղորդում ներկայացնի, սահմանվել են հանձնաժողովի կազմը, հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները։ Ի տարբերություն 2005 թվականի Սահմանադրության՝ ըստ որի ՍԴ անդամների կեսին նշանակում է ԱԺ-ն, մյուս կեսին՝ նախագահը, ապա 2015 թվականի փոփոխությունների համաձայն՝ հանձնաժողովների անդամների թիվը յոթն է, յոթին էլ ընտրում է ԱԺ-ն՝ պատգամավորների ձայների 3/5-ով»,- ասաց փոխնախարարը։

Հովհաննիսյանի խոսքով՝ պահանջվում է, որ հանձնաժողովի անդամը բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջներին։

«Եթե գործող օրենքն ենք նայում Հանրային հեռուստառադիոխորհրդի ղեկավար մարմինը հանդիսանում է խորհուրդը, բայց հաշվի առնելով Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը` սահմանել ենք, որ կառավարման մարմին է հանդիսանում խորհուրդը, և եթե գործող իրավակարգավորմամբ խորհրդի անդաներին նշանակում էր նախագահը, ապա հաշվի առնելով, որ նոր Սահմանադրությամբ նախագահը չունի նման լիազորություն, ուստի այն իրականացնելու է վարչապետը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վարչապետն ընտրելու է այն անդամների շրջանակից, որոնք նախապես հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող են ճանաչվել։

Փոփոոխություններով նախատեսվում է նաև այն, որ հեռուստատեսությամբ ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը տրվելու է ոչ թե նախագահին, այլ վարչապետին։