HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Ուզում եմ մոր քաղցրությունը իմ երեխային տամ»

34-ամյա վանաձորցի Նելլին մայր է դարձել: Առողջ, սիրուն մանկիկ ունի, բայց զրկված է իր երեխային պահելու հնարավորությունից: Ստիպված մանկատուն է հանձնել նրան`ժամանակավոր հրաժարականով:

Ամուսնացել էր Շամշադին գյուղում: Ամուսինը, նրա ասելով, հաշմանդամ էր, ընտանիքն էլ`սոցիալապես անապահով: Նա էլ, մի քանի ամիս ամուսնու ընտանիքում ապրելով, հղի վիճակում վերադարձավ հայրական տուն: Հորն ու խորթ մորն ասել էր, որ ուզում է ընդհատել հղիությունը: Նրանք սկզբում դեմ էին, բայց հետո իրենք էին ստիպում, որ ազատվի պտղից: Պայման էին դրել. «Եթե երեխուն հանես, կմնաս, եթե չես հանում`գնա»:

Ստիպում էին, որ հղիությունն ընդհատեր, որպեսզի հետո կարողանար աշխատել, իրեն պահել:

«Ասին` որ էրեխեն ըլնի, ոնց կաշխատես,-պատմում է Նելլին,-ով պըտի պահի`ասին: Խորթ մայրս հրաժարվեց: Եղբայրս էլ ասավ` ես իմ էրեխուն եմ մենակ յոլա տանում»:

Պատմում է նույնիսկ, որ 5 ամսվա հղիության շրջանում հայրը ծեծի է ենթարկել իրեն:

«Մի օր եկա տուն, հայրս ասավ` գնա տուն ման արի, մենակ աշխատանք մի ման արի, ասի`խի, ասավ, որ գնաս վարձով ապրես: Ասին` գնա հանի, ասեցի` չեմ հանում: Էդ ժամանակ էկավ մազերիցս բռնեց ու գետնովը խփեց ինձ: Վառարան էր վառած, շամփուրը տաք էր, տաք-տաք շամփուրով սկսեց դաղելը: Սկսեց քացեքով խփելը, կուչ էկա, երեխային պահեցի, փորս պահեցի, որ վնաս չըլնի: Ճիպոտի նման դաղում էր տաք շամփուրով: Ուշքս գնաց…»:

Ոստիկանությունում Նելլին ասել էր`սայթաքել եմ:

Ծեծից 1 շաբաթ անց բարեգործական կազմակերպությունների միջոցով Նելլին հայտնվեց «Լայթ հաուս» կենտրոնում, որտեղ մնաց 8 ամիս: Լույս աշխարհ բերեց երեխային: Այնուհետև, նրա ասելով, իրեն հեռացրին կենտրոնից: Երեխայի հետ հայտնվելով փողոցում`նրան մանկատուն հանձնեց ու էլի հայրական տուն վերադարձավ: Նրան ընդունեցին նույն պայմանով, որ երեխային տուն չբերի:

Նելլի Հայրը` Համլետ Սարգսյանը, ոչ աղջկա ծննդաբերությունից է տեղյակ, ոչ նրա երեխային է տեսել: Հայրը հիմա էլ է անտեղյակ աղջկանից. «Թե որտեղ ա հաց ուտում, ինչ ա անում, ինչքան փող ա աշխատում, գաղափար չունեմ»,-ասում է հայրը:

Հերքում է, որ Նելլիի նկատմամբ բռնություն է գործադրել: Նելլիի երեխային տուն բերելն էլ անհնարին է համարում: Ասում է. «Լավ, համաձայն եմ, էրեխեն ըստեղ ա, ով պահի: Ես չեմ կարա լողացնեմ, ով պըտի լողացնի, հագցնի: Կինս չի կարա, հարսս կյանքում չի անի»:

Նա նաև սոցիալական գործոնն է մեջբերում. «Ոնց պահեմ, էնա փող ունենայի, լույսի, ջրի, գազ կմուծեի, 16 հազար դրամ թոշակ եմ ստանում: Հենց Նելիկն էկավ, տղես բաժանվեց ինձանից գնաց, ասավ` ես չեմ կարա: Մնացել ենք մարդուկնիկ` կուկուշկա»:

Նելլիի խորթ մայրը` Վեներան էլ ավելացնում է. «Ընտանիք ունի, թող գնա: Ունեցել ա, թող գնա իրա ամուսնու մոտը ապրի: Փախչելու ժամանակ չէր ասում, որ ինվալիդ ա, որ գնում էր, չէր տեսնում: Հղիացավ, էկավ վեր ընկավ ըստեղ: Մենք ի վիճակի չենք իրա էրեխուն պահենք»:

Իսկ Նելլին մայր է, որը չի ուզում բաժանվել իր երեխայից:

«Ուզում եմ երեխայիս հետ վերցնեմ, իմ կողքին ըլնի: Միայն այդ եմ ուզում: Տնօրենն ասում ա, որ հիմա երեխա չեն տա, ոչ տուն ունեմ, ոչ գումար: Ճիշտ ա, ինձ ուրախացնում ա, որ իմ երեխան տաք տեղում ա, կերակրվում ա, լողացնում են, բայց ուզում եմ`էդ ամենը ես անեմ: Ինչքան ուզում ա ապահով տեղ ըլնի, ուրիշի խնամքի տակ, մոր խիղճը ուրիշ ա, մոր գուրգուրանքն ուրիշ ա: Առավոտ շուտ մանկատանն եմ լինում: Ասում են` երեխան ապահով ա, ինչի ես առավոտ շուտ գալիս, ասում եմ` կարոտս առնեմ…  Մոր համ կյանքում ես չեմ տեսել: Ես էլ եմ ուզեցել ուրիշների նման մոր համ տեսնեմ… Էդ քաղցրությունը ես ուզում եմ իմ երեխային տամ»:

Մեկնաբանություններ (2)

ara
իսկ այդ կինն աշխատել, իրեն ու իր երեխային պահել ուզում է? թե ուզում է, որ իրեն էլ պահեն, իր երեխային էլ...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Փողը,խոշորացույցի նման, մեծացրած է ցույց տալիս մարդու ԻՍԿԱԿԱՆ էությունը:Եվ հակառակը: Մեկը եթե մի բան ԻՐՈՔ ուզում է անել-հնարավորություններ է ման գալիս,իսկ եթե այդ բանը ՉԻ ուզում անել-պատճառաբանություններ:................. Իմ խորհուրդը Նելլիին? - գտիր քեզ համար ՆՈՐ հայր/մայր, եղբայր/քույր և տուր ԻՆՔԴ ՔԵԶ 2-րդ կանս (second chance) : ՀԱՆԻՐ ՔՈ ՄԻՋԻՑ քո բիոլոգիական «հարազատներին»,որպեսզի ՏԵՂԸ ՔԵԶ ՍԻՐՈՂ մարդիկ գան:.................... ՀԳ. Արյունը ջուր է դառնում. էն էլ ոնց: Բարեբախտաբար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter