HY RU EN

Սեդա Ղուկասյան

Հ․ Թովմասյան․ «Վստահեցնում եմ՝ բոլոր ջանքերս կներդնեմ՝ ավելի լավ հայրենիք ունենալու համար»

Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանն իր ամփոփիչ ելույթում հայտարարեց, որ շատ հարցեր հնչեցին, որոնց չի կարող պատասխանել, սակայն վստահեցրեց, որ ընտրվելու դեպքում անելու է ամեն ինչ՝ «ավելի լավ հայրենիք ունենալու համար»։

«Երևի ութ տարի առաջ էր, երբ հասարակական փորձագետ Հրայր Թովմասյանն իր համար կայացրեց ոչ հեշտ որոշում՝ զբաղվել քաղաքականությամբ, սիրված, հարգված Թովմասյանը, որին ոչ ոք չէր քննադատում, բայց երբ ստանձնում ես որոշակի պաշտոն, պիտի պատրաստ լինես, որ լինելու է քննադատություն՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ մտացածին ու անտեղի»,- հայտարարեց Թովմասյանը։

Նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի վստահեցմամբ՝ իր հասցեին հնչած քննադատությունների մի մասից ես ուղղակի հետևություններ եմ արել և փորձել եմ փոխվել, չեմ կարող ասել, որ այս պահին այն կերպ եմ մտածում բոլոր հարցերի շուրջ, ինչպես տասը տարի առաջ էր»,- ասաց նա։

Անդրադառնալով իր քաղաքական կարիերային և զբաղեցրած պաշտոններին՝ Թովմասյանը համաձայնեց ընդդիմադիր պատգամավորների հետ, որ ճակատագիրն իր նկատմամբ բարեգութ է եղել և հավելեց՝ այդ ամենն իրեն ուժեղացրել է, քանի որ խնդիրների մասին ոչ թե լսել է, այլ հիմքից գիտի։

«Մենք ստեղծում ենք իրավական, ժողովրդավարական, կայուն պետություն, որտեղ ազատ խոսքն արժեք ունի, որտեղ քաղաքական բանավեճեր են ընթանում, որտեղ մտահոգ մարդիկ են հավաքված։ Ես վստահ եմ, որ վաղվա օրը շատ ավելի լավն է լինելու, և բոլորիս ջանքերի շնորհիվ է այդպես լինելու։ Վստահեցնում եմ՝ բոլոր ջանքերս կներդնեմ՝ այդ ոլորտում առկա խնդիրները լուծելու և ավելի լավ հայրենիք ունենալու համար»,- եզրափակեց իր ելույթը ՍԴ նախագահի թեկնածուն։

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահի ընտրություններն ընթանալու են վաղը՝ խորհրդարանում, պատգամավորներն ընտրություն են կատարելու փակ-գաղտնի ընթացակարգով։

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

Տեսանյութը՝ Parliament.am կայքի ուղիղ հեռարձակումից։