Չի բացառվում, որ Սիսիանի, Գորիսի ու Մեղրու ռազմական աերոդրոմները նորից կծառայեն քաղավիացիային
«Հետքը» հոդվածաշարով անդրադառնում է Հայաստանի շրջանային օդանավակայաններին՝ նպատակ ունենալով ամբողջական պատկեր կազմել մեր երկրում ներքին օդային գծերի անցյալի, ներկայի ու առաջիկայում փոքր ավիացիայի եւ տեղական ցանցի զարգացման վերաբերյալ: Վարչապետ Կարեն Կարապետյանին երկու հարց էինք ուղղել Հայաստանում չգործող օդանավակայանների վերաբացման եւ ՊՆ-ի ենթակայության ներքո գտնվող աերոդրոմները կրկին քաղաքացիական նպատակներին ծառայեցնելու մասին:
Այսպես՝ նախորդ տարվա հոկտեմբերին Կ. Կարապետյանի կառավարությունը ներկայացրել էր իր գործունեության անցած մեկ տարվա (2016-2017 թթ.) հաշվետվությունը, որտեղ քաղավիացիայի ոլորտի մասին, մասնավորապես, նշվել էր. «ՀՀ-ում փոքր ավիացիայի ոլորտի զարգացման պոտենցիալը գնահատելու նպատակով 2017-ին ՔԱԳՎ-ն ՀՀ մի շարք գերատեսչությունների հետ համատեղ ուսումնասիրել է տարբեր ուղղություններով տրանսպորտային հոսքերը, ինչպես նաեւ գլխավոր վարչության կողմից ուսումնասիրվել են Ստեփանավան, Ջերմուկ, Սիսիան, Գորիս, Կապան եւ Մեղրի (Ագարակ) քաղաքների օդանավակայանների վերագործարկման հնարավորությունները եւ գնահատումները»:
Խնդրել էինք հայտնել, թե գործադիրը նշված օդանավակայանների վերագործարկման վերաբերյալ ինչպիսի եզրահանգումների է եկել: Առաջ անցնելով՝ նշենք, որ Կապանի աերոդրոմի հարցը կարելի է լուծված համարել, քանի որ այն ամռանը շահագործման է հանձնվելու:
Մեր հարցերին պատասխանել է քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Արսեն Մանուկյանը:
«ՀՀ կառավարության 2017 թվականի գերակա խնդիր հանդիսացող «ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից ուսումնասիրվել են Ստեփանավանի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու եւ Կապանի օդանավակայանների շահագործողական վիճակը եւ վերագործարկման հնարավորությունները, հաշվարկվել են օդանավակայանների վերագործարկման մոտավոր ծավալները, կատարվել է շուկայի վերլուծություն, ինքնաթիռի տիպի նախնական ընտրություն: Կատարված վերոնշյալ ուսումնասիրություններն ամփոփվել են համապատասխան գրությամբ, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն եւ շահագրգիռ գերատեսչություններին,- հայտնել է Ա. Մանուկյանն ու ավելացրել,- միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ 2017 թվականից «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ում մեկնարկել են մասնավոր օդաչուի պատրաստման դասընթացները: Ծրագրի շրջանակներում կենտրոնը համալրվել է նոր համակարգչային վարժասարքերով, ինքնաթիռների նմանակման վարժասարքով, ինչպես նաեւ «Piper» տիպի օդանավով»:
Մեր կողմից հավալենք, որ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով ամրագրվել է, որ փոքր ավիացիայի զարգացման նպատակով մինչեւ 2017 թ. ավարտը նախատեսվել էր մշակել համալիր ծրագիր: Հենց դրա մասին է խոսում ՔԱԳՎ պաշտոնյան: Բացի դրանից՝ մինչեւ 2018 թ. ավարտը, ըստ նույն 5-ամյա ծրագրի, պետք է ապահովել ՀՀ փոքր ավիացիայի գործարկման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը: Այս առումով, Արսեն Մանուկյանի փոխանցմամբ, արդեն իսկ իրականացվել են որոշակի աշխատանքներ, մասնավորապես՝
-Նվազեցվել են «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում թռիչք-վայրէջքների աերոնավիգացիոն սպասարկումների (օդային երթեւեկության սպասարկում, կապ, նավիգացիա, դիտարկում, աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովում) սակագները, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի թռիչք-վայրէջքների աերոդրոմային սակագինը:
-ՀՀ կառավարության 2018 թ. փետրվարի 15-ի N143-Ն որոշմամբ՝ պաշտպանության նախարարության «Արզնի» օդանավակայանի աերոդրոմը սահմանվել է որպես համատեղ բազավորման աերոդրոմ մասնավոր օդաչուների պատրաստման ծրագրով նախատեսված ուսումնական թռիչքների իրականացման համար:
Կառավարության թիրախում գտնվող վերոնշյալ կառույցներից Գորիսի եւ Մեղրու օդանավակայանները 1997-ին հանձնվել են ՊՆ տնօրինմանը: 2001-ին ՊՆ-ին է հանձնվել նաեւ Սիսիանի օդանավակայանը: Վարչապետին հարցրել էինք, թե արդյոք հնարավոր է, որ առաջիկայում դրանք հետ վերցվեն ՊՆ-ից եւ ծառայեցվեն քաղաքացիական ավիացիայի կարիքներին կամ նվազագույնը դառնան համատեղ բազավորման (կամ օգտագործման) աերոդրոմ՝ հաշվի առնելով վերջին շրջանում քաղավիացիայի հանդեպ աճող հետաքրքրությունը Սյունիքի մարզում, ինչպես նաեւ Մեղրիում ավիաչվերթների գործարկման մասին Կ. Կարապետյանի հայտարարությունը: Արսեն Մանուկյանը սրա վերաբերյալ հայտնել է. «Փոքր ավիացիայի զարգացման եւ շուկայի աճին զուգահեռ չի բացառվում նաեւ Գորիսի, Սիսիանի եւ Մեղրու օդանավակայանների վերագործարկման հնարավորությունը»:
ՔԱԳՎ աշխատակազմի ղեկավարը նշել է. «Փոքր ավիացիայի զարգացումը կրում է շարունակական եւ երկարաժամկետ բնույթ՝ նկատի ունենալով, որ այն անմիջականորեն պայմանավորված է օդանավակայանների վերագործարկման համար անհրաժեշտ ծավալների ներդրման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացման հետ»:
Լուսանկարում՝ Գորիսի օդանավակայանը (հեղ.՝ Հակոբ Պողոսյան)
Մեկնաբանել