HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Դատախազությունը չրերի գողության համար պահանջում է 3,5 տարվա ազատազրկում

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, քննվում է երեք եղբայրներ՝ Կորյուն Առաքելյանի, Հայկարամ եւ Ստեփան Խաչատրյանների կողմից 450 կգ չորացրած մրգերի գողության գործով դատավարությունը։ Եղբայրներից Ստեփան եւ Հայկարամ Խաչատրյաններն անչափահաս են՝ համապատասխանաբար 15 եւ17 տարեկան։

Գողությունը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 10-ին Նորք-Մարաշ 16 հասցեում գտնվող չրերի պահեստարանից։

Այսօրվա նիստին հրապարակվեցին Խաչատրյան եղբայրների նախաքննական ցուցմունքները։ Դատախազ Տիգրան Պողոսյանը միջնորդեց հրապարակել Ստեփան Խաչատրյանի ցուցմունքը. նա հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ։

Նախաքննական ցուցմունքի մեջ ամբաստանյալը պատմել էր, որ իրենց կողմից վարձակալած տան հարակից տարածքից երեք անգամ չրերի գողություն են կատարել։ Առաջին անգամ Հայկարամի հետ, որի մասին ավագ եղբայրը՝ Կորյունը, չի իմացել։ Տեղեկանալուց հետո Կորյունը վաճառել է չրերը, հաջորդ` երկու անգամ մասնակցել է նաեւ Կորյունը։ Ստեփանը կանգնել է շենքի դիմաց, իսկ Հայկարամը մտել ներս.

«Երկրորդ եւ երրորդ անգամ գողությունից հետո չրերի մի մասը վաճառել ենք շուկայում, մի մասը՝ պատահական անցորդների, իսկ մի մասն էլ կերել ենք։ Գումարը վճարել ենք տան վարձակալության, կոմունալ վճարների համար»,- նախաքննական ցուցմունքում գրել էր Ստեփան Խաչատրյանը։

Հայկարամը եւս նշել էր, որ երեք անգամ են կատարել գողություն։

«Գումարային բազմաթիվ խնդիրներ ունեինք, քանի որ մեզնից ոչ մեկը այդ ժամանակ չէր աշխատում, չրի զանգվածը չենք կշռել»,- հայտնել էր ամբաստանյալը։

Դատախազ Տիգրան Պողոսյանն այսօր հանդես եկավ մեղադրական ճառով՝ հայտնելով, որ ամբաստանալները իրենց կատարած գործողություն համար ընդունել են իրենց մեղքը, տվել են խոստովանական ցուցմունքներ եւ աջակցել նախաքննությանը։

Դատախազը միջնորդեց Կորյուն Առաքելյանի նկատմամբ նշանակել պատիժ՝ 3 տարի վեց ամիս ազատազրկում՝ հաշվի առնելով նաեւ ռեցեդիվի առկայությունը եւ որպես մեղմացնող հանգամանք հաշվի առնելով անչափահաս եղբոր խնամակալությունը։ Ստեփան եւ Հայկարամ Խաչատրյանների նկատմամբ միջնորդեց կիրառել երկու տարի ժամկետով պատիժ եւ հաշվի առնել Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:  

Տուժող Սոնա Տոնոյանը որեւէ պահանջ չունի եղբայրների նկատմամբ:

Այսօրվա նիստին հայտնեց, որ խնդրում է դատարանից հնարավորինս մեղմ պատիժ նշանակել տղաների նկատմամբ, քանի որ հաշվի է առնում նրանց սոցիալական վիճակը։

Կորյուն Առաքելյանի պաշտպան Անուշ Մխիթարյանը հանդես եկավ ճառով եւ խնդրեց դատարանին կիրառել սոցիալական արդարություն.

«Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարադատությունը եւ նպատակ ունենալ վերադաստիարակել անձանց, ոչ թե միայն պատժել»,- հայտնեց հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը, թեեւ ավելացրեց, որ իր պաշտպանյալը հանցագործությունը կանխելու փոխարեն ինքը եւս հանցակից է դարձել։

Ամբաստանյալ Կորյուն Առաքելյանը ժամանակ խնդրեց իր ճառին նախապատրաստվելու համար, ուստի դատավոր Գագիկ Պողոսյանը նիստը հետաձգեց։ Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 4-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter