HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ելք»-ի հեղինակած 2008 թվականի Մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ հայտարարության նախագիծը մերժվեց

Խորհրդարանում քվեարկության ներկայացվեց «Ելք» խմբակցության հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» հայտարարության տեքստը: Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ նախաքննության մարմնի իրավասության ներքո որևէ ապացույց չկա այն մասին, թե ինչպես է 2008թ. մարտին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել, ցուցարարները ավտոմեքենաների հետևից դուրս են եկել, կրակել զինվորականների ուղղությամբ, ապա թաքնվել:

«Հետևաբար պետք է կանչել Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության, որ պարզաբանի, թե ինչի հիման վրա է նա նման հայտարարություն արել»,- ասաց նա: Վարման կարգով խոսեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ասելով, որ իրենք ևս  կիսում են 2008 թ-ի Մարտի մեկի զոհերի հարազատների վիշտը:

«Բայց, ելնելով ներկայացված նախագծի տառացի մեկնաբանությունից, որտեղ պահանջ կա ԱԺ-ի կողմից իրավապահ մարմիններին որոշակի դատավարական գործողություններ կատարել որոշակի ժամկետում, մենք այստեղ խորհրդարանական վերահսկողությունը չպետք է տարածական մեկնաբանության ենթարկենք, որ դա արտահայտի իշխանության տարանջատման սկզբունքի ձևով, այսինքն՝ Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման վտանգ ենք տեսնում, ուստի չենք մասնակցի քվեարկությանը»,- մանրամասնեց պատգամավորը:

Նախկին գլխավոր դատախազ, ԱԺ Պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը ևս խոսեց վարման կարգով։ «Վերջակետ դնեմ Քոչարյանի հարցաքննության այս բոլոր երկխոսություններին: Բոլոր ձայնագրությունները, որի մասին խոսել է Քոչարյանը որպես երկրի նախագահ, քրեական գործում կան, քրեական գործի նյութերին ծանոթանալու իրավունք՝ անկախ մարտահրավերներից ո՛չ դուք ունեք պարոն Փաշինյան, ո՛չ ես, ո´չ էլ որևէ մեկը այստեղ նստածներից: Դրանք քրեական գործի մաս են, և քննությունը դրանով իրականացվում է»,- ասաց նա:

Հայտարարության նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց 9 կողմ, 56 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբկողմ քվեարկեցին միայն նախագծի հեղինակները՝ «Ելք» խմբակցության պատգամավորները։

Քվեարկությունից հետո կրկին վարման կարգով ձայն խնդրեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ չի կարող լինել որևէ տեսագրություն և ապացույց, որ որևէ ցուցարար որևէ մեկի վրա կրակել է: Ընդդիմադիր պատգամավորը նաև հավելեց, որ հայտարարության տեքստի վերաբերյալ որևէ խմբակցություն առաջարկով հանդես չի եկել:

Փաշինյանին հակադարձեց Գևորգ Կոստանյանը «Փաշինյանը, որ ասում է, պաշտոնապես պնդում է՝ որևէ ձայնագրություն չկա, չեմ կարծում, որ կարող է պաշտոնապես պնդի, թե քրգործի նյութերում ինչ կա, ինչ չկա, հետևաբար ես, անկեղծ ասած, դիտում եմ անպատասխանատու հայտարարություն»:

Նիկոլ Փաշինյանը շարունակեց «Ով կարող է հակառակն ապացուցել, խնդրեմ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter