HY RU EN

Սեդա Ղուկասյան

Նախարարը՝ ատամնաբուժական ոլորտի փոփոխությունների մասին (տեսանյութ)

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց ատամնաբուժության ոլորտի փոփոխությունների հետ կապված քաղաքացիների դժգոհությունների մասին:

«Իմ ձեռքի տակ նամակներ են, որոնց հեղինակները քաղաքացիներ էին, ովքեր պիտի օգտվեին պետպատվերի ծառայությունից, արձանագրում են, որ բուժհաստատությունները հիմա իրենց չեն սպասարկում՝ պատճառաբանելով, որ պետպատվերի պայմանագրերը մինչև հիմա կնքված չեն։ Եւ երկրորդը՝ ատամնաբուժարանները բողոքում են էլեկտրոնային համակարգին միանալու կապակցությամբ, քանի որ տարեկան երկու միլիոն հավելյալ ծախս է լինելու իրենց համար»,- ասաց պատգամավորը։

Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք նախարարությունը մտավախություն չունի, որ այս քաղաքական փոփոխությունների արդյունքում կլինի այն, ինչ եղավ սրտի ստենդավորման դեպքում, երբ շատ քաղաքացիներ սրտի վիրատահությունը սկսեցին կատարել հարևան Վրաստանում։

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատասխանեց, որ 1600 բուժհաստատություն է գրանցված էլեկտրոնային առողջապահության համակարգում, որից 392-ն ատամնաբուժական հիմնարկներն են։

«Ձեր հարցին պատասխանելով՝ կարող եմ ասել՝ ինչքան էլ վախենալու չթվա երկու միլիոն թիվը, այն չի կարող գերազանցել շրջանառության 1,5%-ը։ Մյուս կողմից, բանակցությունները դեռ ավարտված չեն, և դժվար է ասել այդ թվերի ճշգրտության մասին։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե գները կթանկանան, թե չէ, դուք գիտեք, որ ատամնաբույժն աշխատելու համար պիտի ունենա մինիմալ սանիտարական պայմաններ, պետք է ունենա իր գործիքները, որոնց թվում են նաև համակարգիչը և վերահսկողության նպատակով սարքավորումներն ու նյութերը»,- պատասխանեց նախարարը։

Ալթունյանը վստահեցրեց, որ պարբերաբար հանդիպում է պետպատվերի շրջանակում աշխատող բուժկենտրոնների ղեկավարների հետ: «Իրենք երաշխավորում են, որ այն շրջանակներում, որով այս տարի սահմանված են պետպատվերի ծառայությունները, իրենք չեն դադարեցնի»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տեսանյութը՝ Parliament.am կայքի ուղիղ հեռարձակումից։