Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի դեսպանի հետ
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-իտալական բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի և ավանդի համար՝ ընդգծելով հատկապես մշակութային համագործակցությունն աշխուժացնելու ուղղությամբ Ջովաննի Ռիչուլիի դերակատարությունը, որը դրսևորվել է Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ծրագրերին նրա գործուն աջակցությամբ: Սարգսյանը կարևորել է նաև վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններում արձանագրված դրական դինամիկան, որի արդյունքում աճել են առևտրաշրջանառության ծավալները, ավելացել են Հայաստանում իտալական ներդրումները:
Դեսպան Ռիչուլին շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին գնահատանքի ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, թե ուրախ է, որ որպես դեսպան իր վերջին առաքելությունը կատարել է հենց Հայաստանում՝ հնամենի պատմություն և մշակույթ ունեցող մի ժողովրդի երիտասարդ պետությունում: Նա վստահեցրել է, որ ապագայում անպայման կվերադառնա Հայաստան:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Իտալիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների և ներուժի շուրջ:
Մեկնաբանել