ՊՆ-ն հրապարակել է ակադեմիական տարկետման իրավունք ստանալու համար ռազմական պատրաստություն անցնելու կարգը
Պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգի» մասին որոշման նախագիծը։ Այն ներկայացված է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում։
Նախագծի համաձայն՝ սահմանվում են այն ռազմաուսումնական հաստատությունները, որտեղ օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիները կարող են անցնել զինվորական պատրաստություն:
Հիշեցնենք, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական փաթեթը, որով ակադեմիական տարկետում տրամադրելու հարցը խստացվում է։ Այսուհետ տարկետման իրավունք կարող են ստանալ միայն այն քաղաքացիները, որոնք ՊՆ-ի հետ կկազմեն քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՊՆ-ի կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին։
Ըստ նախագծի՝ իրականացվելու է դասակի հրամանատարների պաշտոնների համալրման պատրաստությունը՝ նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Լինելու են մոտոհրաձգային, հրաձգային կամ հրետանային դասակների հրամանատարների պատրաստման ծրագրեր: Զինվորական պատրաստության ժամկետը 2 տարի 6 ամիս է՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության 3-րդից 7-րդ կիսամյակների ընթացքում, համապատասխան ռազմաուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված դասացուցակով, սակայն ոչ ավելի, քան շաբաթվա մեկ օրվա ընթացքում 7 ժամ:
Բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստությունն իրականացվելու է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում՝ ռազմաբժշկական պատրաստության ծրագրերով։ Այս զինվորական պատրաստության ժամկետը ևս 2 տարի 6 ամիս է՝ ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավարի կողմից սահմանված կիսամյակների ընթացքում և օրերին:
Զինվորական պատրաստության ուսումնական ծրագրերը մշակվում և հաստատվում են նախարարության կողմից: Զինվորական պատրաստության ընթացքում քաղաքացիները հանձնում են միջանկյալ ստուգարքներ: Զինվորական պատրաստությունն ավարտվում է ուսումնական ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում մինչև 30 օր տևողությամբ ուսումնական հավաքներով, որից հետո քաղաքացիները հանձնում են զինվորական պատրաստության գծով ավարտական քննություններ:
Նախագծում նշվում է նաև, որ զինվորական պատրաստության ընթացքում քաղաքացիներն ապահովվում են զինվորական համազգեստով, անհրաժեշտ ուսումնական նյութերով, սակայն քաղաքացիների կողմից զինվորական պատրաստությանը մասնակցելու տրանսպորտային ծախսերը չեն փոխհատուցվում: Զինվորական պատրաստության ներգրավման օրերին քաղաքացիներն ապահովվում են մեկանգամյա սննդով՝ համապատասխան ռազմաուսումնական հաստատության կուրսանտների համար նախատեսված կարգով։
Հրապարակվել է նաև մեկ այլ նախագիծ, որով սահմանվում են, որ ակադեմիական տարկետման իրավունքի և ՊՆ-ի հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կազմելու համար կարող են դիմել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող, ինչպես նաև հանրակրթական և հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողները:
Ըստ այդ նախագծի՝ սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների հաշվառման, նրանց ընտրության, ընտրության արդյունքներով հաղթող ճանաչվածների հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու և տարկետում տրամադրելու պայմանները, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը։ Նշվում է նաև, որ նախատեսվում է նշված քաղաքացիների ընտրության գործընթացն իրականացնել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
Մեկնաբանել