Առաջինը չեմ, որ նմանություն է տեսնում բանտի ու բռնաճնշումների միջև
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Երևանի պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսում էի սովորում, երբ պրակտիկ դասերից մեկի ժամանակ, Մալաթիայի հիվանդանոցում մեզ դասավանդող բժիշկը հերթական հիվանդասենյակը մտնելուց առաջ մեզ զգուշացրեց.
-Յուրահատուկ հիվանդի մոտ ենք մտնելու՝ մոտ 20 հիվանդություն ունի:
Ուսանողներով նայեցինք իրար, զարմացած ներս մտանք: Մոտ 35 տարեկան նիհար, դեղնավուն մարդ էր պառկած, ավելի շուտ երիտասարդ-ծերուկ՝ ասես համակենտրոնացման ճամբարներից լիներ: Հերթով թոքերը, սրտի աշխատանքը լսեցինք, հարցեր էինք տալիս:
Երբ հիվանդասենյակից դուրս եկանք, մեզ դասավանդող բժիշկը պատմեց.
-Գողության հոդվածով դատված ա եղել, ազատվել ա, տուն-տեղ չունի, հարազատներ էլ, ոչ մեկը աշխատանքի չի ընդունել, մի քանի ամիս յոլա ա գնացել, մի օր էլ ուշաթափվել, ընկել ա փողոցում: Բերեցին հիվանդանոց: Ամեն օր բժիշկներով, բուժքույրներով ուտելու բան ենք բերում: Չգիտեմ՝ վերջն ինչ կլինի...
Հիշում եմ, որ այդ երիտասարդ- ծերունու վիճակը ազդել էր մեր՝ ուսանողների վրա:
Երբ մեզ տեղափոխեցին Գորիսի բանտ, տեղի աշխատակիցներից լսում էինք, որ ձմռան նախաշեմին իրենց արդեն լավ հայտնի մի քանի տասնյակ աղքատ մարդիկ մտածված ոչ մեծ ծանրության հանցանքներ են անում հատուկ բանտում հայտնվելու համար, որ գոնե քնելու տեղ ունենան ու ուտելու բան: Ճիշտն ասած, սկզբում չէի հավատում, որ նման երևույթ կա Հայաստանի բանտերում:
Հիմա պատրաստվելով Սլավոնական համալսարանի ավարտական քննություններին՝ գիտելիքներս խորացնում եմ նաև քրեաբանության ոլորտում: Մի քանի օր առաջ կարդում էի, որ դեռ Պլատոնն ու Արիստոտելը հանցավորությունն ու դրա պատճառները տեսել են հասարակության ունեցվածքային շերտավորման մեջ: Ավելի ուշ ժամանակաշրջանում Թոմաս Մորը դեռևս 16-րդ դարում՝ իր «Ուտոպիա» աշխատությունում գրել է, որ հանցավորությունը ծնվում է հասարակության չքավորությունից և ազնվականների՝ պալատականների մակաբուծությունից: Տոմազո Կոմպանելան՝ 17-րդ դարում՝ իր «Արևի քաղաքում», հանցավորության պատճառը ուղղակիորեն տեսնում էր սոցիալական չքավորության մեջ: Ի դեպ, թե՛ Կոմպանելան, թե՛ Մորը երկար տարիներ բանտարկված են եղել:
Ռադիշչևը 18-րդ դարում Ռուսաստանում հանցավորության գլխավոր պատճառը համարում էր ավատատերերի կողմից գյուղացիներին ճնշված պահելը:
Այսօր պարզ վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր բանտերում մեծամասնությունը հայտնվում է գողություն կատարելու համար՝ սնունդ, հագուստ, մեքենայի մասեր, տան ունեցվածք: Իսկ երբ այս ամենին գումարվում են նաև անարդար դատավճիռները՝ կայացված իշխանական հրահանգներով կամ մարդկանց իրենց հայացքների համար դատապարտելով, պատկերը էլ ավելի մռայլ է դառնում:
«Անարդար դատավճիռների չարիքը ոչ միայն մարդկանց ճակատագրեր է խեղում, այլև դատական սխալները, մանավանդ՝ անմեղի դատապարտումը, վերջին հաշվով, հանրությանն է վնաս պատճառում. պետությունը խոցում է ինքն իրեն: Զանգվածային են դառնում բռնաճնշումները քաղաքացիների նկատմամբ»: Այս խոսքերի հեղինակը քրեական դատավարություն դասագրքի հեղինակ Բ.Տ. Բեզլեպկինն է: Նույն միտքը նա զարգացնում է այսպես. «Մեծ սոցիալական ցնցումները մեկ անգամ չէ, որ սկսվում են քաղաքացիների բողոքներից՝ ի պատասխան պետության ճնշումների ու անարդարությունների»:
Պատահական չէ, որ 18-րդ դարի ֆրանսիական հեղափոխությունը սկսվեց «Բաստիլի» գրավմամբ, որտեղ խցերում փակված էին թագավորի ցուցումով պահվող քաղաքական բանտարկյալները: Անցած դարի 50-ականների «Խրուշչյովյան հալոցքն» էլ սկսվեց սեփական ժողովրդի նկատմամբ ստալինյան բռնաճնշումների բացահայտմամբ: Համոզված եմ, որ առաջինը չեմ, որ նմանություն է տեսնում բանտի ու բռնաճնշումների միջև:
Հիշում եմ՝ 2010-ին «Նուբարաշենի» բժիշկ Հրանտ Մուրադյանի խոսքերը՝ չեմ կարող աշխատել, իմ բժշկական պարտքը կատարել նման մթնոլորտում: Սողոմոնի ու իմ երկրորդ փախուստից հետո, երբ ինքնասպանության փորձ էի արել՝ կտրելով կոկորդս, վիրահատությունից հետո, դեռ նարկոզից դուրս չեկած, ինձ բերել էին մեկուսարան: Օրեր շարունակ ինձ պահում էին շղթայված: Բժշկին արգելում էին քանդել իմ ձեռքի շղթաները, քայլեցնել: Բայց նա հասավ նրան, որ քանդեն նառի երկաթին շղթայած ձեռքերս ու ոտքերս: Երկար ժամանակ անշարժ պառկելուց թուլացել էի: Գլխավոր բժիշկ Մուրադյանը ձեռքս բռնած քայլեցնում էր հարկում, նրա կինն էլ ապուրներ էր պատրաստում, որը խողովակով ինձ կերակրում էր բժիշկ Մուրադյանը. չգիտես՝ ինչու, արգելել էին իմ հարազատներից սնունդ ստանալը:
Այսօր՝ 8 տարի անց, «Նուբարաշեն» բանտում, 1-2 բժիշկ է մնացել...
Ինչո՞ւ հիշեցի այս ամենը: Կարծում եմ՝ հենց նման ճնշումներից, անիրավությունից են հեռանում մարդիկ «Մեծ բանտից»: Ո՞վ է այն Մարդ-բժիշկը, ով կքանդի ոտքերից ու ձեռքերից շղթայված մեր հասարակությանը: Կգտնվեն արդյոք Մարդ-դատավորներ, ովքեր ո՛չ կասեն հրահանգներին:
Բայց մենք թեպետ հնարամիտ, բայց շատ հարմարվող ենք: Հարմարվում ենք անարդարությանը, քչերն են պայքարում, եզակիները... հիշեցի մահապատժի տարիները: Ձմեռվա կեսին որոշել էին հավաքել տաք շորերը: Մտան խուց հավաքեցին ամեն բան՝ անգամ ձմեռային կոշիկներն ու հողաթափերը, թողեցին միայն ամառայինները: Մի խցակից կար՝ իր ամառային վերնաշապիկը երկու կես արեց, փաթաթեց- կապեց ոտքերին: Երբ այդպես քայլում էր՝ մարդու հա՛մ ծիծաղն էր գալիս, հա՛մ՝ լացը: Հետո շատերս հետևեցինք նրա օրինակին ու այդպես անցկացրեցինք 20 տարի առաջվա՝ 1998-ի ձմեռը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել