ՇՊՀ ռեկտորի սխալականության չափն ու դասախոսների հետագա ճակատագիրը կորոշի դատարանը
Շիրակի պետական համալսարանում մարտի 24-ին կայացավ հոգաբարձուների խորհրդի եւ գիտական խորհրդի ընդլայնված նիստ: Նիստին մասնակցում էր ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: Նիստը դռնփակ էր: Հիմնադրամի կատարած մեկ տարվա աշխատանքների հաշվետվությունը լսելու հնարավորություն չունեցան ոչ միայն լրագրողները, այլեւ բուհի ուսանողները: Համալսարանի բակում եւ ներսում հսկող ոստիկաններ, այդ թվում՝ «Հրեշտակների գումարտակ»-ի ծառայողներ կային:
Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու՞ էր բուհի ղեկավարությունը նման խիստ միջոցների դիմել եւ ինչի՞ց էր զգուշանում: Լրագրողներին խնդրել էին ներկայանալ լրագրողական վկայականներով, հետո պիտի պարզվեր, որ դասի եկած ուսանողների մի մասին, անգամ համապատասխան փաստաթուղթ ցույց տալուց հետո, ոստիկանները ներս չէին թողել:
Երկու ժամ տեւած նիստից հետո Լեւոն Մկրտչյանն ու Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեցին բուհի ուսանողների եւ լրագրողների հետ: Մամլո ասուլիսին ներկա չէր բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը, հետեւաբար շատ հարցեր, որոնք ակնկալում էին կոնկրետ պատասխաններ, այդպես էլ չհնչեցին: Լրագրողները փորձեցին որոշակի պատասխաններ ստանալ հոգաբարձուների խորհրդի նախագահից եւ նախարար Մկրտչյանից:

Ներկաներին առավել հետաքրքրում էր, թե ինչ ճակատագիր է սպասվում աշխատանքից ազատված դասախոսներ Հովհաննես Խորիկյանին եւ Գագիկ Համբարյանին: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ, իր տեղեկություններով, ռեկտորի որոշումը դասախոսները պատրաստվում են վիճարկել դատական ատյաններում, եւ իրենք կսպասեն դատարանի վճռին: «Երբ դատարանը որոշի, որ ռեկտորը սխալվել է, մենք նրան պատժելու հարցը կդնենք»,- հավելեց Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով որ հոգաբարձուների խորհուրդը չի կարող բեկանել ռեկտորի որոշումները: Վերջինս տեղեկացրեց, որ Խորիկյանը եւ Համբարյանը իր հետ հանդիպելու, ստեղծված իրավիճակը քննարկելու ցանկություն չեն հայտնել:
Նախարար Լևոն Մկրտչյանը պատրաստ էր ի պաշտոնե հանդիպել երկու դասախոսների հետ էլ, սակայն որպես անձ՝ կգերադասեր զրուցել ու շփվել միայն Հովհաննես Խորիկյանի հետ: Նախարարը պատճառաբանեց, որ չի հասկանում համացանցում դասախոս Գագիկ Համբարյանի պահվածքը: «Մարդկանց անձնական վիրավորանք հասցնելու այդ միտումները ես չեմ հասկանում: Նույն Խորիկյանն իրեն ավելի պարկեշտ է պահում, քան Համբարյանը, եւ ես որպես անձ ավելի սիրով կհանդիպեի Խորիկյանի հետ, ում նաեւ շատ գնահատում եմ»,- նկատեց Լեւոն Մկրտչյանը:
«Այդ խնդիրներն աճեցին միայն այն պատճառով, որ ժամանակին բարձրացված հարցերին պատասխաններ չտրվեցին ու քայլեր չձեռնարկվեցին»,- հակադարձեց ուսանողներից Աշոտ Թադեւոսյանը՝ նկատելով, որ գուցե բուհի խնդիրները մնային բուհի պատերի ներսում, եթե արդեն իսկ սեպտեմբերին բարձրացված հարցերին տրվեր համարժեք պատասխան: Ուսանողները խոսեցին նաեւ բուհում եղած պառակտումների, միջանձնային լարված փոխհարաբերությունների մասին՝ հայտնելով, որ ռեկտոր Սահակ Մինասյանը չի հանդուրժում այլակարծությունը:

Նախարարը շեշտեց, որ պատրաստ է կրկին այցելել Շիրակի պետական համալսարան, հանդիպել ուսանողների հետ եւ քննարկել առկա հիմնախնդիրները: «Որպես կրթության եւ գիտության նախարար, ինձ համար անչափ կարեւոր է բուհի հեղինակությունը, որը ձեւավորվում է այդ հաստատությունը հարգելու միջոցով: Սա շատ կարեւոր է, հատկապես, երբ խոսում ենք համալսարանի մասին»: Նախարարը հայտնեց, որ առաջիկայում ԱԺ քննարկման է ներկայացվելու բարձրագույն կրթության մասին մի օրենք, որի կետերից մեկի համաձայն համալսարանական բոլոր պաշտոնները դառնում են ընտրովի: Այդ ընտրություններին կարող են մասնակցել նաեւ աշխատանքից ազատված դասախոսները:
Ինչ վերաբերում է բուհում արձանագրված չարաշահումների մասին ԿԳՆ ուսումնասիրություններին եւ աուդիտի արդյունքներին, ապա դրանք առաջիկայում կտեղադրվեն բուհի կայքում: Նախարարն ու պատգամավորն այդպես էլ հստակ չպատասխանեցին հարցին, թե 15 տոննա գրքի ոչնչացումն, ի վերջո, դատապարտելի քայլ է, թե՞ բուհի ռեկտորն ամեն դեպքում ճիշտ է վարվել: Կարելի էր ասել, որ ուսանողների եւ լրագրողների բարձրացրած հարցերին տրված գրեթե բոլոր պատասխաններն ընդհանրացված էին: Հանդիպման վերջում ուսխորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը հարցրեց, թե կարո՞ղ են նախարարն ու ԱԺ պատգամավորը հանդիպել աշխատանքից ազատված դասախոսների հետ, եթե ինքը հեռախոսազանգով հրավիրի նրանց համալսարան: Դրական պատասխանից հետո հանդիպման եկավ միայն Հովհաննես Խորիկյանը: Մկրտչյան-Ցոլակյան-Խորիկյան եռակողմ հանդիպումը տեղի ունեցավ առանց լրագրողների եւ ուսանողների ներկայության:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել