ԱԻՆ․ 50-ից ավելի օբյեկտներում իրականացվել է հրդեհատեխնիկական հետազոտություն
Զանգվածային լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումներին ի պատասխան՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեռևս այս տարվա սկզբին նամակով դիմել է տարբեր կազմակերպությունների և հիշեցրել, որ հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ է խստորեն կատարել հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները: Շահագործվող օբյեկտում, ըստ հաղորդագրության, պետք է անվերապահորեն կատարվեն հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջները, որոնց խախտումները կարող են հանգեցնել հրդեհի կամ տեխնածին վթարի՝ դրանցից բխող բոլոր ծանր հետևանքներով:
Նախարարությունը նշում է, որ 2018թ. սկզբից մինչ օրս ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առևտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ և այլն):
Բոլոր այն օբյեկտներում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով:
Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ օրենսդրությամբ նախատեսված են պատասխանատվության միջոցներ՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների չկատարման համար: Այսպես, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանվում է պատասխանատվություն օրենքի դրույթների խախտման համար: Իսկ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար սահմանված է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 187-րդ հոդվածով, ինչպես նաև քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածով:
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների կատարումը կապահովի հրդեհներից, տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից հասարակության և անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածության վիճակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել