
Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանում կարող է տեղադրվել միայն իրավական կարգավորումից հետո
Հայաստանի պաշտպանության նախարարության վստահեցմամբ՝ Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանման հնարավոր տեղադրումը Հայաստանում պայմանավորված է ռուսական 102-րդ ռազմաբազայի «կարգ ու կանոնի պահպանմամբ»: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական անվտանգության ապահովման համար Երևանում և Գյումրիում ռազմական ոստիկանության ստորաբաժանում է տեղադրվելու:
Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ ստորաբաժանումը կարող է տեղադրվել միայն համապատասխան փաստաթղթի ընդունումից հետո.
«Այն կարող է իրականացվել համապատասխան միջպետական համաձայնագրով՝ իրավական կարգավորմամբ»,- ասաց Հովհաննիսյանը՝ չբացառելով, որ հնարավոր է նոր համաձայնագիր լինի կամ գործող համաձայնագրում լրացումներ լինեն, բայց ստորաբաժանում կարող է տեղադրվել միայն իրավական կարգավորումից հետո:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Երևանում ևս որոշակի ստորաբաժանում ունի, դրանով էլ պայմանավորված է, որ ռազմական ստորաբաժանում կարող է լինել նաև Երևանում:
Մեկնաբանել