HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ՄԻԵԴ-ը կքննի Անդրիաս Ղուկասյանի գործով գանգատը. փաստաբանի պնդմամբ՝ խախտումները շարունակվում են

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2018-ի մարտի 21-ի գրությամբ տեղեկացրել է, որ առաջիկայում քննության կառնի Անդրիաս Ղուկասյանի գործը: Այս մասին այսօր «Իրավունքների  պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ​-ն հաղորդագրություն էր տարածել։ Դատարանը խնդրել է մինչեւ 2018թ. ապրիլի 11-ը ներկայացնել համապատասխան ապացույցներով հիմնավորված այնպիսի տեղեկատվություն, որը վկայում է դիմողի նկատմամբ կոնվենցիայի այս կամ այն հոդվածի խախտման եւ դիմողի կողմից իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման մասին: 

Տեղեկացնենք, որ 2017 թվականի փետրվարին 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել էր «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի գանգատը, ընդ որում առաջնահերթություն էր տվել, ինչը ենթադրում է, որ դատարանը պետք է կարճ ժամկետներում հարցեր ուղղեր ՀՀ կառավարությանը խախտումների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվող գանգատում առաջին անգամ բարձրացվել էր Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը: Այս հոդվածը նպատակ ունի արգելելու քաղաքական ընդդիմադիրների դեմ պետական իշխանության չարաշահումը:

Այսօր Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստին նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ 18-րդ հոդվածով, որը քաղաքական գործունեությանն է վերաբերում, օրերս ստացել են այդ գրությունը, որն առաջիկայում կքննեն.

«Նրանք նաեւ փաստաթուղթ ուզեցին, այն դատական նիստի ձայնագրությունը, որի ժամանակ դատավորը հարց էր տվել, թե արդյոք Անդրիաս Ղուկասյանն իր ընդդիմադիր գործունեությունը կշարունակի՞, եթե ազատ արձակվի։ Կառավարությունը պետք է պատասխանի, արդյո՞ք  ճիշտ է դատարանի կողմից նման հարցեր առաջադրելը, թե չէ, եւ արդյոք դա չի նշանակում, որ քաղաքական ենթատեքստը կար»,- հայտնեց պաշտպանը:

Այսօրվա դատական նիստին Կարեն Մեժլումյանը եւս մեկ անգամ հայտարարությամբ հանդես եկավ եւ նշեց, որ դատավորն իր գործողությունների մեջ կողմնակալ է եւ չի պահպանում արդարադատությունը։ Նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանն ընդհատեց փաստաբանի ելույթը՝ հայտարարելով, որ ամեն անգամ նույն հայտարարությունն է տարածում, նշելով՝ «տասն անգամ նույն միտքն արտահայտում է»։ Փաստաբանը հայտարարեց, որ ներկայացրած միջնորդությունները դատավորը անընդհատ մերժել է։

«Անդրիաս Ղուկասյանին ասացիք, եթե մեղքդ ընդունեիր, թույլ կտայի առաջինը ցուցմունք տաս, իսկ եթե չես ընդունում, թույլ չեմ տալիս։ Հաջորդ խախտումը վկաների մասին էր, թեեւ բավարարել էիք մեր միջնորդությունը՝ Եղիշե Պետրոսյանին, Լեւոն Բարսեղյանին դատարան հրավիրելու մասով, Դուք Պետրոսյանին արգելեցիք ցուցմունք տալ»,- հայտարարեց պաշտպանը։

Նա կապեց այս արգելքը նախորդ նիստին ցուցմունք տված լրագրող Ռոբերտ Անանյանի խոսքերի հետ, ով նշել էր, որ Անդրիաս Ղուկասյանին վերագրվող գործողությունները չի կատարել։ Փաստաբանն անդրադարձավ անչափահաս վկայի հարցաքննությանը՝ հայտնելով, որ դատարանում տված ցուցմունքի եւ նախաքննական ցուցմունքի մեջ կան հակասություններ.

«Միջնորդությամբ պիտի դիմեիք դատախազին՝ քրեական գործ հարուցելու որոշում կայացնելու համար, քանի որ ապացույց էր կեղծվել, քանի որ մարդն ասել էր, որ մահակներով մարդիկ ոստիկանների հետ են համագործակցում, բայց արձանագրվել էր, որ փայտերով գնացել են դեպի ոստիկանները»,- հայտարարեց Կարեն Մեժլումյանը։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ պաշտպանի հայտարարությունն իրականության հետ կապ չունի եւ դատարանի կողմից որեւէ անհիմն եւ անօրինական գործողություն չի կատարվել։

Անդրիաս Ղուկասյանը եւս միացավ պաշտպանի հայտարարությանը, նա խոսեց կալանքն այլընտրանքային խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատավորի որոշմանը, համաձայն որի՝ ազատության մեջ մնալով՝ կարող էր լուրջ վտանգ ներկայացնել հասարակության համար։

«Եթե նշեիք, որ կարող եմ լուրջ վտանգ ներկայացնել Սերժ Սարգսյանի ղեկավարած կոռուպցիոն ռեժիմին, համաձայն կլինեի։ Ձեր կոլեգաներից մեկը համապատասխան որոշում կայացնելիս նշել է, որ քանի որ ես հրաժարվում են ընդդիմադիր գործունեությունը դադարեցնելուց, ապա պետք է գտնվեմ կալանքի հետ։ Բայց սա որեւէ հիմնավորում չունի»,- հայտարարեց Ղուկասյանը (հենց այս գործով գանգատն է քննվում ՄԻԵԴ-ում-հեղ.)։

Դատավորը նշեց, որ պաշտպանական կողմի հրավիրած վկաներին ոչ ոք չի արգելել ցուցմունք տալ, իսկ փաստաբանի նշած խախտումները օրենքը չիմանալու մասին են խոսում։ Հայտնեց, որ վկայի ցուցմունքներում առկա հանցագործության տարրեր տեսնելու մասին դեռ վաղ է խոսելը, քանի որ վկաների հարցաքննությունն ավարտված չէ։

«Միայն ասելով չէ, եթե ասում եք, պիտի հիմնավորեք։ Անընդհատ ասում եք՝ հարգելի դատավոր Ձեր մեղադրանքը, դատարանը Քրեական հետապնդում իրականացնող մարմին չէ, եւ որեւէ մեկի նկատմամբ մեղադրանք չի հարուցում»,- հայտարարեց դատավոր Վարդան Գրիգորյանը։

Նրա հայտարարությունից հետո փաստաբանը նշեց, որ իր անձի նկատմամբ անձնավորված կարծիք է հայտնում նախագահողը եւ բացարկի միջնորդություն ներկայացրեց։ Իսկ Անդրիաս Ղուկասյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter