
ԿԳՆ-ն Վերնաշենի դպրոցի տնօրենի ընտրությունում որևէ խախտում չի հայտնաբերել
Կրթության և գիտության նախարարությունը Վայոց ձորի Վերնաշեն համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունում որևէ խախտում չի հայտնաբերել։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։
Նրա փոխանցմամբ՝ նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովը ուսումնասիրել է մարտի 12-ին կայացած ընտրության անցկացման փաստաթղթերն ու արձանագրությունները և եզրակացրել, որ դպրոցի տնօրենի ընտրությունն անցել է ընթացակարգի համաձայն, որևէ խախտում չի եղել։ Ուսումնասիրվել են մատյանները, քվեաթերթիկները և դպրոցի մանկավարժական խորհրդի անդամներն էլ վկայել են, որ իրենք են անցկացրել ընտրությունը։
Հիշեցնենք, որ Վայոց ձորի Վերնաշեն համայնքի միջնակարգ դպրոցում մարտի 12-ին դպրոցի տնօրենի ընտրություն էր կայացել։ 3 ձայնի առավելությամբ դպրոցի տնօրեն էր ընտրվել նույն դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Ստեփան Ստեփանյանը։ Տնօրենի պաշտոնի համար պայքարող մյուս թեկնածուն՝ Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարանի տնօրեն Վահան Աբրահամյանը, չհաշտվելով ընտրության արդյունքների հետ, բողոք է ներկայացրել ԿԳՆ՝ հայտնելով, որ դպրոցի կառավարման խորհրդի ութերորդ անդամի՝ Արեքնազ Մկրտչյանի ընտրությունը սխալ կարգով է եղել, նրա ընտրության արձանագրություններում կան անճշտություններ, նշված չէ, թե Մկրտչյանի օգտին քանի հոգի է քվեարկել, բացի այդ, խորհրդի անդամ Արեքնազ Մկրտչյանը դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանի հարսն է:
Արեքնազ Մկրտչյանի և արդեն նախկին տնօրենի ազգակցական կապի մասով նախարարությունը անօրինականության որևէ փաստ չի հայտնաբերել։ Հանձնաժողովը եզրակացությունում նշել է, որ դպրոցի արդեն նախկին տնօրենն ազատման մասին ծանուցվել է, որից հետո է կատարվել Արեքնազ Մկրտչյանի ընտրությունը։
Կրթության և գիտության նախարարությունն ուսումնասիրման արդյունքներն ու եզրակացությունը ուղարկելու է Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին, և մարզպետը պետք է որոշի արդյունքները հաստատի, թե` ոչ։ Իսկ մյուս թեկնածուն՝ Վահան Աբրահամյանը, ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար կարող է դիմել դատարան։
Ի դեպ, «Հետք»-ն օրեր առաջ նամակ էր ստացել Վահան Աբրահամյանից, ով արձագանքել էր մեր՝ մարտի 21-ին հրապարակած հոդվածին։ Վահան Աբրահամյանի նամակը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ։
«Հարգելի ‹‹Հետք››-ի գլխավոր խմբագիր պարոն Էդիկ Բաղդասարյանին
Ծանոթացա Ձեր թերթի կողմից 21.03.2018թ. հրապարակված ‹‹Ստեփան Ստեփանյանի կարծիքով ԿԳՆ-ն փորձում է այդ պաշտոնում նշանակել իր ցանկալի թեկնածուին›› հոդվածին: Որպես Վերնաշենի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ինչպես նաև տնօրենի թափուր պաշտոնի 12.03.2018թ. անցկացված մրցույթի հավակնորդ, կարծում եմ` ԶԼՄ-ների, տեղեկատվություն ստանալու մասին օրենքների շրջանակներում կարող եմ իմ կարծիքը նույնպես հայտնել Ձեր կողմից ներկայացված Ստեփան Ստեփանյանի հայտնած «կարծիքների» առիթով: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ծանոթացա դպրոցի մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյանին (արձանագրություն N:3, 23.12.2018թ.,), որտեղ պարզապես չէր նշվել, թե ով որքան ձայն է հավաքել, և արդյունքում ով է մանկավարժական խորհրդի կազմից առաջադրվել դպրոցի կառավարման խորհրդի անդամ: Մարտի 13-ին (խնդրում եմ ուշադրություն դարձնել` ընտրությունը կայացել է մարտի 12-ին) իմ աշխատասենյակից, արձանագրող քարտուղարի միջոցով հափշտակում են արձանագրությունների գիրքը, կեղծիք կատարում պետական փաստաթղթում` այնտեղ ավելացնելով մեկ տող. «Ձայները բաշխվեցին 14 կողմ և 4 դեմ», որից ևս պարզ չի դառնում, թե ով է առաջադրվել դպրոցի կառավարման խորհրդի անդամ: Մեր կողմից ներկայացվող հաջորդ աղաղակող փաստարկը վերաբերում է դպրոցի ծնողական խորհրդի արձանագրությունների մատյանում զետեղված տարօրինակ արձանագրությանը: Ծնողական խորհուրդը 29.01.2016թ. (արձանագրություն N: 13) իր նիստի օրակարգի 3-րդ կետում նշել է. ‹‹Ծնողկոմիտեի անդամներից դպրոցական խորհրդի անդամների ընտրություն››: Այնուհետև. «Տնօրենի կաբինետում կատարվեց փակ գաղտնի ընտրություն, և 8 հոգուց ընտրվեցին 2-ը», դարձյալ չկա նշված, թե ովքեր են ընտրվել և առաջադրվել դպրոցի կառավարման խորհրդի կազմում: Այս թերությունների և աղաղակող խախտումների շղթան կարող ենք շարունակել` ավելացնելով, որ խորհրդի 8 անդամներից 4-ը հարազատ բարեկամներ են, որը երբեք էլ հնարավորություն չէր ընձեռնի ընտրությունները անցկացնել հավասար պայմաններում: Բավարարվենք այսքանով, իսկ դրանք շատ-շատ են: Անկեղծ ասած՝ չակերտներում մեջբերված արձանագրություններին ծանոթանալիս, պարզապես, ոչ միայն տխուր ժպիտ է արթնանում դեմքիդ, այլև մտածում ես, թե որքան անգութ են վերաբերվել մեր ոսկեղենիկ Հայոց լեզվի նկատմամբ: Այդպիսի խախտումները այստեղ բազմաթիվ են, չեմ ուզում մանրամասնել: Այս թերությունները և աղաղակող բոլոր խախտումները արձանագրվել է համապատասխան հանձնաժողովի կողմից: «Հետք»-ի հետ զրույցում Ստեփան Ստեփանյանը նշել է, որ ես ունեմ թիկունքիս կանգնած «մեջքեր» (սա իր կողմից պարզապես զրպարտություն է), որոնց, անկեղծ ասած, տեսել եմ միայն հեռուստացույցով, որի համար անկեղծ ափսոսում եմ, որովհետև կուզենայի նաև նրանց հետ անձամբ մոտիկ լինել, որովհետև, անկեղծ ասած, նշված անուններից կրթական համակարգի շատ աշխատողներ սովորելու շատ բան ունեն: Մի քիչ իմ մասին. գերազանցությամբ ավարտել եմ միջնակարգ դպոցը: Ունեմ բարձրագույն կրթություն: 1980 թվականից մինչև 1997 թվականը աշխատել եմ որպես լրագրող, որից վեց տարին աշխատել եմ որպես «Գլաձոր» թերթի գլխավոր խմբագիր, 1983 թվականից եղել եմ ԽՍՀՄ և Հայաստանի լրագրողների միության անդամ: 1997 թվականից աշխատում եմ կրթության բնագավառում: Աշխատել եմ որպես ուսումնարանի, այնուհետև վարժարանի տնօրեն: Իմ աշխատած տարիներին ունեցել եմ շուրջ 1400 շրջանավարտ, որոնցից շատերն այսօր կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, առողջապահության բնագավառի կարևորագույն մասնագետներ են, տղաներից շատերն այսօր զարդարում են մեր Զինված ուժերի հրամանատարական կազմը: Եթե ինձ հարցնեն, թե որն է եղել ձեր աշխատանքի ամենակարևոր նվաճումը, ես միանշանակ կպատասխանեմ, որ իմ 1400 շրջանավարտներից ամենակարևորը ոչ թե առաջնային եմ համարում նրանց ստացած գիտելիքները, այլև այն, որ ոչ մի շրջանավարտ չեք գտնի՝ որը ունենա դատվածություն, ոչ մի շրջանավարտ չեք գտնի, որը գրանցված լինի նարկոլոգիական որևէ դիսպանսերում, ոչ մի դասալիք չեք գտնի՝ Զինված ուժերում, բոլոր նրանց, որոնց հասունության ատեստատում գրանցված լինի՝ Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարան: Այս բոլորը ոչ միայն իմ աշխատանքի, այլև իմ ղեկավարած կոլեկտիվի տքնաջան և արդյունավետ աշխատանքի շնորհիվ է: Ես դիմել եմ` Վերնաշենի տնօրենի թափուր պաշտոնի մրցությանը մասնակցելու, որպեսզի տարիների իմ աշխատանքը պատվով շարունակեմ: Ես այստեղ չեմ եկել դրամ վաստակելու, ինձ ճանաչողները այդ մասին կվկայեն: Ես շարունակել և շարունակում եմ իմ տոհմի ավանդույթները: Ես անկեղծ սիրում եմ իմ աշխատանքը, երեխաներին, որովհետև նրանք են մարդկության ամենաանկեղծ ներկայացուցիչները: Վերջում ուզում եմ թերթի միջոցով հռետորական հարց տալ Ձեր տասնյակ հազարավոր ընթերցողներին: Եթե ես լինեի Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարի, Վայոց Ձորի մարզպետի, հոդվածում նշված ՀՀ ԿԳ նախարարության Հանրակրթության վարչության պետի «մարդը», ի՞նչ եք կարծում ընտրությունում կամ տնօրեն նշանակվելու հարցում միթե կբախվեի այսքան խնդիրների հետ: Եվս մեկ նկատառում: Կրթության բնագավառում իմ աշխատանքային օրերը հագեցած են: Անկեղծ, չեմ ուզում գրիչ վերցնել և սկսել զբաղվել կեղտոտ լվացքը դուրս հանելու մեթոդներով, այդ գործը իմը չի եղել երբեք: Ցանկացողները կարող են ծանոթանալ իմ խմբագրած թերթի արխիվային բոլոր նյութերին: Ես անաչառ եմ և անկողմնակալ` բոլոր հարցերում»:
Հարգանքներով՝ Վ. Աբրահամյան
23.03.2018թ.
Լուսանկարը՝ vernashen.schoolsite.am-ից
Մեկնաբանել