HY RU EN

Արաքս Մամուլյան

Չարբախցի Գեղամը պնդեց, որ տան մեջ մարդ չեն ծեծում, իսկ Նորատուսցի Ալիկը հրաժարվեց ցուցմունք տալ

«Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում տեղի ունեցած սպանության գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը, ով հայտնի է որպես «Չարբախցի Գեղամ»: Մյուս երկու ամբաստանյալները՝ Ալիկ Բանդուրյանն ու Արմեն Գասպարյանը հրաժարվեցին ցուցմունք տալ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու անձ է սպանվել՝ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել երեք անձ՝ Պետրոս Իսրայելյանը, ով հայտնի է որպես Չարբախցի Գեղամ, Ալիկ Բանդուրյանը, ով հայտնի է որպես Նորատուսցի Ալիկ, և Արմեն Գասպարյանը, ով հայտնի է Բդո մականունով:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև եղած լարված հարաբերություններից, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել: Ապա, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն Մուշեղյանն ինքնապաշտպանության է դիմել, և նրա հետ վիճաբանող անձինք ուղղակի դիտավորությամբ նրան զրկել են կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև դրա մասնակից Գևորգ Ավետիսյանը, ով Պետրոս Իսրայելյանի մտերիմներից է եղել: Ամբաստանյալ Արմեն Գասպարյանը, ըստ մեղադրանքի, իմացել է նախապատրաստվող հանցագործության մասին, սակայն այդ մասին իրավապահներին չի հայտնել:

Կոնֆլիկտի պատճառը, ըստ գործի նյութերի, եղել է Արա Վարդանյանի գումարը:

Պետրոս Իսրայելյանը դատարանում հայտնեց, որ դեպքից որոշ ժամանակ առաջ այս գործով վկա Ռուբեն Խաչատրյանի հետ գնացել է Արա Վարդանյանին հիվանդատես (Արա Վարդանյանը հայտնի է Ճվճվ Արո անունով. այս գործով վկա է եղել, ով այժմ մահացել է ,-հեղ.):

Խոսակցությունների ժամանակ, ըստ Պետրոս Իսրայելյանի, Արա Վարդանյանն այս գործով մեկ այլ վկայի՝ Լևոն Մեսրոպյանին (հայտնի է որպես Վարդենիսցի Լյով ,-հեղ.) ասել է, որ վարդենիսցի մեկն իրեն գումար է պարտք (խոսքն այս գործով վկա Վահագն Մանուկյանի մասին է, ով հայտնի է որպես Վարդենիսցի Վահագն ,-հեղ.) և խնդրել է գտնել նրան, վերջինս էլ խոստացել է հետաքրքրվել:

Արա Վարդանյանը խոսել է 2000 դոլար գումարի մասին, սակայն քիչ անց, ըստ Պետրոս Իսրայելյանի, Լևոն Մեսրոպյանին է մոտեցել Արա Վարդանյանի մտերիմ Մուշեղ Մուշեղյանն ու ասել, որ գումարը ոչ թե 2000 այլ 20 000 ԱՄՆ դալար է: Օրեր անց, ըստ Պետրոս Իսրայելյանի, իր տուն է եկել Վահագն Մանուկյանն ու ասել, որ ինքն Արա Վարդանյանին 2000 դոլար է պարտք, ինչպես նաև նշել, որ պարտքը կտա:

Այնուհետև գումարի վերաբերյալ ինչ-որ խոսակցություն է եղել Պետրոս Իսրայելյանի մտերիմներից Արամ Պետրոսյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև: Ըստ Իսրայելյանի ցուցմունքի՝ Մուշեղ Մուշեղյանը Արամ Պետրոսյանի հետ կոպիտ է խոսել:

Արամ Պետրոսյանն ու Մուշեղ Մուշեղյանն, ըստ Պետրոս Իսրայելյանի ցուցմունքի, պայմանավորվել են դրսում որևէ տեղ հանդիպել, և ինքը նույնպես որոշել է գնալ հանդիպմանը, սակայն հետագայում որոշվել է հանդիպումն անցկացնել ոչ թե դրսում, այլ Պետրոս Իսրայելյանի կնոջը պատկանող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում, որի մասին խոսելիս Պետրոս Իսրայելյանն այն անվանում էր «մեր տունը»:

Ըստ Պետրոս Իսրայելյանի ցուցմունքի՝ իրենք իրենց տանն են եղել, երբ Մուշեղ Մուշեղյանը, դուռն ուժեղ բացելով, ներս է մտել:

«Հետո Գևորիկս, ոնց որ իմ տղեն ա եղել, ասաց՝ էս ի՞նչ ձև ես մտնում, հետո քֆուր, կրակոց, Գևորիկը հանեց դանակը, փաթաթվան իրար: Կրակոցների ժամանակ, չեմ հիշում՝ ոնց եղավ, մի պահ դուրս եկա, հետո վերադարձա, տեսա Գևորիկին` ընկած, տարանք հիվանդանոց: Էսա եղել սաղ պատմությունը: Իսկ թե մեղադրող կողմն ինչո՞ւ է մեզ սարքում մարդասպան, ես չեմ կարող հասկանալ: Ես ճիշտ մարդ եմ, ճիշտ ապրած տղա եմ: Սաղ կյանքս նենց եմ արել, որ մեկը մեկի ոտքը չտրորի».- դատարանին հայտնեց Պետրոս Իսրայելյանը:

Վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանը հարցրեց` եթե Իսրայելյանն իսկապես Մուշեղ Մուշեղյանին ծեծելու, սպանելու նպատակ ունենար, դա կանե՞ր իր տանը:

«Ես չեմ պատկերացնում: Ես հյուր հարգող տղա եմ: Իմ համար տունը շատ թանկ բան ա: Ես տան մեջ անգամ ձայնս չեմ բարձրացնի: Տան մեջի մարդուն հարգում են, տան մեջ մարդ չեն ծեծում: Կարող ա մեղադրողը տենց բաներ ունի, տան մեջ մարդ ա ծեծում»,- ասաց Պետրոս Իսրայելյանն ու դատարանի կողմից նկատողություն ստացավ մեղադրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:

Պետրոս Իսրայելյանը հրաժարվեց պատասխանել մեղադրող կողմի հարցերին, սակայն մեղադրողները, այնուամենայնիվ, մի քանի հարց հնչեցրին:

Մեղադրող Արգիշտի Քյարամյանը կրկնեց Պետրոս Իսրայելյանի խոսքերը՝ ճիշտ ապրելու մասին ու խնդրեց պարզաբանել, թե ո՞րն է ճիշտ ապրելը՝ ըստ Պետրոս Իսրայելյանի:

«Միջնորդում եմ հնարավորություն տալ քիչ առաջ ցուցմունք տված անձին պարզաբանել, թե ի՞նչ է նշանակում «ճիշտ աբրել», և «ճիշտ աբրող մարդ» հասկացությունները,- դատարանին դիմելով՝ ասաց Արգիշտի Քյարամյանը, սակայն Պետրոս Իսրայելյանն, ինչպես մեղադրող կողմի մյուս հարցերին, այս հարցին ևս չպատասխանեց:

Մի քանի հարց հնչեցնելուց ու պատասխաններ չստանալուց հետո մեղադրող կողմն այլևս հարցեր չհնչեցրեց, հարցեր չտվեց նաև դատավոր Նելլի Բաղդասարյանը:

Ալիկ Բանդուրյանն ու վերջինիս թիկնապահը՝ ամբաստանյալ Արմեն Գասպարյանը, հրաժարվեցին ցուցմունք տալ, և դատարանը հրապարակեց նրանց նախաքննական ցուցմունքները:

Ալիկ Բանդուրյանը դեպքից հինգ օր անց հարցաքննվել է որպես կասկածյալ, ասել` քանի որ կասկածանքն իր հետ առնչություն չունի, չի կարող դրա վերաբերյալ որևէ հանգամանք հայտնել:

Հետաքրքիր է, որ Ալիկ Բանդուրյանը հայտնել է, թե Գեղամին չի ճանաչում, խնդրել, որ իրեն նրա վերաբերյալ որոշ մանրամասներ հայտնեն, և երբ քննիչն ասել է, որ Գեղամն ապրում է Չարբախում, Բանդուրյանն ասել  է, թե չարբախցի իր ծանոթների մեջ չկա «Գեղամ» անունով անձ:

Դեպքի օրը, ըստ Ալիկ Բանդուրյանի, ինքը Դիլիջանում է եղել:

Բանդուրյանը հայտնել է նաև, որ Մուշեղ Մուշեղյանին ճանաչել է, սակայն շուրջ երկու տարի է՝ նրա հետ առնչություն չի ունեցել: Ասել է նաև, որ Մուշեղ Մուշեղյանի մահվան մասին իմացել է մահվանից մի քանի օր անց:

Բանդուրյանը երեք անգամ էլ հարցաքննվել է որպես մեղադրյալ ու հրաժարվել ցուցմունք տալուց: Հայտնել է միայն, որ մեղադրանքն անհիմն է, շինծու և անօրինական:

Մեղադրյալի կարգավիճակում հարցաքննություններից մեկի տակ Բանդուրյանը հրաժարվել է ստորագրել՝ առանց պատճառաբանություններ ներկայացնելու:

Ամբաստանյալ Արմեն Գասպարյանն, ով այժմ մեղադրվում է նախապատրաստվող հանցագործության մասին իմանալու և դրա մասին իրավապահներին չհայտնելու մեջ, գործի նախաքննության սկզբնական շրջանում հարցաքննվել է  սպանության կազմակերպման և դրդչության կասկածանքով: Ամբաստանյալն, ինչպես արդեն նշել ենք, հայտնի է «Բդո» մականունով: Նախաքննական ցուցմունքներում էլ ստորագրել էր ոչ թե «Արմեն», այլ «Բդո Գասպարյան»:

Պարզվեց, Արմեն կամ, ինչպես նախաքննական ցուցմունքում է ասված, Բդո Գասպարյանը նույնպես հայտնել է, որ դեպքի օրը Դիլիջանում է եղել: Նշել է նաև, որ Պետրոս Իսրայելյանի հետ ծանոթացել է վերջինիս պատկանող ավտոլվացման կետում, իսկ վերջին անգամ նրա հետ հանդիպել է մոտ մեկ շաբաթ առաջ:

Ըստ Գասպարյանի՝ Պետրոս Իսրայելյանը կամ վերջինիս որդին մեքենա են վաճառելիս եղել, և ինքն այդ հարցով է հանդիպել Իսրայելյանին: Առաջադրված մեղադրանքում Արմեն Գասպարյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Այսպիսով՝ ամբաստանյալների հարցաքննությունն այսօր ավարտվեց:

Դատարանը մի քանի դատական նիստերի ընթացքում փորձել է ապահովել այս գործով իրեղեն ապացույց ճանաչված և Պետրոս Իսրայելյանի կնոջը պատկանող մեքենայի զննությունը դատարանի վարչական շենքի տարածքում, որը, սակայն չի հաջողել: Մեքենան պահվում է ճանապարհային ոստիկանությունում, և ՃՈ-ից մեղադրող դատախազներին բանավոր կերպով հայտնել էին, որ հնարավոր չէ առանց վնասելու այն հասցնել դատարան, ուստի դատարանը որոշեց հենց տեղում՝ մեքենայի պահման վայրում այն զննել: Ալիկ Բանդուրյանի պաշտպանները դիրքորոշում  հայտնեցին, որ մեքենայի զննությունը հնարավոր է անցկացնել առանց Բանդուրյանի: Այսպիսով, վերջինս չի մասնակցի այդ իրեղեն ապացույցի զննությանը:

Նշենք, որ Բանդուրյանը այս գործով դատաքննության սկսվելուց առաջ վիրահատվել է և առ այսօր դատական նիստերի դահլիճ է բերվում անվասայլակով:

Դատական հաջորդ նիստը ապրիլի 3-ին է: