HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Թերթերի եկամտի հիմնական աղբյուրը հայտարարությունն է

Վանաձորյան երկու թերթերի տպագրության բավականին մասը` «Վանաձորյան խճանկար» թերթի 24 էջից 10-ը,իսկ «Լոռու մարզ» թերթի 1 տպագրական մամուլի կեսը հայտարարություն է: Լուրերի առատության դեպքում էլ «Լոռու մարզը» պահպանում է այդ կառուցվածքը կամ լույս է տեսնում 2 տպագրական մամուլով:

«Վանաձորյան խճանկար» թերթի հիմնադիր Հայկազ Սիմիկյանն ասում է, որ  հայտարարությունը նույնպես լուր է, որը կարևոր տեղեկատվություն է հաղորդում քաղաքի մասին:

«Ով է ասում, որ ինֆորմացիա չէ,-ասում է,-Մարդը առնել-ծախելու բան չունի, բայց ինֆորմացիա է ստանում, թե քաղաքում ով ինչ է վաճառում, մոտավորապես ինչ կարգի գներ են»:

Հայտարարությունները ճիշտ կարդալու դեպքում, նրա խոսքով, կարելի է որոշակի եզրակացությունների հանգել և նույնիսկ վիճակագրություն կատարել: Ասենք, թերթում հայտարարությունները շատացել են, նշանակում է` ժողովրդի վիճակը վատացել է. սկսել են շատ բան վաճառել: Եթե միաժամանակ տուն են վաճառում և գույք, նշանակում է` հեռանում են երկրից: Հայկազ Սիմիկյանի վիճակագրությամբ`Վանաձորում գնորդ միանշանակ չկա, բոլորը վաճառող են:

Հայկազ Սիմիկյանը պատմում է, որ երբ «Վանաձորյան խճանկարում» սկսեցին հայտարարություններ տպագրել, անշարժ գույքի գործակալությունների «հացը խլելով», թերթի և նրանց միջև «պատերազմ սկսվեց»: Եթե մինչ այդ գործակալությունները, նրա խոսքով, «մարդ էին կպցնում» և վաճառքից միջնորդավճար աշխատում, ապա հայտարարություններով ուղղակի կապ ստեղծվեց գնորդի և վաճառողի միջև: Դրանից հետո գործակալությունները դիմում էին առաջարկությամբ`»ինչքան փող տան», որ մինչև տպագրվելը ծանոթանան հայտարարություններին: Ու դեռ զարմանում էին, թե ինչու Հայկազ Սիմիկյանը գործակալություն չի բացում, չէ որ նախապես է իմանում «լավ» ապրանքների մասին, ինքը կարող է առքուվաճառք անել:

«Ես իմ ընթերցողին չեմ խաբում: Անգամ ծանոթներս որ գալիս են ասում` տների ցանկ տուր, ասում եմ` կտպվի կկարդաս: Տեղեկություն դուրս չենք տալիս»,-ասում է Հայկազ Սիմիկյանը` այլ հարաբերություններից ավելի կարևորելով ընթերցողի և պատվիրատուի վստահությունը:

Թեպետ «Վանաձորյան խճանկարը» համարվում է հայտարարությունների թերթ, որտեղ հայտարարության գինն էլ ավելի ցածր է, քան տեղական մյուս` «Լոռու մարզ» թերթում, սակայն, «Լոռու մարզի» խմբագիր Մանվել Միկոյանի ասելով, այս հարցում թերթերի միջև մրցակցություն չկա, նրանց «հաճախորդները քիչ են համընկնում»:

Խմբագրի խոսքով` «Լոռու մարզում» հայտարարության գինը զեղչվում է մինչև 50%: «Հարմարվում ենք գները: Չի եղել, որ լեզու չգտնենք»,-ասում է Մանվել Միկոյանը:

Հայտարարությունից բացի տեղական թերթերը եկամուտ են ստանում գովազդից և վաճառքից: «Վանաձորյան խճանկարը» միայն հատավաճառքով է իրացվում, բաժանորդագրություն չի կազմակերպում, ինչը թերթի տնօրենը պատճառաբանում է «տեղ հասցնելու» տեխնիկական խնդրով: Այնինչ «Լոռու մարզը» 70 %-ով իրացվում է բաժանորդագրությամբ: Թերթը տարածվում է «Պրես ստենդ», «Հայմամուլ» և «Հայփոստ» կազմակերպությունների միջոցով: Բաժանորդագրության 70 %-ը «Հայփոստն» է կազմակերպում, և նրան վճարվող տոկոսները համեմատաբար բարձր են («Հայփոստին» է փոխանցվում յուրաքանչյուր վաճառվող թերթի 30 %-ը, «Հայմամուլին» և «Պրես Ստենդին»` 20 %-ը):

Մարզի ոչ մի համայնք չի հրաժարվում թերթի բաժանորդագրությունից: Սակայն բաժանորդագրման`տարիների պարտքեր ունեն կուտակած:

«13 տարվա մեջ չեմ հիշում մի դեպք, որ համայնքները 1 միլիոնից պակաս մեզ պարտք ունենան»,-ասում է խմբագիրը:

Մանվել Միկոյանը դա վերագրում է համայնքի ղեկավարների անպարտաճանաչությանը` բերելով հետևյալ օրինակը. Շամլուղ համայնքը բնակչության թվով 2-3 անգամ փոքր է Մեծավանից, սակայն Մեծավանը պարտքեր ունի, իսկ Շամլուղը ոչ միայն պարտք չունի, այլև հայտարարությունների համար գերավճար է մուծել:

Հակառակ պարտքերին` թերթը չի կորցնում իր բաժանորդներին: «Չենք ուզում խզենք հարաբերությունները իրենց հետ, որովհետև նաև քանակի հարց ունենք, չենք ուզում տպաքանակը փոքր լինի»,-բացատրում է խմբագիրը:

Այսքան ժամանակ թերթը միայն մեկ անգամ է դիմել դատարան` պարտավորեցնելով Խնկոյան գյուղին վճարել բաժանորդագրման 2 տարվա` 32 հազար դրամ պարտքը:

Պարտքերի հավաքագրման հարցով թերթը դիմում է մարզի ղեկավարությանը: Ինչպես խմբագիրն է ասում, հատուկ վարչարարական մեթոդներ չկան, և, նրա ասելով, չեն էլ կարող լինել, քանի որ թերթի բաժանորդագրությունը «ստիպողաբար չէ, կամավոր է»: Սակայն մարզպետը պարբերաբար զգուշացնում է համայնքապետերին պարտքերը վճարելու մասին:

«Հայտարարություն եմ անում մարզխորհրդի նիստում, մարզպետն էլ ասում է մեծ գումար չէ, մարզային այդ մեկ լրատվամիջոցն ունենք»,-ասում է խմբագիրը և հաստատում, որ դա «դեր խաղում է»:

Բացի իր եկամուտներից` «Վանաձորյան խճանկարը» կողմնակի ֆինանսավորվում չունի: «Ո՞ր բիզնեսին են հովանավորում. ոնց որ ունենաս փուռ, քեզ գան հովանվորեն»,-ասում է Հայկազ Սիմիկյանը:

Իսկ «Լոռու մարզը» տարեկան մինչև 1 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն է ստանում պետական և տեղական բյուջեներից: Լոռու մարզպետարանի կողմից ֆինանսական հատկացումը, Մանվել Միկոյանի պարզաբանմամբ, կառավարության տողով ոչ պետական մամուլի համար նախատեսված աջակցություն է: (Նշենք, որ «Լոռու մարզը» 51 %-ով մարզպետարանին է պատկանում): Վանաձորի քաղաքապետարանը թերթին աջակցում է սեփական` համայնքային միջոցներից, որի դիմաց թերթն անվճար տպագրում է քաղաքապետարանի հայտարարությունները:

Մեկնաբանություններ (1)

yyy
navtanilot hodvac e, fec.-um shat e frrscel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter