HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է ակադեմիայի 2017 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին:

ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի գիտական գործունեության կարևորագույն և կիրառական արդյունքները, անդրադարձել հաշվետու տարում միջազգային համագործակցության ուղղությամբ ակադեմիայի կողմից իրականացված աշխատանքներին, այդ թվում՝ միջազգային գիտական կառույցներում ակադեմիայի ներգրավվածությանը և միջազգային գիտաժողովներին մասնակցությանը, գիտահետազոտական աշխատանքներին:

Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է նաև գիտությունների ազգային ակադեմիայի գիտական աշխատանքների տարեկան ֆինանսավորման վերաբերյալ ցուցանիշները, խոսել նաև ԳԱԱ կողմից երիտասարդ գիտական կադրերի պատրաստման ու գիտությունների ազգային ակադեմիայի և բուհական համակարգի համագործակցության արդյունքների մասին: Գիտությունների ազգային ակադեմիայի 2017թ. գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցել է ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը: Տարեկան ժողովում ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը ներկայացրել է «Քաղաքակրթությունների և ժամանակների խաչմերուկում. Հայաստանն ըստ նորահայտ հնագիտական տվյալների» գիտական զեկուցումը:

Սերժ Սարգսյանը ողջունել է ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցներին և ընդգծել, որ գիտնականների հետ իր հանդիպումներն ու ակադեմիայի տարեկան ժողովներին ավանդաբար մասնակցությունը ոչ միայն հարգանքի դրսևորում է գիտնականների նկատմամբ, այլև գիտական հանրույթի խնդիրներին, գործունեությանը, գիտության վիճակին ծանոթանալու ևս մեկ և շատ լավ հնարավորություն: Սերժ Սարգսյանը նշել է, որ գիտնականների հետ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումները, իր կարծիքով, նույնկերպ շարունակվելու են, որովհետև պետության պահանջներն ու ակնկալիքները հայ գիտնականներից շատ մեծ են:

Հանրապետության նախագահը ուրախությամբ է փաստել, որ Հայաստանում գիտության զարգացման նոր մոտեցում է տեսնում: Ըստ նրա՝ ի տարբերություն տարիներ առաջ և հատկապես 2008-2009թթ. գիտնականների ելույթների, որոնք բոլորը հանգում էին ընդամենը մեկ խնդրի՝ ֆինանսների բացակայությանը, այսօր գիտնականներն իրենք են իրենց աշխատանքի գնահատման արդյունքում եկել այն եզրակացության, որ անհրաժեշտ է օպտիմալացնել և եղած միջոցներն արդյունավետ օգտագործել, ինչի մասին խոսվում էր դեռևս 6-7 տարի առաջ:

«Այս մոտեցումն ուղղակի հրամայական է մեր գիտության զարգացման համար»,-նշել է Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ պետությունը շարունակում է մնալ նույն համոզման՝ եղած միջոցներով պետք է կարողանալ հասնել առավելագույն արդյունքի: Ցանկալի արդյունքին հասնելուց հետո, պետական եկամուտների մեծացմանը զուգահեռ, ըստ նախագահի, կտրամադրվեն հավելյալ միջոցներ: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ցանկացած իրատեսական, հիմնավորված ծրագրի համար պետությունը մշտապես պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է միջոցներ գտնելու: Հանրապետության նախագահի խոսքով՝ պետության ներկայիս հնարավորությունների պայմաններում եղած միջոցների արդյունավետ օգտագործմամբ առավելագույն արդյունքի հասնելու մոտեցումը վերաբերում է անխտիր բոլոր ոլորտներին, այդ թվում՝ բանակին, անվտանգությանը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ պարբերաբար արծարծվող՝ տեսական և կիրառական նշանակություն ունեցող գիտության հարցերը միայն Հայաստանին չէ, որ մտահոգում են: Դա հավերժական հարց է, որը քննարկվում է բոլոր երկրներում, և դրա համար, ըստ Հանրապետության Նախագահի, պետք է գտնել հավասարակշռված մի մոտեցում, որը թույլ կտա արդարացնել պետության և հասարակության ակնկալիքները: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել գիտության զարգացման և հեռանկարային ծրագրերի հետ կապված խնդիրներով մտահոգ գիտնականների հետ առանձին հանդիպել և քննարկել հնարավոր լուծումները: 

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև գիտության ասպարեզում սերնդափոխության խնդրի լուծումը:

Հանրապետության նախագահը գիտնականներին մաղթել է հաջողություն՝ նշելով, որ մեկ բան ակնհայտ է՝ մեր ժողովուրդը միշտ ակնածանք է ունեցել գիտության նկատմամբ, և գիտությունը Հայաստանում մշտապես պահանջված է:

«Ուրեմն և՛ դուք, և՛ ձեզնից հետո եկողները շատ մեծ գործ ունեն անելու: Փոքր հնարավորություններով մենք լուրջ խնդիրներ պետք է լուծենք»,-ընդգծել է  Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter