HY RU EN

Արաքս Մամուլյան

«Մի անգամ Ժիրոն ա քեզ զինաթափել, մի հատ էլ ես կանեմ». Պավել Մանուկյանը՝ ՊՊԾ գնդում գտնվողներից մեկին

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին այսօր շարունակվեց  գնդի գրավման օրերին ԱԱԾ-ի կողմից խմբի անդամների գաղտնալսումերի տեքստային տարբերակների հրապարակումը:

Ինչպես պարզվեց, Ազգային անվտանգության ծառայությունն այդ օրերին գաղտնալսել է նաև ռադիոկապը, որի միջոցով գնդի տարբեր հատվածներից «Սասնա ծռերը» միմյանց հետ կապ են պահպանել, հայտնել գնդի տարածում եղած վիրավորների, հնչած կրակոցների և այլ իրադարձությունների մասին:

Հրապարակված ֆայլերում լսվում են տղամարդկանց ձայներ. թեև մեղադրող դատախազները չէին հստակեցնում, թե զրուցակիցներն ովքեր են, սակայն վերջիններս միմյանց կապ տալիս ներկայանում էին, և այդպիսով դահլիճում ներկաների համար պարզ էր դառնում, թե խմբի անդամներից ովքեր են զրուցակիցները` ձայնագրության այս կամ այն հատվածում:

Ռադիոկապով խոսակցություններից  մեկում Գևորգ անունով մեկն ու Պավել Մանուկյանն են: Գևորգն ամենայն հավանականությամբ ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող Գևորգ Իրիցյանն է:

«Ուրեմն լսի. մի անգամ Ժիրոն ա քեզ զինաթափել, մի հատ էլ ես եմ զինաթափելու, եթե մի հատ առանց ասելու քայլ արիր,  հասկացար չէ՞»,- վերը նշված Գևորգ անունով անձի հետ խոսելիս ասում է Պավել Մանուկյանը:

Խոսակցության մեկ այլ դրվագում Պավել Մանուկյանին ինչ-որ մայոր է կապվում, և ինչ-որ մեկը մայորին զգուշացնում է, որ Պավելին այսուհետ միայն «պարոն Մանուկյան»-ով դիմի:

«Շատ փոքր մարդ ես, որ ինքը քեզ համար Պավլիկ լինի»,- ասում են մայորին:

Շուտով ռադիոկապի միջոցով խմբի անդամները միմյանց փոխանցում են գնդի ճաշարանի կողմից կրակոցի ձայներ լսելու մասին, ապա պարզվում է, որ «Սասնա ծռեր»-ի մեջ վիրավորներ կան:

Վիրավորված անձինք, ինչպես պարզվում է,  ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Աշոտ Պետրոսյանն են: Խմբի անդամներից մեկը հետաքրքրվում է, թե արդյոք Աշոտ Պետրոսյանին դիպուկահա՞ր է կրակել, և դրական պատասխան ստանում:

Խմբի անդամներից մեկն էլ ասում է, որ բժիշկների պայուսակները շտաբում են, ապա Պավել Մանուկյանը գնդում գտնվող մայորից պահանջում է, որպեսզի բժիշկներին ու պատգարակ ուղարկեն:

«Սկոռի ուղարկեք, երկու ծանր վիրավոր դուք հասցրիք, բժիշկներին ուղարկեք թող գան տանեն»,- գնդի տարածում գտնվող մայորին ասում է Պավել Մանուկյանը, և ի պատասխան մայորն ասում է, որ նրանց բերեն «զոնտիկների մոտ»:

«Երկու վիրավորները ոտից ցխած են, շուտ արեք ցավազրկող գոնե ուղարակեք, պատգարակ չունենք»,- պատասխանում է Պավել Մանուկյանը:

«Զոնտիկների մոտ պատգարակ կա»,- պատասխանում է մայորը:

Ըստ հրապարակված խոսակցությունների` ի վերջո վիրավորներին պատգարակով գնդից դուրս են հանում:

Այսօրվա դատական նիստի ավարտին, ինչպես ցանկացած այլ նիստին, ամբաստանյալներից ոմանք հայտարարություններ արեցին: Վարուժան Ավետիսյանի հայտարարությունն ամբողջությամբ քաղաքական էր: Երբ դատավոր Մեսրոպ Մակյանը նրան հորդորեց այսօր հետազոտված ապացույցների վերաբերյալ անել հայտարարությունները, Ավետիսյանը պատասխանեց, թե այս դատավարությունը քաղաքական է, ուստի հնարավոր չէ, որ դահլիճում իրավական գործընթացի մասին լինեն իրենց հայտարարությունները:

Պավել Մանուկյանը նշեց, որ այս դատավարության ընթացքում քննարկվող միակ հարցը պետք է լիներ այն, թե արդյոք արդարացված է իրենց ապստամբության դիմելու քայլը, թե ոչ: Ըստ Մանուկյանի` Հայաստանի ներկա վիճակը հաշվի առնելով` կարելի է պնդել, որ իրենց ապստամբությունն արդարացված է:

Հայտարարություն անելիս Արայիկ Խանդոյանը նիստերի դահլիճից հեռացվեց, ըստ դատավոր Մեսրոպ Մակյանի՝ Խանդոյանն անվայել արտահայտություններ էր թույլ տալիս նիստերի դահլիճում: Դատական նիստն այսօր ավարտվեց, հաջորդը՝ տեղի կունենա ապրիլի 4-ին: