HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհի Հակոբյան

«Ամենամեծ արժեքը պետք է լինի մարդու կյանքը»

Փիլիսոփա, մշակութաբան Ռուբեն Անգալադյանը հայտնի է հասարակական կյանքում տեղի ունեցող գործընթացների, մշակութային հարցերի մասին արտահայտած իր ոչ ստանդարտ մոտեցումներով: Նրա հետ այս զրույցը փորձում է պատասխանել մեր անցյալի եւ ներկայի հետ կապված մտահոգիչ հարցներին: 

Պարոն Անգալադյան, Դուք քանիցս նշել եք, թե չունենք քաղաքական պատմություն եւ մտածողության ձեւավորված կարծրատիպերով ենք մուտք գործում 21-րդ դար: 

Մենք չունենք Հայաստանի քաղաքական պատմությունը, որը վերլուծում է իրականությունը, անցյալը` որպես հայ ժողովրդի ամբողջական բնավորության արտացոլում: Մինչդեռ, հույժ կարեւոր է ըմբռնել, թե ինչպես են ստեղծվել, զարգացել, ապրել եւ վերացել հայկական պետական համակարգերը, ինչ խոչընդոտների պատճառով են քայքայվել մեր պետականության հիմքերը, ընտրության չափանիշները: Օրինակ` ունեցել ենք 12 մայրաքաղաք: Ինչի± մասին է խոսում այս պատմական փաստը: Սա նշանակում է, որ պետության գլուխը միշտ թույլ է եղել: Կամ` մեկ ուրիշ փաստ: Համաձայն մեր պատմիչների վկայությունների` Վարդանանց պատերազմը եղել է վճռորոշ պայքար հանուն կրոնի: Բայց ո±վ կպնդի, որ մի ազգ, որը քաղաքական տեսնկյունից կրոնն ընդունել ընդամենը 150 տարի առաջ, կենաց-մահու պայքարի դուրս կգար հանուն կրոնի: Ընդ որում, մեր ընդդիմախոսները (պարթեւները) իրենք էին կասկածում իրենց կրոնին, եւ երկու դար հետո մուսուլմանություն ընդունեցին: 

Քաղաքական պատմությունը կօգնի որոշարկելու` ո՞վ է կյանքի սուբյեկտը պետության մեջ: Մինչ այսօր որպես կյանքի սուբյեկտ պետության մեջ իշխանությունները ճանաչել են` 451թվականին` կրոնը, առաջին հանրապետության ժամանակ` պատմական արդարությունը, այսօր ճանաչում են Ղարաբաղը: Մինչդեռ, որպես սուբյեկտ, պետք է ճանաչվեր յուրաքանչյուր հայ մարդու կյանքը, նրա` որպես անհատի կայացման խնդիրը պետության ներսում: Չժխտելով տվյալ ժամանակի խնդիրները եւ իրենց առջեւ դնելով հիմնարար հարցը` մարդու կյանքը որպես արժեք, մեր բոլոր տիպի իշխանավորների վճռականությունը կլիներ խելամիտ եւ երկարատեւ: 

Հայկական պատմական միտքը, որը գեղարվեստական գրականությունն է, մենք վերցրել ենք հին հույներից: Մեր պատմության մեջ մենք նույնպես ունենք հերոսներ եւ դավաճաններ, սակայն չունենք քաղաքական վերլուծություններ: Չգիտենք, թե մեր որ թագավորը քաղաքական ինչ դավանանք է ունեցել, ինչ դիրքորոշումներ են ունեցել քաղաքական հարցերի վերաբերյալ բանակը, նախարարները, արհեստավորական խավն` առանձին-առանձին: Անդրադառնալով այսօրվան` ասեմ, որ մենք պետք է իմանանք յուրաքանչյուր քաղաքական ուժի մոդելավորված կարծիքը պետության առջեւ ծառացած խնդիրների մասին: Չէ± որ այդ սկզբունքից ելնելով է ստեղծվել պառլամենտարիզմը: 

Ձեր կարծիքով մեր հասարակությունն իր բնույթով բա՞ց է` ունակ նոր, թարմ գաղափարներ ներմուծելու, թե՞ հակառակը... 

Ինչպես յուրաքանչյուր ազգ, որը դարեր շարունակ պետություն չի ունեցել, հայ ժողովուրդը նույնպես իր ամբողջական մտքի մեջ պահպանողական է: Սա վերաբերում է նախ եւ առաջ հասարակական-քաղաքական կապերին: Յուրաքանչյուր ժողովուրդ ունի երեք համակարգ` ընտանիք, ազգ եւ պետություն: Այս երեք համակարգերը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր հարաբերությունների մեջ են: Օրինակ` ռուսների համար ընտանիքն ավելի թույլ է, քան ազգը, իսկ ազգը ավելի թույլ է, քան պետությունը: Հրեաների համար ընտանիքն ավելի թույլ է, քան ազգը, իսկ ազգը ավելի ուժեղ է, քան պետությունը: Եվրոպացի (անգլիացի, ֆրանսիացի, դանիացի,շվեդ եւ այլք) ազգերի համար ընտանիքն ավելի թույլ է, քան ազգը, իսկ ազգը հավասար է պետությանը: Սա ցույց է տալիս, որ տվյալ էթնիկական համակարգը կարողացել է ադեկվատ կերպով արտացոլվել պետության մեջ: Մեզ մոտ հակառակն է. Ընտանիքն ավելի ուժեղ է, քան ազգը, իսկ ազգն ավելի ուժեղ է, քան պետությունը: Այս ձեւախեղումը շտկելու համար պահանջվում է մտածողության փոփոխություն: 

Ինչու՞ քաղաքական տարբեր ուժեր չեն կարողանում հստակ ձեւակերպել պետության առջեւ ծառացած խնդիրները եւ միավորվել դրանք լուծելու շուրջ: 

Մենք երկար ժամանակ չենք ունենա քաղաքական ընտրախավ (էլիտա) այն պատճառով, որ մեզ համար որոշակիացված չէ այդ հավաքական կերպարն` իր դրական եւ բացասական հատկանիշներով, մարդկային, ինտելեկտուալ կապերով: Որոշակի չէ նաեւ նրա դերը քաղաքական երկարատեւ կյանքում: Կան բազմաթիվ քաղաքական կուսակցություններ եւ միավորումներ, սակայն չկա լիարժեք քաղաքական միտք, որը կարող է օգտակար լինել որպես կարեւորագույն հարցերի շուրջ հասարակության համախմբման լծակ: Մյուս կողմից` մենք չենք տեսնում այդ մտքի բնական ծնունդը: Այնպիսի տպավորություն ունեմ, որ բոլոր քաղաքական խնդիրները ներմուծվում են դրսից: 

Հոգեբանները կարծում են, որ էթնոհոգեբանական տեսնկյունից սփյուռքում ապրող հայը հանդես է գալիս որպես այլ երկրի քաղաքացի: Այս առումով սփյուռքի հետ համագործակցությունն ինչպիսի՞ն պետք է լինի: 

Մեր ազգի 4/5-ն ապրում է սփյուռքում, եւ բոլոր այդ երկրների առավելությունները եւ դժվարություններն անդրադառնում են թե այնտեղ ապրող հայերի վրա, թե մեր պետության: Մենք պետք է հասկանանք, որ կլինեն քաղաքական միջպետական իրավիճականեր եւ տարածաշրջանային խնդիրներ, երբ ՀՀ շահերը չեն համընկնի այս կամ այն համայնքների շահերի հետ: Չէ՞ որ Հայաստանը որոշակի տարածք է եւ ունի որոշակի խնդիրներ: Այդ որոշակիությունը պետք է հաշվի առնի նաեւ սփյուռքը: Արդեն 100 տարի իրենց սփյուռքի հետ աշխատելու արդյունավետ ծրագիր են իրականացնում գերմանացիները: 

Կարծում եմ, որ երբ ԱՄՆ նախագահական ընտրությունների շեմին հայ համայնքը ցեղասպանությունը առաջադրեց որպես կարեւորագույն խնդիր, ոչ իրատես գտնվեց: Առաջնահերթ խնդիրն այսօր Հայաստանի տնտեսական զարգացումն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter