HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհը տան պատուհանից

Դպրոցական նստարանին Մայիսը հնարավորություն է ունեցել նստելու ընդամենը երկու տարի՝ առաջին եւ երկրորդ դասարաններում: Երկու հաշմանդամ որդիներին դպրոց տանելը մոր համար օրեցօր դժվար է դարձել, իսկ դպրոցում նրանց պահելը՝ պարզապես անհնար: 

«Տնօրենը տեսնելով, որ երեխաներին շալակած դպրոց եմ տանում, ասաց՝ մեղք ես, հանիր դպրոցից, տնային ուսուցում ձեւակերպիր»,-պատմում է երեխաների մայրը` Թերեզա Մնացականյանը: 

Բժիշկների ախտորոշմամբ 14-ամյա Մայիսն ու 12-ամյա Արթուրը տառապում են մկանային հետաճ ժառանգական հիվանդությամբ: Բժիշկները նրանց բուժման որեւէ ելք չեն առաջարկել: Մայիսը չի կարողանում քայլել չորս, իսկ Արթուրը՝ երեք տարի: Տնից դուրս են գալիս միմիայն սայլակով: Երեխաների ոտքերն այլեւս չեն ենթարկվում: Օրեցօր թուլանում են նաեւ ձեռքերը: Դպրոցից հրաժարվելու որոշումը ծնողներն ընդունեցին, երբ փոքր տղան վայր ընկավ ու գլուխը վնասեց: Այդ դեպքից անցել է հինգ տարի: Դպրոցի մասին Մայիսը այժմ իմանում է իրեն այցելող համադասարանցիների պատմություններից ու տարվա մեջ մի քանի անգամ դպրոցում կազմակերպվող միջոցառումներից: Եղբայրները երկրորդ դասարանից հետո անցել են տնային ուսուցման: Դպրոցի հետ կապող միակ օղակը տնային ուսուցիչն է: Նա շաբաթը երկու անգամ այցելում է տղաներին: 

«Ինչը հարմար է, այն եմ սովորեցնում: Առաջնորդվում եմ երեխայի կարողություններով ու ունակություններով»,-ասում է եղբայրների ուսուցչուհին՝ Վանաձորի թիվ 1 հատուկ դպրոցի մանկավարժ Սուսաննա Սարգսյանը: 

Տնային ուսուցման առաջին տարիներին Մայիսին պարապել են միայն հայոց լեզու եւ մաթեմատիկա առարկաները: Արդեն երկու տարի է առարկաների թիվն ավելացել է: Նա դժվար է ընկալում մաթեմատիկան: Սկզբնական շրջանում նույնիսկ դժվարանում էր հաշվել մինչեւ տասը: Մայիսը ամենից շատ սիրում է ռուսաց լեզուն: «Տառերի կեսը չէի անցել, որովհետեւ ռուսերենի դասատուն չէր գալիս: Հիմա արդեն կարողանում եմ նաեւ գրել»,-ասում է Մայիսը: Նրան օգնել են հեռուստատեսային ռուսական հաղորդաշարերը: 

Ուսուցչուհին ասում է, որ տնային ուսուցման դեպքում ուսումնական ծրագրով կրթությունն անհնար է: Փոխարենը երեխային դասավանդում են այն, ինչը մատչելի ու ընկալելի է նրա համար: Մայիսի համար համեմատաբար հեշտ է բանավոր հաղորդակցությունը: Եթե երկար ժամանակ գրում է, ձեռքը հոգնում է: 

Երկու եղբայրներն արդեն հարմարվել են տնային ուսուցման պայմաններին: «Աշխատում ենք մեկ-մեկ շփում ստեղծել դպրոցի հետ, սայլակներով բերում են դպրոց, աշակերտներն էլ են այցելում: Սակայն նրանց վիճակն այնպիսին է, որ հնարավոր չէ տանել դպրոց»,- ափսոսում է ուսուցչուհին` Սուսանան Սարգսյանը: 

«Կուզեի ամեն առավոտ արթնանալ, դպրոց գնալ ու հետ վերադառնալ տուն»,-խոստովանում է Մայիսը: 

14-ամյա տղան օրվա զգալի մասն անցկացնում է հեռուստացույցի առջեւ: Սակայն ամենից շատ սիրում է նկարել: Նման ձիրք նրա մոտ դրսեւորվել է դեռեւս վաղ մանկությունից. «Ընկերներս զարմանում են, որ լավ եմ նկարում: Ասում են, որ իրենք չեն կարա այսպես նկարել»,-ասում է Մայիսը: Գնելն ու Տիգրանն են Մայիսի ընկերները, որոնք նույն բակից են ու հաճախ են այցելում եղբայրներին: Գալիս են, զրուցում, բայց ավելի շատ միասին խաղում են: 

Մայրն ասում է, որ եթե դպրոց գնան, պետք է ամբողջ օրն անցկացնի դպրոցում, որդիների կողքին: Սայլակին երկար չեն կարող նստած մնալ, իրենց հանգստանալ է պետք: Բայց հասակակիցների հետ շփումը նրանց դպրոց է ձգում, որ ընկերներ ունենան, շփվեն: Դպրոցի հետ շփման բացը լրացվում է հաշմանդամների հասարակական կազմակերպություններում: Արդեն չորս տարի եղբայրները հաճախում են «Հայ ժողովրդական ֆորում» հասարակական կազմակերպության հատուկ կարիքներով երեխաների համայնքային կենտրոն: «Գնում եմ, նկարում երեխեքի հետ: Այդ օրն ուրախ է անցնում, նույնիսկ մեզ սրճարան են տարել, թատրոն»,-ասում է Արթուրը, որն, ի տարբերություն Մայիսի, սակավախոս է: 

Կենտրոնում նույն տարիքի հաշմանդամ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կոլեկտիվ է ստեղծվել: Այստեղ կազմակերպում են տարբեր միջոցառումներ, օգնում դասապատրաստման աշխատանքներին: Կենտրոնը օգնում է, որպեսզի ծնողների մոտ ձեւավորվի հոգեկան հավասարակշիռ վիճակ: «Մենք մասնակի լրացնում ենք դպրոցի բացը: Ճիշտ է, ամբողջովին չենք կարող տալ այն, ինչ դպրոցն է տալիս»,- ասում է կենտրոնի հոգեբան Էլիզա Անտոնյանը: Ըստ հոգեբանի՝ իրենք հնարավորություն են տալիս լրացնել հասակակիցների հետ շփման բացը, իսկ տնային ուսուցումը մտավոր կարողությունների զարգացման հնարավորություն է ընձեռում:

«Բացասականն այն է, որ երեխաները չեն կարողանում շփվել ու ինտեգրացիայի մասին խոսք անգամ չի կարող լինել: Երեխայի բնավորության ձեւավորման, գիտելիքների ստուգման համար կարեւոր նշանակություն ունի շփումը»,-համոզված է «Լուսաստղ» հասարակական բարեգործական միության նախագահ Նունե Պեպանյանը: Նա կարծում է, որ այժմյան դպրոցները պատրաստ չեն ընդունել հաշմանդամ երեխաներին: Նախ՝ դրանք հարմարեցված չեն տեխնիկապես, չունեն թեքահարթակներ, սայլակով երեխան չի կարող օգտվել ընդհանուր զուգարանից, չկա հանգստի սենյակ: «Վերջին հաշվով, ոչ մի դպրոց հոգեբանորեն պատրաստ չէ իր շարքերում տեսնել հաշմանդամ երեխայի, ինչքան ուզում է հասարակությունը խոսի ինտեգրացիայից»,-ավելացնում է Ն. Պեպանյանը: 

«Կան մարդիկ, որոնք ծաղրում կամ էլ ծիծաղում են երեխաներին տեսնելիս: Բակում երեխաներ կան, որ այլ հայացքով են նայում երեխաներին: Ճիշտ է, կան երեխաներ էլ, որոնք պատրաստակամ են օգնել եղբայրներին, տեղափոխել սայլակն այս կամ այն վայրը»,-ասում է եղբայրների մայրը: 

«Ուզում եմ նկարչական դպրոց գնալ, լավ ուսուցիչներ ունենալ ու նկարիչ դառնալ»,-բարձրաձայն երազում է Մայիսը ու շարունակում հետեւել աշխարհի անցուդարձին հեռուստացույցի էկրանից ու իրենց տան պատուհանից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter