
Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորվածների մոտ թեթև դրական տեղաշարժ կա
Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորված սակրավորների մոտ դրական տեղաշարժ կա: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Արցախի Առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում The Halo Trust ականազերծող կազմակերպության մեքենան ականի վրա պայթել էր: Զոհվել էր երեք սակրավոր, վիրավորվել՝ երկուսը:
Վիրավորները բուժում են ստանում Արցախի հանրապետական բժշկական կենտրոնում, նրանցից Արամ Մկրտչյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դական դինամիկայով:
Մյուս վիրավորի՝ Գարիկ Ղահիրյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ թեթև դրական տեղաշարժով: Վերջինիս կյանքին վտանգ սպառնալու հետևանքով իրականացվել է զույգ ստորին վերջույթների ամպուտացիա:
Հետաքրքրվեցինք՝ կարիք կա՞ վիրավորներին տեղափոխել Երևան կամ արտերկիր: Նախարարությունից պատասխանեցին, որ դեռ վաղ է այդ մասին խոսել, եթե մասնագետ հրավիրելու կարիք լինի, նախարարն անհապաղ կհրավիրի:
Զոհված սակրավորներն են՝ Պավել Ակոպովը, Սամսոն Ավանեսյանը, Մարատ Պետրոսյանը:
Մեկնաբանել