
Սահմանափակումներ՝ շրջիկ առևտրով զբաղվողների համար. նախարարության առաջարկը
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի նախագծում՝ սահմանելով հստակ պահանջներ շրջիկ առևտրով զբաղվողների համար:
Նման օրենսդրական նախաձեռնությունը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում:
Առաջարկվում է օրենքի նախագծում ավելացնել նոր հոդված, ըստ որի՝ շրջիկ առևտրի վաճառքի կազմակերպման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված վայրերում:
«Ցանկացած անձ, ով ցանկանում է զբաղվել շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեությամբ, պարտավոր է նախքան գործունեություն իրականացնելը՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով այդ մասին տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմնին, նշելով նախատեսվող գործունեության իրականացման վայր(եր)ը և վաճառքի համար նախատեսված ապրանքները:
Շրջիկ առևտրի կետի միջոցով սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի` տարանջատված մեկուսամասերում:
Շրջիկ առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ` վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակն ապահովելու համար»,-ասված է նախագծում:
Առաջարկվում է նաև փոփոխություն «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, ըստ որոնց Երևան քաղաքում, իսկ այլ համայնքների պարագայում համայնքի վարչական տարածքում տարեկան կտրվածքով սահմանվում է այն վայրերի ցանկը, որտեղ կարելի է շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացնել վաճառք:
Փոփոխություններ են նախատեսված նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի հոդված 158-ում, ըստ որի վարչական խախտումների համար պատասխանատվության կենթարկվեն նաև շրջիկ առևտրով զբաղվողները:
Հիշեցնենք, որ E-draft.am-ը նախարարությունների՝ աշխատանքային տարբերակների հրապարակման համար նախատեսված հարթակն է, և չի բացառվում, որ նախագիծը, մինչ կառավարության նիստին ներկայացվելը, փոփոխության ենթարկվի:
Լուսանկարում՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Լուսանկարը՝ Gov.am-ի:
Մեկնաբանել