HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպայի հայերի համագումար

Հայերի նկատմամբ թուրքական ժխտողական քաղաքականությունը այժմ Եւրոպայի մայրաքաղաքում 

մասնակի կրճատումներով 

«Մայրեր, Աստվածներ, Սուլթաններ», բայց ոչ մի դեպքում` հայեր 

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի Գեղեցիկ Արվեստների թանգարանը այս տարվա հոկտեմբերի 6-ից մինչեւ 2005 թ.-ի հունվարի 16-ը հյուրընկալում է «Մայրեր, Աստվածներ եւ Սուլթաններ» խորագրով Թուրքիային նվիրված ցուցահանդեսը: Ցուցադրված նմուշները պատկանում են Թոփքափի պալատի հավաքածուին, Լուվրի, Վիեննայի, Բեռլինի եւ Թուրքիայի ամենահարգի թանգարաններին:Այս ցուցահանդեսը կազմակերպված է Բելգիայի եւ Թուրքիայի վարչապետների համատեղ համաձայնությամբ` Թուրքիայի մշակութային արժեքները եւ պատմությունը Բելգիայի եւ եվրոպական հասարակությանը ներկայացնելու եւ ընդգծելու Թուրքիայի եվրոպական կոչումը: 

Ցուցահանդեսի այցելուների համար պատրաստված բրոշյուրում նշվում է. «Անցած 9000 տարիների ընթացքում տարբեր ժողովուրդներ են բնակվել Անատոլիայում եւ իրենց հետքն են թողել այնտեղ: Պատմության մեջ իրենց ուրույն տեղն ունեն Հիթիների թագավորությունը, Հունական եւ Հռոմեական կայսրությունները, Բյուզանդիան եւ Օսմանները»:

Առաջին հայացքից տարածաշրջանին քիչ թե շատ ծանոթ որեւէ մեկին տարօրինակ կթվա հայերի եւ հայկական մշակույթի բացակայությունն Անատոլիայում, քանի որ դարեր ի վեր Արեւելյան Անատոլիան հանդիսացել է հայ ժողովրդի բնօրրանը եւ կոչվում է Հայկական լեռնաշխարհ:

Անգամ Օսմանյան կայսրության ներքո հայերը կազմել են նրա բնակչության զգալի եւ դինամիկ մի մասը` հատկապես Ստամբուլում եւ այլ քաղաքներում: Սակայն ցուցահանդեսին ներկայացված նմուշների մեջ ամենահետաքրքրականը Օսմանյան կայսրությունը ներկայացնող քարտեզն է` 1299–1923թթ.` առանց հայ ժողովրդի կամ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հունաստանի որեւէ մատնանշման (Հայաստանի առաջին անկախ Հանրապետությունը հիմնվել է 1918 թ., իսկ Հունաստանն իր անկախությունը ձեռք է բերել 1832 թ.-ին): Ոչ մի մասնագետ կամ պատմաբան չէր համարձակվի մի քարտեզ կազմել նման բարդ տարածաշրջանի եւ այդքան երկար ժամանակահատվածի համար` 1299-1923թթ., քանի որ այդ տարածաշրջանում սահմաններն արմատապես փոխվում էին եւ հաճախ` կայծակնային արագությամբ: 

Տարօրինակ է քարտեզի վրա տեսնել Ադրբեջան անվանումը, երբ Հայաստանն ու Հունաստանը բացակայում են: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Ադրբեջանի` Թուրքիայի ամենամտերիմ դաշնակցի Պաշտպանության նախարարության խոսնակը կոչ է արել ամբողջությամբ գրավել Հայաստանի տարածքը եւ Կովկասից վտարել հայերին: Նա անգամ հայտարարել է «25 տարի հետո Կովկասում այլեւս գոյություն չի ունենա Հայաստանի Հանրապետություն»: Այս խոսքերն անմիջապես հիշեցնում են Հայոց ցեղասպանությունն իրագործողների մտադրությունները: Նման համատեքստում հայերի նկատմամբ ժխտողական քաղաքականությունը սխալմունք կամ էլ պրոֆեսիոնալիզմի պակաս չի կարող դիտվել ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից:

Նման քաղաքականության արմատները ձգվում են դեպի 20-րդ դարի սկիզբը, երբ Օսմանյան կայսրության կողմից 1915թ.-ին իրագործվեց Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը դեռ ժխտվում է Թուրքիայի Հանրապետության կողմից, որը նաեւ ավելի քան 10 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությունը:Այսպիսով` հայերի բացառումը Օսմանյան կայսրության պատմությունից` շարունակությունն է 1915-16թթ. Հայոց ցեղասպանության իրագործման եւ շարունակվում է մնալ 1923թ.-ին հաստատված Թուրքիայի Հանրապետության քաղաքականությունը: 

Եվրոպայի Հայերի Համագումարը անընդունելի է համարում նման ժխտողական քաղաքականությունը Թուրքիայի Հանրապետության կողմից, որը ցանկանում է ԵՄ լիիրավ անդամ դառնալ: Մենք հավատացած ենք, որ նման քաղաքականությունն անկայունություն է ստեղծում ամբողջ տարածաշրջանում եւ խոչընդոտ հանդիսանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: 

Դեռ ավելին` Բելգիայում տեղական հաստատությունների համագործակցությամբ կազմակերպված ցուցահանդեսի միջոցով նման ժխտողական քաղաքականության տարածումն ահազանգի նշան է, հատկապես այն դեպքում, երբ Թուրքիան ձգտում է եվրոպական արժեքների հանրության մի մասը կազմել: Եվրոպայի Հայերի Համագումարը համոզված է, որ սա թուրքական իշխանությունների կողմից ոչինչ չկասկածող եվրոպական հասարակությանն իր ժխտողական քաղաքականությունը պարտադրելու հիվանդագին փորձ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter