HY RU EN

Արաքս Մամուլյան

Փաստաբանն ասում է, որ Նորքի «զինված խմբի» գործով պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի առողջական վիճակը գնալով վատանում է

Զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանը 2018-ի հուլիսից առողջական խնդիրներ ունի, որոնք գնալով ավելի են սրվում: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց Վարդանյանի պաշտպաններից Սիրուշ Աղվանյանը՝ նշելով, որ արդեն ամիսներ է, ինչ Վարդանյանի ջերմությունը տատանվում է 37-ից 38 աստիճանի միջակայքում:

Աղվանյանի խոսքով՝ Արթուր Վարդանյանը մինչև այս պահը թույլ չի տվել բարձրաձայնել իր առողջական խնդիրների մասին, սակայն այժմ ստիպված է եղել համաձայնել, քանի որ դրանք օրեցօր սրվում են, իսկ ՔԿՀ-ում ստացած բուժումը որևէ արդյունք չի տալիս:

Այսօր դատարանում նշանակված էր «զինված խմբի» գործով հերթական դատական նիստը, որի շրջանակներում դատարանը հետազոտում էր Վարդանյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնի արված ձայնագրությունները գործով անցնող ամբաստանյալների հետ:

Մի քանի ձայնագրությունների հրապարակումից  հետո Սիրուշ Աղվանյանն ասաց, որ Վարդանյանն այլևս ի վիճակի չէ մասնակցել նիստին, և դատարանը նրա համար շտապօգնություն իրավիրեց:

Սիրուշ Աղվանյանը լրագրողների հետ զրույցում կոնկրետ առողջական խնդիրներ չնշեց, սակայն ասաց, որ խնդիրները բազմաթիվ են, որ վերջին մի քանի ամսիների ընթացքում Վարդանյանն անընդհատ հետազոտվել է, առկա են նրա առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, որոնց բավանդակությանն իրենք չեն վստահում:

Աղվանյանի խոսքով՝ Արթուր Վարդանյանի առողջական վիճակի մասին հստակ պատկերացնում  ունենալու համար անհրաժեշտ է կատարել բժշկական համալիր փորձաքննություն, ինչը չի արվում:

Այսօր, ըստ Աղվանյանի, Արթուր Վարդանյանը ցավեր ուներ լյարդի, ինչպես նաև թոքերի շրջանում, բացի այդ` նաև ջերմություն ուներ:

«Եթե Արթուր Վարդանյանի առողջական խնդիրների համար նշանակված բուժումը արդյունք տար, ապա այժմ նրա առողջական վիճակը գնալով չէր վատանա»,-համոզմունք հայտնեց Աղվանյանն ու նշեց, որ հաջորդ դատական  նիստին խնդրի մասին կհայտնի նաև դատարանին:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից մեզ հայտնեցին, որ մարտ ամսվա սկզբին բժշկական խորհրդակցություն է հրավիրվել, նշանակվել են համապատասպան հետազոտություններ:

«Այս պահին հետազոտությունների արդյունքները կան, հաջորդ շաբաթվա ընթացքում դարձյալ բժշկական խորհրդակցություն կհրավիրվի, մասնագետները հետազատության արդյուքնները կուսամնասիրեն, կնշանակեն համապատսխան բուժում,  և եթե  դրանից հետո  կրկնակի հետազոտության անհրաժեշտություն լինի, ապա կնշանակվի կրկնակի հետազոտություն»,- հայտնեցին քրեակատարողական վարչությունից:

Ինչպես արդեն նշեցինք, այսօրվա նիստին  հրապարակել են Արթուր Վարդանյանի և ամբաստանյալներից ոմանց  միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ:

Այսօր լսված խոսակցություններն Արթուր Վարդանյանի և ամբատանյալներ Մարինե Կաթանյանի,  Հարություն Սալնազարյանի, Վաղինակ Ստեփանյանի, ինչպես նաև այս գործից անջատված մասով անցնող Հակոբ Հակոբյանի  միջև էին:

Նշենք, որ Հակոբյանի վերաբերյալ գործով արդեն իսկ կայացվել է դատավճիռ:  Ըստ մեղադրանքի,  Հակոբյանը, Արթուր Վարդանյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և  պայթուցիկ նյութեր հայթայթել և իրեն իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, նույն հարցով դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետո երկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին:

Հակոբյանի և Արթուր Վարդանյանի խոսակցությունից պարզ է դառնում, որ վերջիններս ջերմ հարաբերություններ ունեն. նրանց միմյանց դիմում են «ջիգյար», «ցավդ տանեմ»,  «մեռնեմ ջանիդ»  արտահայտություններով:

Խոսակցության ժամանակ Արթուր Վարդանյանը նշում է, որ «էրեխու հարցն 90 %-ով լուծված է»: Նշենք, որ խոսքն ամենայն հավանականությամբ Հակոբ Հակոբյանի որդու բանակ գնալու հետ կապված հարցի մասին է. քրեական գործում տվյալներ կան, որ Արթուր Վարդանյանը Հակոբյանին խոստացել է լուծել որդու զինծառայության հետ կապված ինչ- որ խնդիր:

Հակոբյանի հետ խոսակցության ժամանակ Վարդանյանն ասում է, թե «փուչիկները 20-25 հազար դրամ են նստել իր վրա», ապա խոսվում է 450 դրամի մասին: Արթուր Վարդանյանը նախ նշում է, որ «450 դրամ է», ապա ասում, որ եթե կարողանա իջեցնել գինը, լավ կլինի: Թե ինչի գինն է 450 դրամ, ձայնագրության մեջ չի հստակեցվում. զրուցակիները միմյանց հետ, անենայն հավանականությամբ, խոսում են զգուշորեն: Խոսակցությունից կարելի է ենթադրել, որ «450 դրամը» պայմանականորեն օգտագործված արտահայտություն է, և խոսքն իրականում «450 դոլարի» մասին է, քանի որ Հակոբ Հակոբյանը խոսակցության ընթացքում փորձում է ևս մեկ անգամ հստակեցնել ապրանքի գինն ու նշում. «450 դոլար ասեցիր, չէ՞», և Արթուր Վարդանյանը դրական պատասխան է տալիս:

Արթուր Վարդանյանի և Վահագն Սալնազարյանի միջև խոսակցության ժամանակ Վարդանյանը «Յուրա» անունով մեկի հեռախոսահամարն է փոխանցում Սալնազարյանին, ապա ասում. «Դու ոչ մի բանից խաբար չես, դու տաքսիստն ես, գնում եք Գումի մոտից վերցնում, ճամփին հետը ոչ մի բան չես խոսում»:

«Ոչ մի բան պետք չի, որ ինքն իմանա»,- հորդորում է Արթուր Վարդանյանը:

 Մարինե Կաթանյանի հետ խոսակցության ժամանակ Արթուր Վարդանյանը նրան ասում է, որ շտապ 140 000 դրամ ուղարկի:

Ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանի հետ խոսակցության ժամանակ վերջինս Արթուր Վարդանյանին տեղեկացնում է, որ ինքը գնում է Նոյեմբերյան: Նույն օրը Վաղինակ Ստեփանյանն ու Արթուր Վարդանյանը մեկ այլ հեռախոսազրույց են ունենում, ապա Ստեփանյանը հեռախոսը փոխանցումէ  ինչ- որ մեկին:

«Դու գիտես իմ զգուշության պահով, բայց մի օրվա գործ չի, հավանաբար  մեկ-երկու օրից նոր քաղաք կլինեմ»,- հեռախոսով ասում են  Վարդանյանին:

 Վերը նշված խոսակցությունների ձայնագրությունների հրապարակումից հետո էր, որ Արթուր Վարդանյանի պաշտպանը հայտնեց իր պաշտպանյալի ինքնազգացողության վատանալու մասին, և դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 6-ին: