HY RU EN

Դիանա Ղազարյան

Բնակիչն ահազանգում է՝ անձրևից հետո Աշտարակի որոշ փողոցների շենքերում ծորակներից ցեխաջուր է հոսում (տեսանյութ)

Մարտի 8-ին տեղացած անձրևից հետո Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում բնակիչները բացել են ջրի ծորակը, և խմելու ջրի փոխարեն ծորակից ցեխաջուր է հոսել: Աշտարակի որոշ փողոցների շենքերում էլ անձրևից հետո նույն վիճակն է։ Բնակիչները պարտադրված են լինում օրեր շարունակ կամ խանութներից ջուր գնել, կամ էլ այլ փողոցների տներից բերել:

Այդ փողոցի բնակիչներից մեկը «Հետք»-ին օրեր առաջ տեսանյութ է ուղարկել, որում երեւում է, թե ինչպես է խմելու ջրի խողովակներից ցեխաջուր հոսում, ինչպես են խողովակներում տեղադրված ֆիլտրերը սպիտակից մուգ շագանակագույն դառնում: Ֆիլտրը բնակիչը փոխել էր մեկ ամիս առաջ, սակայն այն մեկ ամսվա ընթացքում գունափոխվել է: Բնակիչը կարծում է, որ ջրի մատակարարման խողովակներով կեղտն անընդհատ է հոսում, սակայն քանակն այդքան մեծ չի լինում, որ նկատեն: Իսկ երբ արդեն ուժեղ անձրև է տեղում, ֆիլտրի գույնը միանգամից է փոխվում, և ծորակից շագանակագույն ջուր է հոսում: 

«Վեոլիա Ջուր»-ը հավաստում է՝ քայլեր է ձեռնարկում Աշտարակի խմելու ջրի որակը բարձրացնելու ուղղությամբ

Աշտարակին խմելու ջուր մատակարարվում է «Սաղմոսավանի աղբյուրներ», «Կարբի խորքային հորեր», «Արտաշավանի աղբյուրներ», «Արտակի պոմպակայան» տեղամասերից: Ինչպես հայտնել են Աշտարակի քաղաքապետարանից՝ տեղյակ են խմելու ջրի խնդրին եւ անհրաժեշտության դեպքում տեղեկացնում են սպասարկող օպերատորին՝  «Վեոլիա ջուր» ընկերությանը և իրենց լիազորությունների շրջանակներում աջակցում դրանց լուծմանը:

2017 թվականից ամբողջ հանրապետությունում ջրամատակարաման պատասխանատուն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն է։ «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան` ընկերությունից հայտնել են, որ 2017թ. ստանձնել են նախկին ջրամատակարար ընկերությունների գույքի շահագործումը, սկսել ուսումնասիրել ջրի որակի և ջրարտադրության կետերի վիճակը, կազմել են առաջնահերթ վերանորոգման ենթակա ջրաղբյուրների ցանկը, որում ներառվել են նաև Սաղմոսավանի կապտաժները, որոնք սնուցում են Աշտարակը:

2017թ. ընկերությունը կատարել է Սաղմոսավանի կապտաժների վերանորոգում, կառուցել քլորակայան, որի աշխատանքներն ավարտվել են 2017թ. սեպտեմբերին: Ընկերությունը այստեղից հոսող ջրի որակից արդեն գոհ է:

Մեր զրուցակիցը Աշտարակում բնակվում է արդեն 40 տարի: Ասում է՝ որքան հիշում է՝ ուժեղ անձրևից հետո մշտապես խմելու ջուրը ցեխաջուր է դառնում, և իրենց ընտանիքը ստիպված է լինում ջուրը խանութից գնել, մինչ մի քանի օրվա ընթացքում ջուրը կմաքրվի, որ կարողանան օգտագործել:

Քլորակայանի նախկին վիճակն է ու վերակառուցված տեսքը. լուսանկարները փոխանցել է «Վեոլիա ջուր» ընկերությունը

Աշտարակին խմելու ջուր մատակարարվում է նաեւ «Արտաշավանի աղբյուրներ» տեղամասից: Ինչպես հայտնել են «Վեոլիա ջուր»-ից՝ Արտաշավանի կապտաժային հանգույցներում տասնյակ տարիների ընթացքում հեղեղումների հետևանքով կուտակվել են քարեր, կեղտ, ծառեր, ավազ, որոնց պատճառով Քասախ գետի հունը փոխվել է, և վարարումների ժամանակ հեղեղվում են այդ կապտաժային հանգույցները, որոնց բարեկարգման համար ընկերությունը վերանորոգման աշխատանքներ չի նախատեսել: 

«Վեոլիա ջուր»-ը ​մարտի 15-ին Արտաշավան-Սաղմոսավան-Աշտարակ ջրատարի վրա տեղադրել է ​պղտորաչափ և ստեղծել ավտոմատ աշխատող ահազանգման համակարգ, որպեսզի հնարավորինս կրճատվի հեղեղումների հետևանքով ջրի պղտորմանը հակազդելու ժամանակը:

Դեռևս պարզ չէ` պղտորաչափի տեղադրումը արդյունավետ եղել է, թե ոչ, քանի որ մեզ հետ զրուցած բնակիչն ասաց, որ երեկ երեկոյան և այսօր տեղումներն առատ չեն եղել, որպեսզի հասկանան՝ կրկին ցեխաջուր գալիս է, թե ոչ:

Ընկերությունն այս կապտաժային հանգույցները չվերանորոգելը պայմանավորում է գործող օրենսդրությամբ, համաձայն որի՝ գետերի հուների մաքրման, ինչպես նաև արտակարգ դեպքերից խուսափելու նպատակով ափապաշտպան գործողություններ իրականացնելու գործառույթները վերապահված են գյուղատնտեսության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին: «Դա շատ բարդ, թանկ և մեր ընկերության իրավասություններից ու հնարավորություններից դուրս համալիր միջոցառումների շղթա է»,-հայտնել են «Վեոլիա ջուր»-ից:

​Ընկերությունից հավաստում են, որ այժմ հեղեղումների ժամանակ Արտաշավանի կապտաժային հանգույցների ջուրը չի օգտագործվում և թափվում է, փոխարենը միացվում է «Արտակ»-ի պոմպակայանը, և սպառողներին տրվում է այլընտրանքային սնուցում մեխանիկական եղանակով՝ պոմպակայանի միջոցով:​

«Վեոլիա ջուր»-ը  2019-ին նախատեսել է Արտաշավան-Սաղմոսավան-Աշտարակ ջրատարի վրա տեղադրել փականներ և անցկացնել հոսանքի գիծ, որի արդյունքում հնարավոր կլինի ջրի պղտորման ժամանակ ջրատարի փակման, ջրթողի բացման գործողություններն իրականացնել ավտոմատ, արագ և ապահով: 

Թվարկված աշխատանքների ու նշված ծրագրերի իրականացումը, ըստ ընկերության պատասխանի, թույլ կտա Աշտարակին մատակարարվող ջուրը զերծ պահել պղտորումից: «Բաց է մնում միայն Քասախ գետի հունի մաքրման խնդիրը, որը,  ինչպես ասվեց, մեր գործառույթներից դուրս է»,-հայտնել են ընկերությունից: