HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտանեկան բռնություն։ Պատճառներ եւ հետեւանքներ

Կիսախավարի մեջ նստած կինը, որ գրեթե չի երեւում, տեսախցիկին պատմում է իր անձնական ողբերգությունը, որն, ըստ կատարված ուսումնասիրությունների, ամենեւին էլ մասնավոր դեպք չէ:

«Ես ամուսնացած եմ, ունեմ 2 դուստր։ Ամուսինս աշխատում էր, հետո հրաժարվեց աշխատանքից։ Դրանից հետո սկսեց օգտագործել ալկոհոլ, զբաղվում էր թղթախաղով, ինչի համար վաճառեց տան ամբողջ գույքը։ Ուշ էր վերադառնում, ծեծում էր ինձ, ապտակում, ծեծում նաեւ երեխաներին:»:

Այլեւս չկարողանալով դիմանալ' այս անհայտ կինը դիմում է «Ծովինար» Կանայք ընդդեմ բռնության հասարակական կազմակերպությանը եւ ստանում անհրաժեշտ օգնություն:

Ընտանիքը հասարակության ամենակարեւոր օղակն է։ Դրա նկատմամբ հարգանք եւ ակնածանք ունեն բոլոր ժողովուրդները: Մեզ մոտ եւս' ընտանիքի մասին խոսելիս, օգտագործում են հարգալի, երբեմն չափազանց ակնածանք արտահայտող մակդիրներ' սուրբ օջախ, սուրբ տուն բառերը հաճախ կարելի է լսել առօրյա խոսակցություններում։ Թերեւս այս կանխակալ վերաբերմունքն էր պատճառը, որ մեր հասարակությունը երկար ժամանակ չէր ուզում ընդունել Հայաստանում ընտանեկան բռնության առկայության փաստը։ Իսկ չընդունել փաստը, նշանակում է չունենալ դրա դեմ պայքարելու կամք։

«Ծովինար» կանայք ընդդեմ բռնության հասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ զբաղվել է ընտանեկան բռնությունների փաստերի հավաքմամբ եւ ուսումնասիրությամբ։ 2003 թվականի հոկտեմբեր ամսից Հելսինկյան Ընկերակցություն եւ «Ծովինար» - Կանայք ընդդեմ բռնության հասարակական կազմակերպությունները ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ իրականացնում են «Ընտանեկան բռնություն» ծրագիրը, որի հիմնական նպատակն է փոխել ՀՀ իրավապահ մարմինների եւ դատական համակարգի վերաբերմունքը բռնության նկատմամբ, ինչպես նաեւ ապահովել ընտանեկան բռնության զոհ դարձած անձանց իրավունքների եւ արժանապատվության պաշտպանությունը:

Հելսինկյան Ընկերակցություն եւ «Ծովինար» - Կանայք ընդդեմ բռնության հասարակական կազմակերպությունները հանրապետությունում ստեղծել են իրավապաշտպան ցանց, որն ընդգրկում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերը: «Ծովինարը» մոնիտորինգ են անցկացնում Երեւանի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի եւ Տավուշի մարզերում: Մոնիտորներն ունեն տարբեր մասնագիտություններ' իրավաբաններ են, լրագրողներ, հոգեբաններ եւ իրավապաշտպաններ: Հելսինկյան Ընկերակցություն եւ «Ծովինար» - Կանայք ընդդեմ բռնության կազմակերպությունները շահառուներին տրամադրում են նաեւ անվճար իրավաբանական, հոգեբանական օգնություն եւ խորհրդատվություն, իսկ դատարաններում' անվճար փաստաբանական ծառայություններ:

USAID-ի քաղաքացիական հասարակության մասնագետ Դայան Քալինեյնը գտնում է, որ Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում այս խնդիրը կա։ Այս խնդիրը կա աշխարհի բոլոր երկրներում։ Նա ասում է, որ 2000 թվականից սկսած ուսումնասիրություններ են կատարվել եւ դրանց համադրումից ակնհայտ է դարձել, որ վիճակը մտահոգիչ է: «Որոշեցինք օժանդակել ընտանեկան բռնություններով զբաղվող հասարակական կազմակերպություններին». ասում է Դայան Քալինեյնը։

«Ծովինար» կանայք ընդդեմ բռնության ՀԿ նախագահ Աննա Հակոբյանն ասում է, որ իրենք փորձել են փաստացի տվյալների հիման վրա ամփոփել ընտանեկան բռնության վիճակը Հայաստանում՝ համեմատելով իհարկե այլ երկրների փորձի հետ:

Ընտանեկան բռնությունը ծավալուն հասկացություն է։ Բռնություն կարող է լինել կնոջ, ամուսնու, երեխաների, ծնողների կողմից հարսի կամ փեսայի, հարսի կամ փեսայի կողմից ծնողների նկատմամբ։ Եւ համաշխարհային, եւ տեղական վիճակագրությունը փաստում է, որ ամենից հաճախ բռնության ենթարկվում են կանայք։

Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի տնօրեն, իրավաբան Արարատ Մարգարյանի կարծիքով զոհի դերում հիմնականում կանայք են, կան բացառություններ, բայց տղամարդիկ դեռ չեն դիմել։ Երեւի դա պայմանավորված է նրանով, որ տղամարդիկ չեն ցանկանում ցույց տալ իրենց թուլությունը կամ չեն ուզում կիսել իրենց ընտանեկան պրոբլեմները մեկ ուրիշի հետ։ Ծրագրի հոգեբան Կարինե Քոչարյանը դա բացատրում է մեր հասարակության հայրիշխանական բնույթով եւ գտնում, որ իշխողը չի կարող բռնության ենթարկվել։

«Տղամարդիկ իրենց դիտում են կնոջ սեփականատեր, կնոջ նկատմամբ վերաբերվում են որպես իրենց սեփականություն, այդ պատճառով իրենք են տնօրինում իրենց ընտանիքի բախտը, ճակատագիրը». ասում է Շիրակի մարզի մոնիտոր Վարսիկ Հովհաննիսյանը:

Բռնության ենթարկված կինը հարազատների շրջանակից դուրս, բնականաբար վախենում է խոսել իր վիճակի մասին։ Լոռու մարզի մոնիտոր Մարինե Գեւորգյանն ասում է, որ շատ զոհերի հետ հանդիպել է հույժ գաղտնիության պայաններում, իսկ Տավուշի մարզի մոնիտոր Աշոտ Վարդումյանը նկարագրում է սկզբնական շրջանում եղած դժվարությունները.«Սկզբից շատ դժվար էր մոնիտորինգ անցկացնել, մարդիկ չէին հավատում, չէին վստահում, բայց հետզհետե այդ վստահությունը ձեռք բերվեց»: Նկատի ունենալով խնդրի նրբությունը, մոնիտորների համար կազմակերպվել են դասընթացներ եւ վարժանքներ։

Ընտանեկան բռնության հետեւանքները վերացնելու համար անհրաժեշտ է հասկանալ դրանք ծնող պատճառները։ Տավուշի մարզի մոնիտոր Աշոտ Վարդումյանը ծնող պատճառներից գլխավոր է համարում ազգային գիտակցության կարծրատիպերը։ «Ասում են՝ էլ ինչ տղամարդ, որ կնոջը գոնե մի անգամ չխփի, չծեծի։ Այդ գիտակցությունը կա մեր տղամարդկանց մեջ։ Շատ հաճախ կանայք նորմալ են ընդունում, որ ամուսինն իրենց խփում է։ Ասում են, դե ամուսինս է, պետք է մի անգամ էլ խփի, ինչ է եղել որ։»:

«Հելսինկյան ընկերակցություն» ՀԿ նախագահ Միքայել Դանիելյանի կարծիքով բռնությունը ծնվում է կենցաղում: Երբ երիտասարդներն ամուսնանում են, ծնողները ստիպում են ապրել իրենց հետ կամ ծնողներն իրենք են զավակների փոխարեն ընտրություն կատարում: Հաճախ բռնության պատճառ է դառնում այդ չարաբաստիկ «կարմիր խնձորը»: Ընդհանրապես երեխայի ապագան որոշելը, իհարկե ոչ բոլոր ընտանիքներում է, մեծավ մասամբ ծնողների ձեռքում է, եւ դա հաճախ դառնում է ապագա ողբերգության պատճառ:

Շիրակի մարզի մոնիտոր Վարսիկ Հովհաննիսյանի կարծիքով ազգային ավանդական պատկերացումներին այսօր գումարվել է նաեւ սոցիալական ծանր վիճակը: «Տղամարդն իրեն տղամարդ չի զգում։ Երբ չի կարող վաստակել ընտանիքի հացը, տղամարդն արդեն իրեն շատ վատ վիճակի մեջ է զգում, արդեն նյարդայնանում է, եւ նույնիսկ իմ ճանաչած լավ մարդիկ' հավասարակշռությունը կորցնելով, անզորությունից դիմում են բռնության, ինչն էլ հանգեցնում է ընտանիքի քայքայմանը»:

Այս տեսակետին առանձնապես համաձայն չէ Տավուշի մարզի մոնիտոր Աշոտ Վարդումյանը, նա ասում է, թե սոցիալապես ապահով ընտանիքներում էլ է բռնություն գործադրվում:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանեկան բռնություն կա ոչ միայն որոշակի խմբերում, այլ՝ ընդհանրապես։ Իհարկե, որոշ փաստեր կան, որոնք ավելի են խորացնում ընտանեկան բռնությունները, ինչպես, օրինակ, գործազրկությունը, սոցիալական տարբեր դժվարությունները։ Դրանք ավելի են խորացնում ընտանեկան բռնության արմատները, սակայն ոչ մի ուսումնասիրություն եւ փաստ չկա, որ միայն այդ խմբերում են բռնություններ կատարվում:». ասում է USAID-ի քաղաքացիական հասարակության մասնագետ Դայան Քալինեյնը:

Հայաստանում չկա ընտանեկան բռնության համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենք: Համապատասխան օրենքի բացակայությունը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ եւ նպաստում տնային բռնությանը: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կան ընդհանուր հոդվածներ, որոնք քրեական պատասխանատվություն են նախատեսում ծեծի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ սեռական բռնության համար: Այն երկրներում, որտեղ կան ընտանեկան բռնությանը վերաբերող առանձին օրենքներ, նկատվում է այդպիսի դեպքերի նվազում: Օրենքի բացակայությունն, իրոք լուրջ խոչընդոտ է, սակայն պակաս կարեւոր չեն իրավագիտակցության ցածր մակարդակը, ավանդական մտածողության կաղապարներն ու շրջապատի կարծիքի գերագնահատումը։ Այս ամենը գումարվելով թույլ չեն տալիս, որ կինն ինքն իրեն պաշտպանի։

«Ծովինար» կանայք ընդդեմ բռնության ՀԿ նախագահ Աննա Հակոբյանի կարծիքով, շատ կարեւոր է պետական վերաբերմունքը: Ծրագրի' պետական մարմինների հետ համագործակցելու, բոլոր փորձերը ձախողվել են' հանդիպելով նրանց կտրուկ մերժողական վերաբերմունքին: «Ոչ մի ինֆորմացիա մեզ չէին տրամադրում։ Սկզբում մենք փորձեցինք թաղայիններից ստանալ ինֆորմացիա, բայց նրանք ասում էին, թե դա կոնֆիդենցիալ է:»:

- Ասես մատների արանքով նայելիս լինեն ՆԳ համակարգում։ Ասում են' տուն է, ընտանիք է, մի հատ ապտակի համար արժե ինչ-որ միջոցներ ձեռնարկել։ Եւ հենց դրա համար կինը չի ցանկանում իրավապահ մարմիններին դիմել,- գտնում է Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի տնօրեն, իրավաբան
Արարատ Մարգարյանը:

«Հայաստանում գոյություն չունի այդ հարաբերությունները կարգավորող իրավական դաշտ։ Օրինակ՝ գոյություն չունի մի օրենք, որը հնարավորություն կտա ընտանեկան բռնության զոհին դիմել օրինապահ մարմիններին եւ իրավական աջակցություն ստանալ։ Հիմնականում, երբ կանայք դիմում են ոստիկանություն, նրանց ասում են՝ սա ձեր ներքին խնդիրն է, մենք ոչինչ չենք կարող անել եւ նրանց ուղղակի հետ են ուղարկում։». ասում է Դայան Քալինեյնը:

Շիրակի մարզի մոնիտոր Վարսիկ Հովհաննիսյանը պատճառը դարձյալ փնտրում է ընտանեկան ավանդույթի մեջ. «Ծնված օրվանից հայ կինը դաստիարակվում է այնպես, որ ինքը պետք է լինի խոնարհ, լսող, ամուսնուն ենթակա եւ իր իրավունքները չի կարող պաշտպանել, այդ իսկ պատճառով միայն ծայրահեղ դեպքում է դիմում իրավապահ մարմիններին։ Ես դեմ եմ դրան։ Կինը պետք է կարողանա իր իրավունքները պաշտպանել։»:

Տավուշի մարզի մոնիտոր Աշոտ Վարդումյանի կարծիքով կանայք իրավապահ մարմիններին չեն դիմում երկու պատճառով' վախի եւ անվստահության:

«Հելսինկյան ընկերակցություն» ՀԿ նախագահ Միքայել Դանիելյանը գտնում է, թե շատ դժվար է համոզել զոհին, որ գնա այդ քայլին։ Նրա կարծիքով ազգային մտածողության խնդիր կա:

Իսկ Դայան Քալինեյնի կարծիքով, նրանք չեն պաշտպանվում, որովհետեւ չունեն շրջապատի աջակցությունը։ Նրանց հոգեկան աջակցություն է պետք, պետք է նաեւ ֆինանսական աջակցություն, որովհետեւ ֆինանսական դժվարությունների պատճառով շատերը չեն կարող իրենց թույլ տալ փաստաբան կամ իրավաբան վարձել։

«Շատ կարեւոր է եւ հասարակության, եւ պետության վերաբերմունքը։ Շատ երկրներում օրինակ՝ պաշտպանական օրդեր է կոչվում, տալիս են: Լեհաստանում կա, ԱՄՆ-ում, Կանադայում, այսինքն եթե մի քանի օր տեւում է այդ բռնությունը օրդեր են տալիս պաշտպանական՝ մարդուն զգուշացվում է ուղղակի, որ քեզ լավ պահիր։». ասում է «Ծովինար» կանայք ընդդեմ բռնության ՀԿ նախագահ Աննա Հակոբյանը:

Ընտանեկան բռնությանն առհասարակ մարդիկ վերաբերվում են շատ թեթեւ, իմիջիայլոց, երբեմն նույնիսկ այն չհամարելով բռնություն կամ մարդու իրավունքների խախտում: Եւ այս վերաբերմունքից ծնվում են միֆեր, որոնք ավելի են խորացնում բռնությունը եւ հասարակությանն ավելի անտարբեր դարձնում այդ արատավոր երեւույթի նկատմամբ: Առանձին օրենքի բացակայությունը եւս նպաստում է հասարակության բացասական վերաբերմունքին։

Ծրագրի իրավաբան Լուսինե Մարտիրոսյանը, սակայն գտնում է, որ մինչեւ հատուկ օրենքի ընդունումը կանայք կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության քրեական եւ քաղաքացիական գործող օրենսդրությունից։ Նա պատրաստ է համապատասխան խորհրդատվություն տալ ընտանեկան բռնությունից տուժած կանանց, նշել քրեական օրենսգրքի բոլոր այն հոդվածները, որոնցով կարող են պաշտպանվել:

«Եթե բռնարարը իմանա, որ ինքը պատժվելու է իր արարքի համար, երկրորդ անգամ չի կրկնի։ Եթե ինքը գիտի, որ չի պատժվում, հաջորդ անգամ է կրկնում եւ այդպես շարունակ։». ասում է Շիրակի մարզի մոնիտոր Վարսիկ Հովհաննիսյանը:

Կինը չի հեռանում բռնարար ամուսնուց կամ չի դիմում իրավապահ մարմիններին, որովհետեւ երեխաներին հայր է պետք: Անկասկած, իդեալական կլինի, եթե երեխան ունենա հայր եւ մայր: Սակայն բռնության պայմաններում ապրող երեխաները հաճախ սկսում են ատել երկուսին էլ' հորը դաժանության համար, մորը' թուլության եւ որոշ ժամանակ անց երեխաներն իրենք են դաժանանում:

շարունակելի

Թուրք կանայք պատրաստ են դիմանալ ծեծին

Ամուսնացած թուրք կանանց 35 տոկոսը, այսինքն' մեկ երրորդից ավելին, գտնում են, որ իրենք արժանի են այն բռնություններին, որոնց ենթարկվում են ամուսիններին չլսելու, սեռական մերձեցումից խուսափելու եւ վառված ճաշի կամ երեխաների ոչ պատշաճ խնամքի համար: Այդ մասին են վկայում Թուրքիայում անցկացված հասարակական հարցման արդյունքները:

Որոշ շրջաններում այն կանանց թիվը, ովքեր գտնում են, որ ամուսինը կարող է ձեռք բարձրացնել իրենց վրա, հասնում է 57 տոկոսի:

Բռնությունների' թրքուհիների նշած հիմնավոր պատճառների ցուցակի առաջին տեղը գրավում է ամուսնու կարծիքին համաձայն չլինելը: Ավելի պակաս կարեւոր են անհաշվարկ ծախսերը: Երրորդ տեղում երեխաների անբավարար խնամքն է:

Հարցումից պարզվել է, որ հարցված կանանց կեսից ավելին ամուսնացել են իրենց ապագա ամուսինների ընտանիքների ընտրությամբ: Աղջիկը, ով հրաժարվում է կատարել ընտանիքի կամքը, իրեն դնում է մահացու վտանգի առջեւ:

Հարցմանը, որն անցկացրել են Եւրամիությունն ու Թուրքիայի կառավարությունը, մասնակցել են 8075 ամուսնացած թրքուհիներ:

Մարդու, հատկապես կանանց, իրավունքների խնդիրը Թուրքիայում շատ սուր է դրված: Հատկապես այս հարցն է հուզում Եւրամիությանը' Թուրքիայի անդամակցության հարցերը քննելիս:

Ռուսաստանում եւ այլուր

Կանանց նկատմամբ բռնությունը մարդու ամենատարածված, միեւնույն ժամանակ ամենաքողարկված խախտումներից է: Կանանց նկատմամբ բռնություն գործադրվում է ամենուրեք: Քաղաքական եւ մշակութային համակարգերից ոչ մեկը բացառություն չէ:

ԱՄՆ-ում վեց րոպեն մեկ տեղի է ունենում կնոջ բռնաբարություն, Ռուսաստանում ընտանեկան բռնության հետեւանքով տարեկան զոհվում է 14 հազար կին: Այս տարի Չինաստանում սեռական ստրկության կհանձնվի ավելի քան 15 հազար կին:

Ըստ ՌԴ-ում անցկացված ուսումնասիրությունների, ամեն օր ամուսինների եւ զուգընկերների կողմից 36 հազար կին է բռնության ենթարկվում:

Ռուսաստանում տնային բռնությունների հետեւանքով ամեն տարի մեռնող կանանց թիվը հավասար է աֆղանական տասնամյա պատերազմի ընթացքում սովետական բանակի կորցրած զինվորների թվին:

Ռուսաստանի օրենսդրությունը ընտանեկան բռնությունն առանձին հանցատեսակ չի նկատում եւ նույնիսկ չի նախատեսում ընտանեկան բռնություն կիրառողին պատժելու հնարավորություն:

Մեկնաբանություններ (1)

Գևորգ
շատ են շատացել մեր երկրում ընտսնեկան բռնությունները. Դա ահավոր վատ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter