HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության մեջ

Աշխատանքային եւ սոցիալական միջավայրերի, դրանցում գործածվող տեխնոլոգիաների հաճախակի փոփոխությունները մեր օրերի մարդուն ստիպում են անընդհատ յուրացնել նոր գիտելիքներ եւ հմտություններ, պատրաստ լինել շարունակական ուսման։ Բայց սա ճիշտ է ոչ միայն մարդկանց, այլեւ կազմակերպությունների, ինչպես նաեւ' ամբողջ հասարակության վերաբերյալ, քանի որ հասարակության կրթական մակարդակը եւ սովորելու կարողությունները սկզբունքային նշանակություն են ստանում երկրի զարգացման եւ միջազգային տնտեսական մրցունակության համար։ Մարդկանց սովորելու ունակությունները մեծացնելու եւ գիտելիքն արդիականացնելու խնդրի առաջնահերթության գիտակցումը, իր հերթին, ենթադրում է մշտական աշխատանք եւ նշանակալի ներդրումներ երկրի կառավարության կողմից։

Տեղեկատվական դարաշրջանում կրթության բնույթի մեջ կատարվող արմատական փոփոխությունը սերտորեն առնչված է տեղեկատվության եւ հաղորդակցության արդի միջոցների զարգացման եւ տարածման հետ։ Մի կողմից, տնտեսության եւ հասարակական գործունեության տարբեր ոլորտներում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) տարածումը հրատապ է դարձնում աշխատողների կողմից համապատասխան գիտելիքների եւ հմտությունների յուրացման, այսինքն՝ կրթության եւ թրեյնինգի հարցը։ Կրթության եւ ՏՀՏ-ի փոխհարաբերության մյուս կողմը հենց կրթության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով կրթության համակարգի արդիականացումը, ուսուցման եւ ուսումնառության արդյունավետության մեծացումն է։

Հատուկ հրատապություն ունի ՏՀՏ-ի յուրացման եւ զարգացման հարցը զարգացող կամ նվազ զարգացած երկրների համար։ Արդյոք այն երկրները, որոնք դժվարին պայքար են մղում աղքատության եւ տնտեսական հետամնացության դեմ, կարո՞ղ են իրենց թույլ տալ ՏՀՏ-ի յուրացման եւ տարածման մասին մտածելու շռայլությունը՝ հսկայական միջոցներ վատնելով նման ծրագրերի իրականացման համար։ Հարցի պատասխաններից մեկն ասում է, թե միայն այդ ճանապարհով կարելի է փոխակերպել հասարակությունը՝ ձերբազատվելու համար պարտքերից, տնտեսական անկայունությունից ու կախվածությունից։ Այնինչ, չի բացառվում նաեւ այս ճանապարհով շատ ավելի մեծ սոցիալական անհավասարության եւ արտաքին կախվածության մեջ (միջազգային կազմակերպություններից եւ անդրազգային կորպորացիաներից) հայտնվելու հեռանկարը։

Սրանից զատ, ետխորհրդային երկրների մեծ մասը, այդ թվում՝ Հայաստանը, ունի առանձնահատուկ խնդիրներ։ Բավական բարձր կրթական մակարդակ եւ ավանդույթներ ունեցող հասարակությունները պարտադրված են կատարել հիմնարար վերագնահատումներ եւ փոփոխություններ նաեւ կրթության ոլորտում։ «Անցումային» անունը ստացած ժամանակաշրջանում, երբ հասարակական կեցության ձեւերի մեջ տեղի են ունենում արմատական փոփոխություններ, կրթության նոր պարադիգմի ձեւավորումը եւ իրագործումը դառնում է որքան վճռական, նույնքան էլ դժվարին խնդիր։ Այս խնդրի լուծման համար անցումային հասարակություններում, ինչպես այսօր Հայաստանում, որպես կանոն չեն գտնվում համապատասխան գիտելիքներ եւ փորձառություն ունեցող գիտնականներ եւ փորձագետներ, ինչպես չեն գտնվում երկարատեւ ռազմավարական ծրագրեր իրականացնելու ընդունակ իշխանություններ։

Կրթության բարեփոխում եւ ՏՀՏ

Այսպիսով, Հայաստանի կրթության ոլորտում ՏՀՏ-ի ներդրման հարցը հայտնվում է կրթության համակարգի փոխակերպման եւ զարգացման տենդագին ընթացքի հունում, որտեղ իրար են հանդիպում բազմաթիվ խնդիրներ, տարբեր, երբեմն՝ հակադիր միտումներ եւ շահեր, հին արժեքներ եւ նոր հրամայականներ… Այդ խնդիրներից կարելի է հիշատակել, օրինակ, խորհրդային ժառանգության որոշ կողմերի հաղթահարման անհրաժեշտությունը, կրթության ազգային հայեցակարգի մշակումը (պատասխանելով, մասնավորապես, «Ո՞րն է կրթության բուն նպատակը» հարցին), կրթության համակարգի պարտադրված հարմարեցումը արեւմտյան մոդելին (օրինակ՝ «նոր չափորոշիչների» մշակումը)։ Այս ամենը ենթադրվում է կատարել, ինչպես ասում են, սեղմ ժամկետներում, հընթացս, առանց մտածելու եւ քննարկելու հնարավորության։ Որեւէ մեկը չի կարող բացատրել, թե ինչպես պետք է համատեղել, ասենք, ազգային դպրոցի գաղափարախոսությունը արեւմտյան կրթական համակարգից ներմուծվող սկզբունքների հետ կամ՝ մի՞թե ակնհայտ է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների (որպես արեւմտյան արժեքների կրողների)՝ ազգային արժեքներին եւ կրթական իդեալներին ծառայեցնելու հնարավորության հարցը։

Հասկանալի է նաեւ, որ կրթության համակարգի փոխակերպման ծրագիրը պետք է իր հիմքում ունենա հասարակության զարգացման մի որոշ հեռանկար կամ մոդել (օրինակի համար՝ Տեղեկատվական հասարակություն կամ «կայուն զարգացում»), ինչպես նաեւ' հաշվի նստի այն հիմնարար փոփոխությունների հետ, որ մեր երկրում կատարվել են վերջին տարիների ընթացքում. սպառողական մշակույթի տարածումը, ոչ հեռավոր անցյալի արժեքների եւ իդեալների պսակազերծումը եւ այլն։ Ուրեմն, բնավ հռետորական չէ հարցը, թե ինչպե՞ս կարելի է եւ առհասարակ հնարավո՞ր է ներկա Հայաստանի նման երկրում վերականգնել գիտելիքի եւ կրթության խաթարված, վարկաբեկված հեղինակությունը, առավել եւս՝ սովորելու ունակությունը դարձնել ազգային ռազմավարական նպատակ …

Ամեն դեպքում, կրթության ոլորտում եւ հենց կրթության հասկացության մեջ կատարվող ներկա փոխակերպումը ամենից ավելի հեշտ է նկարագրել կրթության միջավայրի կամ տեխնոլոգիական հիմքի փոփոխմամբ' որպես աստիճանական անցում տպագիր միջոցներից եւ դրանցով պայմանավորված մոդելից դեպի ժամանակակից ՏՀՏ-ի վրա հիմնվող կրթության համակարգեր։ Արդի տեխնոլոգիաների նշանակության աճը եւ դրանց տիրապետելու անհրաժեշտությունը բերում են գրագիտության նոր, ավանդականից տարբեր հասկացություն, մեծ փոփոխության է ենթարկվում նաեւ սովորելու եւ սովորեցնելու բնույթը։ Միեւնույն ժամանակ, կրթությունը դուրս է գալիս «դպրոց—համալսարան» ավանդական շրջանակից՝ տեղ բացելով հանրային կրթության զանազան ձեւերի համար։ Հեռակա կրթությունը (հեռակրթություն, distance learning) նոր այլընտրանքներ է տրամադրում. հետզհետե փոխվում է կրթության կազմակերպման եղանակը, որը թույլ է տալիս անցում կատարել դեպի անսահմանափակ շարունակական կրթություն հեռավորության վրա։

Կրթության ոլորտի երեք տիրույթները

Հայաստանում համակարգչի եւ ինտերնետի տարածման սկզբնական շրջանում մարդիկ համապատասխան կրթություն ստանում էին տարերայնորեն ի հայտ եկած մասնավոր կրթական հաստատություններում, ինչպես նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ իրականացվող ծրագրերի շնորհիվ։ Այժմ իրադրությունն աստիճանաբար փոխվում է, ՏՀՏ-ի իմացության տարրերը մտնում են դպրոցական եւ համալսարանական ծրագրեր։ Միաժամանակ ձեւավորվել են ինտերնետի հանրային մատչելիության կենտրոններ (ամերիկյան IREX կազմակերպության, Միավորված ազգերի զարգացման ծրագրի), նկատվում է բնութագրական եւ անխուսափելի միտում՝ այս կրթական նախաձեռնությունները ներառելու ավելի ընդարձակ սոցիալական նպատակներ հետապնդող նախագծերի մեջ (համայքների զարգացմանը, տեղական կառավարման մակարդակի բարձրացմանը, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը վերաբերող, որ իրականացվում են, օրինակ, «Փրոջեքթ հարմոնի» կազմակերպության, Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից։ Այս ընթացքը, սակայն, բազմաթիվ անպատասխան հարցեր է հարուցում, քանի որ, մասնավորապես, լիովին հանձնված լինելով բացառապես օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների տնօրինությանը' լիովին զրկված է տեղական նախաձեռնությունից եւ գնահատման ու բարեփոխման հնարավորություններից։

Այդուհանդերձ, սթափ մոտեցումը պահանջում է արձանագրել, որ առայժմ հասարակական ընդգծված պահանջմունք չի ձեւավորվել նոր գիտելիքի նկատմամբ «կոմպյուտեր գիտի՞» ստանդարտ հարցով մատնանշվող մակարդակից անդին։ Այդ մասին է վկայում նաեւ գնահատման եւ որակավորման միջազգային ստանդարտների չպահանջվածությունը, վերջին մեկ-երկու տարում ստեղծված՝ սերտիֆիկացված որակավորմամբ թրեյնինգի կենտրոնների, մեղմ ասած, չծանրաբեռնվածությունը։ Ամեն դեպքում, պետք է ընդունել, որ այս տիրույթը դեռեւս շատ հեռու է պատշաճորեն կազմակերպված եւ կարգավորված լինելուց։

ՏՀՏ-ի ներդրման եւ կիրառության տեսանկյունից ամենաբարդը (թեեւ, ցավալիորեն, առերեւույթ ամենապարզը), իհարկե, դպրոցն է։ Առայժմ ծրագրերի իրականացման առումով հենց այստեղ է նկատվում ամենամեծ աշխուժությունը։ Այստեղ ներկա իրադրությունը նկարագրվում է բացառապես քանակական կողմերով. քանի համակարգիչ համակարգչային դասարանում, քանի դպրոց համակարգչային դասարանով, քանի դպրոց ինտերնետային կապով եւ այլն։ Այս փաստերի ետեւում ուրիշ ոչինչ կարող է եւ չլինել, ավելի ճիշտ՝ չկա։ Որակական փոփոխությունների մասին ավելորդ է խոսել, մանավանդ որ որակական փոփոխություններ այս ծրագրերում նախատեսված էլ չեն։ Միանգամայն պարզ հարցեր' «Ո՞րն է համակարգչի (Ինտերնետի) դերը կրթության մեջ, եթե կա այդպիսի դեր, ինչպե՞ս պետք է գնահատվեն դպրոցները համակարգչային դասարաններով ապահովելու աշխատանքի արդյունքները, կամ մի՞թե հայկական դպրոցի համար առաջնահերթ խնդիրն այսօր, հայերեն լեզվով էլեկտրոնային կրթական բովանդակության գրեթե իսպառ բացակայության պայմաններում, ինտերնետային կապն է», ընդհանուր առմամբ հստակ պատասխան չունեն։ Այնուհետեւ, շեշտն ակնհայտորեն դրվում է սարքերի եւ ինտերնետային կապի վրա, բայց գրեթե լիովին մոռացության է մատնվել ծրագրային ապահովման շատ ավելի բարդ հարցը եւ սրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ։

Կրթության մյուս տիրույթների համեմատությամբ, հայաստանյան համալսարանն առայժմ այս ընթացքներից ամենից ավելի հեռու մնացածն է, եթե համարենք, որ խոսքը սոսկ նախնական համակարգչային գիտելիքներ տալու կամ համակարգիչների եւ ինտերնետի պարզ կիրառությունների մասին չէ։ Եթե համարենք, որ ծրագրային ապահովման արդյունաբերության համար ծրագրավորողներ պատրաստելու խնդիրը այս կամ այն չափով լուծվում է, ապա պատշաճ մակարդակի բազմաթիվ այլ մասնագետների, անգամ ինֆորմատիկայի դպրոցական ուսուցիչների պատրաստումը դեռեւս ապագայի գործ է։ Ավելորդ է խոսել կրթության համակարգի մեջ ՏՀՏ-ի ներդրման, ինչպես նաեւ' այս տեխնոլոգիաների տնտեսական, սոցիալական, մշակութային նշանակություններին վերաբերող հետազոտությունների անցկացման, հետազոտական կարողություններ ունեցող մասնագետների պատրաստման մասին, թեեւ հենց այսպես պետք է դրսեւորվեր համալսարանների գործուն դերը դպրոցի եւ հանրային կրթության տիրույթների արդիականացման գործում։ Հեռակրթության ցածր մակարդակը մի շարք պատճառներ ունի. Հայաստանի հեռահաղորդակցության համակարգի հարուցած դժվարությունները (կապի բարձր գները եւ ցածր հուսալիությունը), համակարգչի եւ համակարգչային գիտելիքների մատչելիության հարցը, դասընթացների ծրագրերի, դասավանդման մեթոդների եւ մասնագետների պակասությունը եւ այլն։

Կրթության ոլորտի այս տիրույթներից յուրաքանչյուրին վերաբերող հարցերի մասին ավելի մանրամասն կխոսվի հաջորդ հոդվածներում։

շարունակելի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter