HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Եթե քաղաքացին իր կամքը ցույց տա Ազատության հրապարակում, համոզված ենք՝ կհասնենք քաղաքական արդյունքի»

Նախագահ Սերժ Սարգսյանի երրորդ ղեկավարման դեմ պայքարող «Քո քայլը» շարժման անդամներն այսօր կլինեն հանրապետության երրորդ քաղաք Վանաձորում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը և իր քայլարշավին միացած կուսակից ընկերները, նաև համակիրները Սպիտակ քաղաքից շարժվում են Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաք:

Հիշեցնենք, որ սա քայլերթի չորրորդ օրն է: Փաշինյանը և իր համակիրները քայլերթը սկսել են Գյումրուց, իրենց խոսքով՝ Սերժ Սարգսյանի ղեկավարման երրորդ ժամկետը կանխելու համար: Քայլերթի անդամները ապրիլի 13-ին լինելու են Ազատության հրապարակում, որտեղ և լինելու է հանրահավաք: Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումներից երևում է, որ Վանաձորում հորդառատ անձրև է, սակայն շարժման անդամներն անձրևանոցներով շարունակում են քայլերթը:

«Եղանակը, ինչպես տեսնում եք, մեզ խոչընդոտ չէ, մենք նախապաստրաստված ենք եղանակային բոլոր հնարավոր պայմաններին և քայլում ենք մեր երթուղով: Ապրիլի 13-ին՝ 18.30-ին, հասնելու ենք Ազատության  հրապարակ. մենք սա անում ենք Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը կանխելու համար»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ սա քաղաքացիների համար պետք է լինի հարթակ, որպեսզի վերջիններս արտահայտեն իրենց տեսակետը Սերժ Սարգսյանի ուխտադրժության վերաբերյալ:

«Եթե քաղաքացին իր կամքը ցույց տա Ազատության հրապարակում, համոզված ենք, որ կհասնենք քաղաքական արդյունքի, եթե այն քաղաքացիները, ովքեր դեմ են Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին, իրենց ներդրումն ունենան սկսվող հանրահավաքի կազմակերպման հարցում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հանրահավաքները շարունակական են լինելու:

«Մենք պետք է ՀՀ-ում իրականացնենք այնպիսի քաղաքական փոփոխություններ, որպեսզի փոխենք այն իրավիճակը, երբ իրականությունը մարդկանց ստիպում է ավելի ու ավելի հեռանալ Հայաստանից: Մենք ուզում ենք հակառակ պրոցես հարուցել, որ մարդիկ վերադառնան Հայաստան, ու տնկում ենք հայրենադարձության ծառ»,- ֆեյսբուքի իր էջում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Շարժման չորրորդ օրը Նիկոլ Փաշինյանը մեջբերեց դեռևս 2014-ին Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված այն խոսքերը, որ չի հավակնելու նախագահի կամ վարչապետի պաշտոնին: Երբ Փաշինյանը մեջբերում էր հատվածը, իր համակիրները երաժշտական նվագախմբի նման շարունակում էին կրկնել նույն խոսքերը:

Ապրիլի 2-ի երեկոյան շարժման անդամներն իրենց ամենօրյա դարձած քննարկումներին խոսեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին: «Քաղաքացիական պայմանագիր» վարչության փոխնախագահ Արայիկ Հարությունյանը մեջբերեց օրվա մամուլից հատվածներ, ասաց, որ Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ երեկոյան երթ է եղել դեպի Եռաբլուր և հավելեց, որ այդպես էլ չգտավ մի հրապարակում, որը ցույց տար այդ միջոցառումներին Սերժ Սարգսյանի մասնակցությունը:

«Դա երևի բնական է, որովհետև Ապրիլյան պատերազմի գլխավոր մեղավորը և գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, 1994-ից սկսած չի եղել դեպք, որ մենք երբևէ տարածքներ կորցնենք»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Մասնակիցները հաճախ էին լուսանկարներ տեղադրում քայլերթից:

Հայտնում էին քայլերթին նոր միացած անդամների մասին:

Տեղեկություն էր տրամադրվում նաև այն մասին, թե քայլերթին միանալ ցանկացողներն ինչ իրեր կարող են տանել իրենց հետ:

Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում իրականացվեց ծառատունկ՝ նվիրված Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին:

Շարժման երկրորդ օրը քայլերթի մասնակիցները կատարեցին 25293 քայլ՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղից քայլելով Լոռու մարզի Կաթնաջուր գյուղ: Ֆեյսբուքյան հեռարձակմամբ ցուցադրվեց նաև ճամբարի տեղադրումը:

Ապրիլի 1-ին, հիշեցնելով հումորի օրվա մասին, Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց ծաղրանկար՝ առաջարկելով քաղաքացիներին քաղաքական անեկդոտներ գրել մեկնաբանությունների տեսքով:

Շարժումը սկսվել է Շիրակի մարզկենտրոն Գյումրիի Վարդանանց հրապարակից, որտեղ էլ իր քայլը սկսեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Քայլերթի անդամները, 14 օրերի ընթացքում քայլելով շուրջ 200 կմ ճանապարհ, ապրիլի 13-ին՝ ժամը 18։30-ին, լինելու են Ազատության հրապարակում, որտեղ էլ մեկնարկելու է հանրահավաքը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի և ընդդեմ ՀՀԿ-ի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter