HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտելիքի տեղայնացում. կրթական նոր մոտեցումների ու առկա համակարգի բախումը

Սոս Ավետիսյանի հետ հանդիպեցինք Երևանի սրճարաններից մեկում, իսկ ԱՄՆ-ում գտնվող Արթուր Մակարյանի հետ զրուցեցինք սոցիալական ցանցի միջոցով։ Աշխարհի լավագույն համալսարաններում սովորած ու սովորող այս երիտասարդների միջև տարբերությունը կրթության ընթացքում նրանց կուտակած փորձն է։

Սոս Ավետիսյան. Կրթությունը՝ ոչ միայն պետությանը, այլև հանրությանը ծառայելու միջոց

(Օքսֆորդի համալսարանի ռուսագիտության և արևելաեվրոպագիտության բաժնի շրջանավարտ: «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու: «Բաց Հասարակության Հիմնադրամների» «Քաղաքացիական հասարակություն»  ծրագրի պատասխանատու: Երևանի Պետական Համալսարանի դասախոս:)

Օքսֆորդի համալսարանում մենք վճարում էինք երկու բանի համար՝ լավ գրադարան ունենալու ու մասնագիտական քննադատություն լսելու։ Քննադատությունը կառուցողական էր, այն չէր փաստարկվում, օրինակ, դասախոսի 20 տարվա աշխատանքային փորձով։

Առհասարակ, ընկալում կա, որ աշխարհի լավագույն համալսարաններից մեկն ավարտելուց հետո, երբ Հայաստան ես վերադառնում, պիտի անպայման դառնաս պետական համակարգի մասնիկը: Պարտադիր չէ։ Պետության զարգացման համար կարևոր է հենց հասարակության ու քաղհասարակական կառույցի զարգացումը: Կրթված քաղաքացին ծառայում է ոչ միայն պետությանը, այլև հանրությանը:

Վերադառնալուց հետո ես մոտ մեկ տարի միայն դասավանդել ու հետազոտություններ եմ արել։ Սակայն Հայաստանի կրթական համակարգում չկա կրթական էթիկա, մասնագիտական քննադատության պահանջ ու ակադեմիական ազատություն: Ավելին, համալսարանները պետական համակարգի մի մասն են միայն, մինչդեռ պիտի ուսանողակենտրոն լինեն: Կան մի քանի «փարոս» դասախոսներ, բայց ընդհանուր համակարգը ճահճացած է ու հնացած։

Եթե ուսանողները դպրոցում, համալսարանի չորս տարիների ընթացքում միևնույն համակարգի կանոններով են սովորում, շատ դժվար է մագիստրատուրայի մեկ կիսամյակի ընթացքում նրանց նոր համակարգին ընտելացնելը։

Մյուս կողմից՝ շատ կարևոր է, որպեսզի արտերկրում սովորած նորարարական մոտեցումները համատեքստից լիովին անջատ ու «լուսավորյալ» չլինեն։ Շատերն ընկնում են ձևի հետևից ու կորցնում են բովանդակությունը։ Համալսարանում դասախոսելիս՝ ես փորձում եմ հենց բովանդակությունը փոխել, քաջալերում եմ ուսանողներին բաց լինել քննադատության առաջ ու քննադատել ինձ։

Ու պարտադիր չէ աշխարհի լավագույն համալսարաններից մեկում սովորել՝ այս մեթոդները յուրացնելու համար։ Բազմաթիվ ուսանողներ արտերկրում էլ չեն կարողանում հարմարվել այս մոտեցումներին։ Առհասարակ, այլ երկրում սովորելիս ուսանողների ցանկություններն էլ են երկուսը՝ թողնել ամենն ու հետ վերադառնալ, կամ էլ, մոռանալ ամենն ու մնալ։

Երբ անհատը փակ է օտար հասարակության նորմերի առաջ, նրա մշակութային պատկերացումները ներփակվում են գետտոյական խմբերում, նա միայն իր հայրենակիցների հետ է շփվում ու հիշում, թե ինչ լավ էր իր հայրենիքում։ Սակայն մնալ, թե վերադառնալու մասին կաղապարված ընկալումներ չեն էլ առաջանա, եթե անհատը վստահ լինի իր կուտակած գիտելիքի ու այդ գիտելիքը գործնականում կիրառելու իր ունակության վրա։

Ու ես Հայաստան չեմ վերադարձել միայն հայրենասիրական մղումով, ես եկել եմ, քանի որ այստեղ ավելի մրցակցային մասնագետ կարող եմ լինել։ Ի վերջո, Օքսֆորդի համալսարանն ավարտելուց հետո, դու այնտեղ հերթական շրջանավարտ ես, իսկ Հայաստանի աշխատաշուկայում առաջնահերթություն ես:

Բացի այդ, արտերկրում սովորելով՝ ես ոչ միայն մրցակցային մասնագետ դարձա մեր երկրում, այլև սկսեցի Հայաստանը դիտարկել երկու կողմից՝ որպես հայ ու որպես աշխարհաքաղաքացի։ Միայն այս երկուսի համադրմամբ կարելի է տեսնել ու հասկանալ երկրումդ գոյացած խնդիրներն ու բացթողումները։

Արթուր Մակարյան. Փորձի փոխանակումը` գիտելիքի կիրառման անհրաժեշտություն

(Կոլումբիայի համալսարանի թատերական ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թատրոնի և Ջուլիարդ կոնսերվատորիայի oպերային բեմադրությունների ռեժիսոր:)

Հայաստանի կրթական համակարգի լավագույն կողմերից մեկն այն է, որ համալսարանը ապահովում է ուսանողի բազմակողմանի զարգացումը: Երբ ես գնացի Ֆրանսիա, հետո եկա Միացյալ Նահանգներ, հասկացա, որ այստեղ մարդիկ ուսումնասիրում են կոնկրետ ոլորտներ՝ իրենց գիտելիքները սահմանափակելով այդ ոլորտներում: Ես դժգոհություններ չունեմ կրթության այն որակից, որ ստացել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

Հայաստանում թատերական ոլորտում աշխատելիս էր, որ արհեստականորեն ծնվող կոնֆլիկտները  ինձ ստիպեցին հասկանալ, որ միջավայրի փոփոխության ու միջմշակութային փոխանակման կարիք ունեմ: Կուլումբիայի համալսարան ընդունվելու պատճառը ոչ թե կրթության որակի փոփոխության կարիքն էր, այլ իմ մասնագիտության մասին ավելի լայն պատկերացումներ ունենալու ցանկությունը:

Հայաստանում ես ստացա հիմնավոր գիտելիք, բայց ունեի շատ վախեր՝ գիտելիքը արտահայտելու, այն գործնականում կիրառելու: Ֆրանսիայում ես սովորեցի համակարգել իմ ստացած գիտելիքն ու մտքերս ճիշտ կառուցել, իսկ Կոլումբիայի համալսարանը ինձ տվեց պրոֆեսիոնալիզմ, սովորեցրեց ճիշտ աշխատել ու հավասարաչափ բաշխել ուժերը աշխատանքում: Այս ամենին ես հասա երեք համալսարաններից ստացած կրթության համադրումով:

Հայաստանում չես կարող հասնել այսպիսի պրոֆեսիոնալիզմի ոչ թե ֆինանսական խնդիրների պատճառով, այլ առաջին հերթին՝ մոտեցման. ԱՄՆ-ում ուշադրության կենտրոնում երիտասարդներն են, իսկ Հայաստանում՝ միջին տարիքից բարձր պրոֆեսիոնալները, ու այդ պրոֆեսիոնալները թերահավատորեն են մոտենում երիտասարդներին:

Այնուամենայնիվ, ինչպես բոլոր ոլորտներում, թատերական ոլորտում ևս փոփոխություններ լինում են. օրինակ այժմ թատերական ռեժիսուրայի ոլորտում ավելի շատ իգական սեռի ներկայացուցիչներն են, ու դա ուրախալի է:

 Արթուր Մակարյանը՝ ձախից

Ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալուն՝ ես պատրաստ եմ տարվա որոշակի հատվածում աշխատել Հայաստանում, եթե հրավեր ստանամ: Երբ ամռանը բեմադրում էինք «ՀամլետMachine» մոնոներկայացումը ու դիմում էինք տարբեր թատրոնների՝ մեզ տարածք տրամադրելու համար, բոլորը միայն բյուջեից էին հարցնում: Իսկ երիտասարդների հետ չի կարելի «փողի լեզվով» խոսել:

Հայաստան վերադառնալու իմաստը փորձի փոխանակումն է: Եթե դու չես կարողանում կիրառել ստացածդ գիտելիքն ու այն փոխանցել ուրիշներին, ապա անիմաստ է վերադառնալը: Թատերական ոլորտում այս խնդրի լուծումը միջազգային փորձին տիրապետող հայ երիտասարդ մասնագետներին Հայաստան հրավիրելն է, բեմադրություններ անելու հնարավորություն ընձեռելը: Ոչ մի հիմնադրամ կամ կազմակերպություն պարտավոր չէ ստեղծել հարթակ՝ թատերական նախագծերի իրականացման համար այն երկրում, որտեղ կան բազմաթիվ պետական թատրոններ:

Ի վերջո, կարիք չկա աշխարհագրության վրա կենտրոնանալու: Կարելի է գործնականում կիրառել ողջ գիտելիքը աշխարհի ամեն կետում, որտեղ կա դրա հնարավորությունը, սակայն դա չի նշանակում, որ պետք է Հայաստանը բացառել այդ ցանկից: Իմ պարագայում՝ դա տարին գոնե մեկ նախագիծ իրականացնելն է Հայաստանում, իմ ստացած գիտելիքի մի մասը փոխանցելը այն հայ երիտասարդներին, որոնք բաց են այն ընդունելու առաջ:

Լիա Շահնազարյան, Քնարիկ Մարտիրոսյան,  

Լուսանկարները՝ Սոս Ավետիսյանի և Արթուր Մակարյանի անձնական արխիվներից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter