HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընդդեմ Ադրբեջանի. ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է Չինարի գյուղի մոտ զոհված երեք զինվորների գործը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է «Գրիգոր Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործը: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ սա բոլորովին նոր համատեքստ է։ Եթե 2016թ․ ապրիլյան գործերը վերաբերում էին Ադրբեջան-ԼՂՀ զինված ընդհարմանը, ապա այս գործը վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությանը։ 

Այն կոմունիկացվել է Եվրոպական կոնվենցիայի երեք հոդվածներով՝ կյանքի իրավունք (հոդված 2), իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք (հոդված 13) և խտրականության արգելում (հոդված 14):

Նշենք, որ 2016թ. դեկտեմբերի 29-ի առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ: Այդ գործողությունների ժամանակ հայկական կողմը կրել էր կորուստներ: Զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, շարքայիններ Էդգար Նարայանը և Էրիկ Աբովյանը:

Արա Ղազարյանի խոսքերով՝ մինչ այժմ ունեցել ենք Արցախ-Ադրբեջան զինված բախումների ընթացքում մարդու իրավունքների խախտումներ: Դրանք ապրիլյան քառօրա պատերազմի դեպքերն էին: Այդ գործերը ՄԻԵԴ-ում արդեն կոմունիկացվել են, և վիճելի է իրավազորության հարցը: Իսկ դրանից առաջ եղել է հայ-ադրբեջանական սահմանի վրա քաղաքացիական անձանց գերեվարում և այդ քաղաքացիների նկատմամբ ինչ-ինչ գործողությունների կատարում, որոնց հետևանքով այդ մարդիկ կամ մահանում էին, կամ՝ խոշտանգվում Ադրբեջանում:

«Առաջին անգամ է, որ ոչ թե քաղաքացիական բնակիչ և Ադրբեջանի զինված ուժեր, այլ երկու պետությունների զինված ուժերի զինվորների միջև տեղի ունենցած բախումը հետաքրքրում է Եվրոպական դատարանին: Սա, մի կողմից, կարծես թե զինված ընդհարում է, չի կարգավորվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, բայց մյուս կողմից չի էլ հերքում մարդու իրավունքների խնդրի առաջանալը, եթե պատերազմական գործողություններ են, կամ զինված բախում է տեղի ունեցել»,- ասում է Արա Ղազարյանը:

Այս դեպքը տարբերվում է նաև նրանով, որ նշված ժամանակ մարտական գործողություններ չեն ծավալվել, եղել է դիվերսիոն ներթափանցում այն դեպքում, երբ վերջիններիս նկատմամբ սպառնալիք չի եղել:

Տվյալ պարագայում, Հայաստանի տարածքում մեր զինվորները զոհվել են զինված բախման հետևանքով: Արա Ղազարյանի խոսքերով՝ սա արդեն նշանակում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտ սահմանի վրա, թեև փոքր, բայց զինված բախում: Նրա կարծիքով՝ մի բան է քաղաքացուն սահմանից առևանգելը, բոլորովին այլ բան է, երբ զինվորն է սահմանի վրա զոհվում ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցչի արձակած գնդակից: ՄԻԵԴ-ն այստեղ տեսել է մարդու իրավունքների խնդիր, և փաստերն այստեղ առանձնահատուկ էին:

«Եթե մեր զինվորը սպանվում է իր տարածքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, դա նշանակում է, որ Ադրբեջանի զինվորականը կամ պետության ներկայացուցիչը գործադիր իշխանություն է կիրառում մեր տարածքում, որի արդյունքում որոշում է կայացնում անձին կյանքից զրկել»,- ավելացրեց Ա. Ղազարյանը:

Այդ դիվերսիոն ներթափանցման ժամանակ Հայաստանի տարածքում էր մնացել ադրբեջանական զինծառայող Չինգիզ Գուրբանովի դին: Նրա իրավահաջորդները Հայաստանի դեմ ևս գանգատ են ներկայացրել, սակայն մարմինը ուշացումով Ադրբեջան վերադարձնելու հիմքով: Հայկական կողմը դին վերադարձրել էր մոտ մեկ ամիս անց, սակայն զուտ այն պատճառով, որ հարուցվել էր քրեական գործ, և տեղի էր ունենում դատաբժշկական փորձաքննություն:

Ադրբեջանը, սովորության համաձայն, հետմահու փառաբանել էր Գուրբանովին, բարձր գնահատել նրա գործողությունները: Գուրբանովին շնորհել էին « Ադրբեջանի ազգային հերոս» կոչումը և նրա անունով փողոց էին անվանակոչել:

Արա Ղազարյանի խոսքերով, որպես կանոն՝ Ադրբեջանը ՄԻԵԴ-ին ասում է, թե իրենք գտնում են, որ զինված բախումը 1994 թվականից հետո էլ անընդհատ շարունակվում է, ինչը ձևական մեկնաբանություն է: Ղազարյանի կարծիքով՝ զինված բախում լինել-չլինելը որոշվում է տվյալ պահին, կոնկրետ իրավիճակից ելնելով, այլ ոչ թե 20 տարի առաջ եղած պատերազմն ինքնըստինքյան շարունակվում է:

Նշենք, որ այս գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը նաև Արտակ Զեյնալյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter