
Կառավարությունն առաջարկում է Նաիրիտ գործարանից շենք օտարել ԱԻՆ-ին
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառված պահեստը, ծածկը, դրանց սպասարկման և օգտագործման հողատարածքը հանձնել արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին: Մոտ 4000 քմ մակերեսով պահեստը օգտագործվելու է թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների պահեստավորման և պահպանման նպատակով:
Մասնավորապես՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին փոխանցվելու է Երևան քաղաքի, Շենգավիթ Թամանցիների փողոց 56/6 հասցեում գտնվող` 3961 քմ մակերեսով պահեստը, 24,8 քմ ծածկը: Գույքը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից սկզբում փոխանցվելու է պետական գույքի կառավարման վարչությանը, որից էլ՝ ԱԻՆ-ին:
Որոշման նախագիծը կառավարությանն է ներկայացրել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Ըստ նախագծի՝ գույքը 2017 թվականին անկախ գնահատողի կողմից գնահատվել է 301 միլիոն դրամ: Փոխանցվող գույքի վերանորոգումը իրականացվելու է միջազգային համագործակցության շրջանակներում հատկացված դրամաշնորհների միջոցների հաշվին:
Նախարարության փոխանցմամբ՝ գործարանի տարածքի նախկին պահեստի շենքում կպահեստավորվեն Նուբարաշենի ժամկետանց կայուն օրգանական աղտոտիչներով թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնները: Նախարորությունը հավաստում է՝ պահեստը համապատասխանելու է փաթեթավորված թափոնի ժամանակավոր պահեստավորման միջազգային պահանջներին։
Որոշման նախագիծը ներկայացվել է պետական մի շարք մարմինների քննարկմանը: Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ 2018 թվականի ընթացքում գույքի պահպանման համար պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի հատկացման անհրաժեշտություն չի առաջանալու: Սակայն չի հստակեցվել, թե 2018 թվականին հաջորդող տարիներին նման անհրաժեշտություն առաջանալու է, թե ոչ: Ֆիննախն առաջարկել է, ծախսեր առաջանալու դեպքում, դրանք իրականացնել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի սեփական միջոցների հաշվին:
Այս դիտարկմանն ի պատասխան՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից նշել են, որ 2018թ. հաջորդող տարիների ընթացքում գույքի պահպանման նպատակով պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման հարցը այս որոշման մեջ առարկա չէ: Հետագա տարիների ընթացքում պետբյուջեից այդպիսի միջոցների հատկացման կամ չհատկացման հարցը իր կարգավորումը կարող է ստանալ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ֆիննախը նաև հայտնել է, որ ՊՈԱԿ-ին 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանն աջակցելու նպատակով տրամադրվել է ավելի քան 163 միլիոն դրամ:
Մեկնաբանել