HY RU EN

Սեդա Ղուկասյան

Պատգամավորներն առաջարկում են դեղերի ներկրման թույլտվություն տալ հիվանդանոցներին

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը դեղերի խնդրով դիմել է վարչապետին, ստեղծվել է աշխատանքային խումբ, և հանձնաժողովի այն անդամները, ովքեր ցանկություն ունենան, կարող են մասնակցել աշխատանքային խմբի աշխատանքներին։ Այս մասին հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ապա սկսվեց մի խումբ պատգամավորների ներկայացրած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկումը։ Պատգամավորներն առաջարկում են դեղեր ներկրելու իրավունք վերապահել նաև հիվանդանոցներին, բայց միայն վերջիններիս գործունեության համար. այդ դեղերը չեն կարող վաճառվել։

«Մի տեսակ անտրամաբանական է, երբ առողջապահություն իրականացնող հիմնարկ-ձեռնարկությունները իրավունք չունեն ուղիղ դեղեր գնելու իրենց բնականոն գործունեությունն իրակացնելու համար։ Սա նույնն է, որ հացթուխն իրավունք չունենա ալյուր գնելու, շինարարը՝ շինանյութ գնելու։ Կարծում եմ՝ այս տրամաբանությունը ճիշտ չէ»,- ասաց նախագծի հիմնական զեկուցող Հակոբ Հակոբյանը։

«Մենք առաջարկում ենք հետևյալը՝ այն հիվանդանոցները, որոնք ունեն համապատասխան ծառայություններ դեղերի պահպանման համար, վերջիններիս տալ իրավունք, որ կարողանան իրենց նպատակների իրականացման համար գնումներ կատարեն։ Մենք չենք տալիս հիվանդանոցներին դեղ վաճառելու իրավունք, այլ՝ իրենց հիվանդներին բուժման նպատակով դեղ ներկրելու իրավունք»,- ասաց հիմնական զեկուցողը։

Պատգամավորներն առաջարկում են նաև օրենքում ամրագրել, որ ֆիզիական անձինք անձնական օգտագործման համար կարող են Հայաստան ներմուծել կամ Հայաստանից արտահանել դեղորայք՝ առանց համապատասխան հավաստագրի։

Հանձնաժողովի անդամ, ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն անդրադարձավ Կառավարության բացասական եզրակացությանը։ Հակոբյանը հստակեցրեց՝ Կառավարությունը ոչ թե իրենց առաջարկին է դեմ, այլ՝ հիվանդանոցին նման իրավունք տալը, Կառավարության համոզմամբ, «կշեղի իր բուն գործունեությունից»։

«Իրենք բոլորը կզբաղվեն դեղերի վաճառքով, բայց մենք ասում ենք, որ իրենք պետք է ներկրեն միայն իրենց կարիքների համար՝ համապատասխան հիվանդանոցային դեղատուն ունենալու պայմանով»,- նշեց Հակոբ Հակոբյանը։

Հարցի հարակից զեկուցող, Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը մանրամասնեց՝ խնդիրը լայնորեն քննարկվել է նախարարությունում։

«Երբ մենք ասում ենք՝ հիվանդանոցն իր կարիքների համար դեղի ներկրում է իրականացնում, դա նույն գործունեությունն է, ինչ օրենքով սահմանված կարգով իրականացնում են այն կազմակերպությունները, որոնք մեծածախ իրացման լիզենզիա են ստանում»,- ասաց փոխնախարարը։

Խաչատրյանի համոզմամբ՝ այդ կերպ անհավասար պայմաններ կարող են ստեղծվել դեղերի շրջանառությամբ զբաղվող ընկերությունների համար։ Փոխնախարարը հավելեց՝ դեմ չեն հետագա քննարկումներին, միգուցե կարիք կա որոշ խմբերի դեղերի ներկրման համար թույլտվություն վերապահել հիվանդանոցներին։

Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելով առաջիկա քառօրյայի նիստերի օրակարգ։