Հայաստանի անտառները՝ կորստյան վտանգի առաջ
Կարինե Դանիելյան
Հայաստանի անտառները տարեցտարի կրճատվում են' ավելացնելով անապատացող տարածքների թիվը: Անտառն այլեւս պետության բացառիկ սեփականությունը չէ: Անտառի իրական տերերը դարձել են գործարար բիզնեսի առաջատար անձինք, որոնցից շատերը Ազգային ժողովում են եւ կառավարությունում, մարզպետներ են, հայտնի գործարարներ, կոմիտեի նախագահներ ու վարչության պետեր: Անտառի ոչնչացման հեղինակները մարդիկ են, ովքեր ի պաշտոնե ու կոչման պարտավոր են պահպանել այն:
Հայաստանում անտառն ընկալվում է նախ եւ առաջ իբրեւ փայտանյութի արտահանման ու վերամշակման, իբրեւ հեշտ հարստացման ոսկե աղբյուր: Պաշտոնական տեղեկատվությամբ, նախորդ տարի շինափայտի ու տախտակի իրացման հիմնական մասը բաժին է ընկել արտահանմանը:
Անտառանյութ չներմուծող Հայաստանում ակտիվորեն գործում են փայտանյութ մշակող բազմաթիվ ձեռնարկություններ, ինչպես հայ-իսպանականը, Գոլդեն Վուդը: Կան կազմակերպություններ, որոնք պայմանագրեր են կնքում իբր անտառում խնամքի ու պահպանության աշխատանքներ կատարելու համար: Բայց սանիտարական հատումների անվան տակ անտառից թալանում են ուզածների չափ: «Կանաչների միության» ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանի անտառներից ամեն օր միջին հաշվով 7-10 խ/մ փայտ է հատվում:
«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության ղեկավար Նազելի Վարդանյանի վկայակոչմամբ եւ մաքսատնից ստացված տվյալների համաձայն՝ մեր անտառանյութն այսօր ակտիվորեն արտահանվում է Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Պարսկաստան, նույնիսկ՝ Թուրքիա: Ընդ որում, այս բոլոր երկրներում շատ ավելի հրաշալի անտառներ կան, քան Հայաստանում: Միայն անցյալ տարի արտահանվել է մոտ 80 հզ խ/մ անտառանյութ: Արտառոցն այն է, որ արտահանումների համար ոչ ավելացրած արժեքի հարկ, ոչ մաքսատուրքի վճար չի նախատեսվում:
Սյունիք
Հայաստանում անխնա բզկտվում են նույնիսկ արգելավայրերը, որոնք կոչված են պահպանելու բուսական ու կենդանական էտալոնային տեսակները:
Մեղրիի անտառտնտեսության Բոխաքարի արգելավայրի «Մուլք» անվանվող տեղամասում հենց այս ընթացքում էլ սանիտարականի անվան տակ հատվում են կաղնու անտառները:
Մեղրիի անտառաշերտի հիմնական ծառատեսակները կաղնին են ու գիհին, անտառների տարեկան աճը անտառշինարարության փաստաթղթերով 200 խ/մ է, անտառին չվնասելու համար հենց այդքան էլ պիտի հատվի, բայց գերհատումները սովորական իրողություն են այստեղ: 2-3 անգամ ավելի շատ հատումներ են կատարվում' տարեկան 600 խ/մ: Պլանային այդ թվերը նախապես ներկայացվում են «Հայանտառին», այսինքն՝ ապօրինությունն իրականացվում է պետական կառույցի գիտությամբ ու թույլտվությամբ:
Բոխաքարում հատումների հիմնական զոհը կաղնին է:
Անտառային հատվածներն այստեղ աստիճանաբար բացատների են վերածվում, որովհետեւ հատումներն ամեն տարի կատարվում են նույն' հատման ու տեղափոխումների համար մատչելի հատվածներից: Արդեն լիովին անհետացել է Լիճք գյուղի մերձակա դաշտապաշտպան անտառաշերտը:
Կաղնու բնապահպանական եւ տնտեսական արժանիքները անգնահատելի են. այն լավագույն շինափայտն է եւ ջրակարգավորիչ, կլիմայի կարգավորիչ դերակատարմամբ համարվում է Հայաստանի անտառների գլխավոր ծառատեսակը:
Ներկայացնենք մի ուշագրավ փաստ. վերջին տարիների ընթացքում Երեւանի կոնյակի գործարանի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ գործարանին տարեկան հատկացվել է 150հզ խ/մ բարձրորակ կաղնի:
Հիշեցնենք, որ հնամյա կաղնիների վերականգնումը հնարավոր չէ կանխատեսել անգամ առաջիկա հարյուրամյակի ընթացքում:
Արտանիշ
Գեղարքունիքի մարզում անտառների մերձակա գյուղերի բնակչությունն իր կարիքները հոգում է հատուկ պահպանվող տարածքներից, ուր նույնիսկ սան-հատումներ արգելվում է իրականացնել: Մարդու ավերիչ միջամտության զոհ է դարձել անգամ արտասովոր կենսաբազմազանությամբ հայտնի Արտանիշի արգելավայրը, ուր պահպանման ենթակա են 1000 տեսակ բարձրակարգ բույսեր: Իբրեւ վառելափայտ օգտագործվում է նույնիսկ բժշկական ու գեղույքի ասպարեզում փառաբանված գիհին: Անտառները համայնքների տնօրինությանը հանձնելու վերաբերյալ օրենսդրական վերջին փոփոխությունը միայն նպաստեց մարդկային գիշատիչ գործունեության ծավալմանը: Արտանիշի 10 հա-ի վրա ափամերձ շինություններ են կառուցվել: ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Հարություն Փամբուկյանը մոտ 40 հա հողատարածք ունի այստեղ:
Ծաղկաձոր
Անտառից մաս-մաս պարիսպներով ու ցանկապատերով բաժանվում են հսկայական տարածքներ' տրամադրվելով առանձնատների ու հյուրանոցային համալիրների տնօրինությանը: Նախկին ճամբարների ու առողջարանների վաճառքից հետո դրանց նոր տերերը ընդարձակել ու ընդարձակում են կառուցապատումների նախագծային սահմանները:
Անտառը քաղաքաշինական ավար դարձնելու գործընթացին պետությունը հետեւում է փակ աչքերով:
«Մուլտի էյր» ՍՊԸ-ն 26 քոթեջներով հանգստյան տուն է կառուցում այստեղ: Նախկին Տերեշկովայի անվան ճամբարից վեր արդեն առանձնատների ավան է առաջացել: Հենց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանի հավաստմամբ, Ծաղկաձորի նախկին 15 ճամբարները եւս իրացվել են, բայց այստեղ դեռեւս շինարարություն չի սկսվել: Այսինքն՝ անտառում նոր բացատներ առաջանալու հեռանկարը դեռ առջեւում է: Մինչդեռ «Ծաղկաձորի ծառուտները գտնվում են բարձրաստիճան թեքությունների վրա եւ այդ հատվածներում անտառի նոսրացումն օրենքով անթույլատրելի է»,-հավաստում է «Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա» կազմակերպության նախագահ Սրբուհի Հարությունյանը:
Որեւէ լուրջ հետազոտություն չի արվել, թե այս տարիների ընթացքում հոշոտված այս տարածքներից բուսական ու կենդանական աշխարհի քանի տեսակ է անդարձ վերացել: Միակ հաշվարկը տեղացիների հայեցողական դիտարկումներն են: Անհետացել են նապաստակները, սկյուռներն ու աղվեսները, կխտարները, որոնց առաջներում կարելի էր հանդիպել անգամ անտառեզրերին, արծիվներն ու բվերը:
Դիլիջան
Խորհրդային տարիներից մինչեւ 2002 թվականը Դիլիջանի անտառները պետական արգելոցի սահմաններում են եղել: Այսինքն՝ տնտեսական շահագործման հետ ցանկացած այլ տեսակի գործունեություն արգելվել է: Անտառների խտությունն այստեղ 0,9 տոկոսից հասել է 0,2-0,3 տոկոսի: Դիլիջանի արգելոցի 902 բուսատեսակներից 40-ը անհետացող են, 29-ը ընդգրկված է Կարմիր գրքում: Անտառի վայրի շահագործման հետեւանքով դրանց մեծ մասը հայտնվել է իսպառ անհետացման եզրին: Վերջնականապես վերացել է Դիլիջանի բնաշխարհի հպարտությունը' կովկասյան ազնվացեղ եղջերուն:
Դիլիջանի գլխավոր անտառագետ Սուրեն Աղաջանյանը հավատացնում է, որ նախկին արգելոցային կարգավիճակն ինչ-որ տեղ օգնել է զանգվածաբար ոչնչացված տարածքների սակավությանը, այսինքն՝ չկան հատվածներ, որ անհնար լինի վերականգնել: Այնուամենայնիվ, Դիլիջանի անտառներն ակնհայտորեն զրկվել են լավագույն ծառատեսակներից: Այնքան տարածված հաճարենու մայրացու տեսակները հատվել են եւ նույնիսկ վերարտադրության համար սերմ հավաքելու հնարավորություն չկա այսօր:
Ստեփանավան
Պաշտոնական տվյալներով՝ 2004թ. անտառօգտագործման բնագավառում հատումներ չեն նախատեսվել: Թե որքանով է իրականությանը համապատասխանում այդ որոշման իրագործումը, կարելի է համոզվել՝ դարձյալ ներկա պահին այցելելով Ստեփանավանի սոճուտները: Գարնանից մինչ օրս այստեղ շարունակվում են սոճիների անխնա, բարբարոս հատումները: Մոտ 10-15 հա-ի վրա ոչնչացվել է Հոփարցի գյուղի մերձակա սոճուտը, Գյուլագարակում զանգվածային ջարդ է իրականացվել, գետնին է հավասարեցվել Վարդաբլուր գյուղի սոճիների մեծ մասը: Բարբարոս հատումներն ու անտառանյութի տեղափոխումն իրականացվում է գյուղացիների ու իշխանությունների աչքի առաջ: Տեղացիների վկայությամբ, Ստեփանավանում առայսօր դեռեւս նման ծավալների սպանդ չի եղել: Ամեն ինչ սկսվեց անցյալ տարի, երբ քաղաքի «ստրելբիշա» կոչվող անտառամասում 1,5 հա-ի վրա հատվեցին առաջին սոճիները: Հեղինակներն անպատիժ մնացին:
Ստեփանավանը բառացիորեն զրկվել է բնության անգնահատելի պարգեւից, որի շնորհիվ այս տարածքը տասնամյակներ առողջարանային համբավ է ունեցել: Միայն այս տարի, պաշտոնական տվյալներով, այս տարածաշրջանում ապօրինի հատվել է 750 ծառ: Նման պայմաններում անտառվերականգնման ոչ մի միջոցառում անգամ նվազագույն փոխհատուցում լինել չի կարող:
Հայաստանում անտառների պահպանության ու վերահսկողության պայմաններն ու միջոցները խղճուկ են
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 1 հա անտառի պահպանման համար պետբյուջեից հատկացվում է տարեկան 240 դրամ:
Անտառապահների աշխատավարձը 12 հազար դրամից չի անցնում, ո՛չ զենքով, ո՛չ ձիերով, ո՛չ էլ տանսպորտային որեւէ փոխադրամիջոցով ապահովված չեն: Պարզ է, որ նրանք այդ գումարին ու հնարավորություններին ի պատասխան՝ անտառն օր ու գիշեր հսկելու պարտավորությունից ազատել են իրենց: Ավելին, իբրեւ ցածր աշխատավարձի «փոխհատուցման» միջոց' իրենք նույնպես օգտվում են անտառի բարիքներից:
Անցած տարվա հաշվարկներով, նույնիսկ պաշտոնյաների խոստովանությամբ, նախատեսված 70 հզ հա սանիտարական հատումների փոխարեն ապօրինի հատվել է 700 հզ խ/մ փայտ: Անկախ փորձագիտական տվյալներն ավելի մեծ թիվ են նշում' 1 մլն խ/մ: Եվ քանի որ այդ հատումներն ապօրինի են, պետբյուջե էլ ոչ մի լումա չի մտնում:
Հիշեցնենք, որ նույնիսկ ժամանակավրեպ դարձած Անտառային հին օրենսգիրքն արգելում է արտադրական նպատակներով արդյունաբերական հատումները, եւ խնամքի ու սանհատումներից զատ այլ բան չի արտոնում:
Շատերը կարծում են, որ անտառներն այսքան չէին տուժի, եթե դրանք ղեկավարեին մասնագետ կադրերը: Հատումների փոխարեն գոնե վերականգնողական ինչ-ինչ միջոցառումներ կձեռնարկեին: Վերջին տարիներին մասնագետ կադրերի մեծ մասը պարզապես դուրս շպրտվեց անտառներից:
Իշխանությունների հովանավորությամբ անտառների հոշոտումն իրականացնում են ոլորտից հեռու, պատահական մարդիկ: Բերենք միայն Մեղրիի անտառտնտեսության օրինակը: Մեղրիի անտառտնտեսության տնօրեն Սուրիկ Հովհաննիսյանը ֆինանսական տեխնիկումի շրջանավարտ է: Կապանի անտառտնտեսության տնօրենը մասնագիտությամբ մանկավարժ է: Ի դեպ, վերջին 10 տարվա ընթացքում այս տնտեսությունում 10 տնօրեն է փոխվել:
Այս տարի Մեղրու անտառները կաղնու լավ բերք տվեցին, սակայն սերմը մթերելու եւ գոնե 2-3 հա ցանքս կատարելու ոչ մի միջոցառում չեղավ: Մինչդեռ, մթերումներ կարելի էր անել գոնե մյուս անտառտնտեսություններին տալու համար:
Մարդկային գործոնից զատ այսօր Հայաստանի անտառներին հսկայական վնաս են պատճառում նաեւ վնասատուները: Միջազգային փորձագետների տվյալներով, Հայաստանի անտառտարածքների 15-20 հզ հա-ն վարակված է զանազան վնասատուներով: Դրանց պատճառով Եղեգիսում 450 հա անտառներ ոչնչացան, մեծ կորուստներ կրեցին Բյուրականի անտառները: Ամառային ամիսներին ոսկետուտ կոչվող վնասատուն հատկապես Արագածոտնի ու Կոտայքի մարզերում աննկարագրելի ավերածություններ է գործում: Անտառի հանդեպ զուտ սպառողական վերաբերմունքը պատճառ է դարձել, որ այս խնդիրը եւս ետին պլան մղվի:
Բացատների վերածված անտառները բառացիորեն անպաշտպան են դարձել նաեւ բնության անակնկալների հանդեպ: Լավագույն ապացույցն այս տարվա մարտի 5-ի պտտահողմն էր, որ Լոռվա եւ Տավուշի մարզերում գետնին հավասարեցրեց հազարավոր ծառեր: Արծվաբերդի, Նոյեմբերյանի, Ստեփանավանի, Լալվարի անտառտնտեսություններում կուտակվեց 85 հզ խ/մ փայտանյութ, ամենամեծ կորուստը կրեց æիլիզայի հատվածը: Մասնագետների բացատրությամբ, նման փոթորիկներ էլի եղել են, բայց ոչ այսպիսի հետեւանքներով: Խիտ անտառներին քամին երբեք նման վնաս պատճառել չէր կարող: Եվ աղետի կրկնությունը միանգամայն հավանական է նոսրացած այլ անտառաշերտերում եւս:
Անցյալ տարի Նախագահի վերահսկողական ծառայությունը հաշվետվություն ներկայացրեց «Հայանտառում» արձանագրված ապօրինությունների մեծ ծավալների վերաբերյալ: Սակայն գործընթացը կես ճանապարհին ընդհատվեց, այդպես էլ քրեական գործեր չհարուցվեցին օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու համար: Անպատժելիությունը Հայաստանի անտառների ոչնչացման գլխավոր խթանն է դարձել:
Մասնագետները պնդում են, որ նույնիսկ էներգետիկ ճգնաժամի տարիներին անտառների հոշոտումն այսպիսի արագությամբ չէր կատարվում: Ցավալին այն է, որ շատ տեղերում այդ կորուստներն այլեւս անհնար է վերականգնել:
Ապօրինի ծառահատումներով զբաղվող ամերիկահայ æեֆրի Թուֆենկյանի հաշվարկներով, նման տեմպերով անտառահատումները շարունակվելու դեպքում 20 տարի հետո Հայաստանը լիովին զրկված կլինի անտառներից: 1993թ. անտառներում կատարված վերջին գույքագրումների համաձայն՝ անտառային կանաչ ծածկույթը Հայաստանում կազմել է հանրապետության տարածքի 11,2 տոկոսը: Թեեւ ապօրինի հատումներն այսօր էլ չեն դադարել, պետական վիճակագրությունը շարունակում է ներկայացնել նույն թիվը: ՄԱԿ-ի փորձագետներն այդ ցուցանիշի ուղիղ կեսն են նշում' 4,5 տոկոս:
Անտառային նոր օրենսգրքի նախագծով, որը շուտով կներկայացվի կառավարությանը, անտառը զրկվում է պետական հովանավորությունից՝ դադարելով նրա բացառիկ սեփականությունը լինելուց: 13-րդ հոդվածի համաձայն՝ անտառի նկատմամբ սահմանվում են սեփականության տարբեր իրավունքներ' անտառային հողերը կարող են հանդիսանալ ՀՀ-ի, համայնքների, իրավաբանական անձանց եւ քաղաքացիների սեփականությունը: Ներմուծվում է նույնիսկ արտադրական անտառ հասկացությունը, այսինքն՝ օրինականացվում է անտառի վայրի շահագործումը, ամրագրվում նրա հանձնումը շուկայական չկայացած հարաբերություններին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել