HY RU EN

Արաքս Մամուլյան

«Արդշինբանկի» վարկի գործով տուժողի կինն ու աղջիկը գործարքներն առանց կարդալու ստորագրել են անգամ խաբվելուց հետո

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում «Արդշինբանկի» վարկը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ քրեական գործով դատական նիստին ցուցմունք տվեցին տուժող Կ.Գ.-ի կինն ու դուստրը:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել «Արդշինբանկի» Երևան մասնաճյուղի կառավարիչ Արթուր Կարապետյանը: Վերջինս նշված պաշտոնը զբաղեցրել է 2009-2013 թվականների ընթացքում, ըստ մեղադրանքի՝ օժանդակել է դեղերի և սննդային հավելումների արտադրությամբ զբաղվող «Հագենաս» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գևորգյանի կողմից 2012թ. ընթացքում «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ից (Բանկն այժմ վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի-հեղ.) ստացված, միջազգային կազմակերպությունների՝ «Ուորլդ բիզնես կապիտալ ինկ»-ի և «Ասիական զարգացման բանկ»-ի կողմից տրամադրված ընդհանուր 471.800.000 դրամ նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելուն, ինչպես նաև անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր լիազորությունները` բանկի հաճախորդ, ավանդատու Կ. Գ.-ի համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Մասնավորապես՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն 2012 թվականին «Հագենաս» ՍՊԸ-ին տրամադրել է վարկ, որի վերադարձելիության ապահովման միջոց է հանդիսացել բանկում ներդրված ֆիզիկական անձի՝ տվյալ դեպքում`գործով տուժող ճանաչված Կ.Գ.-ի ավանդը: Վերջինս բանկի խոշոր ավանդատուներից է եղել: Գործում առկա են փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Կ.Գ.-ն, ինչպես նաև վերջինիս կինն ու դուստրը համաձայնություն են տվել, որպեսզի Խաչիկ Գևորգյանի կողմից վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում բանկը բռնագանձի իրենց կողմից բանկում գրավադրված ավանդը:

Ըստ գործի նյութերի՝ «Հագենաս» ՍՊԸ-ն վարկը վերցրել է շրջանառու միջոցների համալրման նպատակով, սակայն այն նպատակային չի օգտագործել, բանկի հանդեպ պարտավորությունները ոչ պատշաճ է կատարել, վարկը մարելու համար լրացուցիչ ժամանակ է խնդրել, պարտավորություն ստանձնել այն մարել, որը դարձյալ պատշաճ չի կատարել: Դրանից հետո օրենքով սահմանված կարգով իրականացվել է գրավի առարկա հանդիսացող ավանդի հաշվին պարտավորությունների մարում, այսինքն`«Հագենաս» ՍՊԸ-ի չկատարված վարկային պարտավորությունները մարվել են Կ.Գ.-ի և վերջինիս ընտանիքի գրավադրած ավանդի հաշվին:

Արթուր Կարապետյանի գործառույթը, ըստ վերջինիս պաշտպանի, եղել է վարկի վերաբերյալ փաստաթղթերի ամբողջ փաթեթը փոստային առաքման միջոցով վերադասին ուղարկելը, ապա վերադասի կողմից լիազորվելուց հետո վարկառուի հետ պայմանագրի կնքումը, սակայն ամբաստանյալի աթոռին է հայտնվել ինքը՝ Կարապետյանը, ով առանց բանկի կողմից լիազորվելու որևէ պայմանագիր ստորագրել չէր կարող:

Դատարանում այսօր ցուցմունք տված անձինք՝ Կ.Գ.-ի կինն ու դուստրը հայտնեցին, որ իրենք տեղյակ չեն եղել, թե ինչ փաստաթղթերի տակ են ստորագրում, որ «Հագենաս» ՍՊԸ-ի անունը լսել են միայն այն բանից հետո, երբ պարզ է եղել, որ խաբվել են:

Ըստ Կ.Գ.-ի դստեր՝ Լ.Գ.-ի ցուցմունքի՝ որպեսզի հայրը ստանա բանկում իր անվանբ դրված ավանդի տոկոսները, ինքը հաճախակի գնացել է բանկ ու ստորագրել ինչ-որ փաստաթղթերի տակ: Գրեթե միշտ նրան բանկ գնալու մասին տեղեկացրել է հայրը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս Հայատանում չի եղել: Նման դեպքերում, ըստ Լ.Գ-ի, բանկ գնալու անհրաժեշտության մասին իրեն հայտնել է «Արդշինբանկի» Երևան մասնաճյուղի կառավարիչ Արթուր Կարապետյանը:

Վկայի խոսքով՝ երբ ինքը ցանկացել է կարդալ այն փաստաթղթերը, որոնց տակ ստորագրել է, Արթուր Կարապետյանն իրեն հայտնել է, որ հայրն ամեն ինչի մասին տեղյակ է և առաջարկել առանց ձևականությունների ստորագրել դրանց տակ, ինչն էլ ինքն արել է:

Դատավոր Գագիկ Պողոսյանը վկայից հետաքրքրվեց, թե արդյոք վերջինիս հայրը բանկ գնալուց առաջ իրեն զգուշացրե՞լ է, որ կարող է առանց կարդալու ստորագրել թղթերի տակ: Ի պատասխան՝ վկան նշեց, որ հայրն իրեն նման բան չի ասել, պարզապես ինքը, հաշվի առնելով Արթուր Կարապետյանի և հոր մտերիմ հարաբերությունները, նրան վստահել ու թղթերի տակ ստորագրել է:

Կ.Գ.-ի կինը՝ Ա.Գ-ն դատարանին հայտնեց, որ տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասներ չգիտի, տեղյակ է միայն, որ իրենց ընտանիքի ավանդն առանց ամուսնու գիտության անցել է «Հագենաս» ՍՊԸ-ի հաշվին: Դատավոր Գագիկ Պողոսյանը ցանկանում էր ճշտել ավելին. «Գումարը սենց վեր կացավ ու գնա՞ց»: Դատավորն ըստ էության պատասխան չստացավ, թե  կոնկրետ ինչ ճանապարհով, ինչ գործարքի միջոցով է, ըստ վկայի ընկալման, իրենց ավանդն օգագործվել այլ նպատակի համար:

Այս վկային ևս, ինչպես նախորդին, տուժող Կ.Գ.-ն ասել է, որ գնա բանկ ու ստորագրի ինչ-որ փաստթղթեր, որպեսզի ավանդադրված գումարի տոկոսները հնարավոր լինի ստանալ: Կ.Գ.-ի կինը նույնպես, ինչպես դուստրը, դատարանին հայտնեց, որ երբեք չի նայել, թե ինչ փաստաթղթերի տակ է ստորագրում, քանի որ վստահել է Արթուր Կարապետյանին:

Հատկանշական է, որ անգամ այն բանից հետո, երբ վկաներն, ըստ իրենց պնդման, հասկացել են, որ խաբվել են, շարունակել են գրավադրված ավանդի հետ կապված որոշակի գործարքներ կատարել բանկի հետ՝ դարձյալ առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու:

Խոսքը 2014-ին բանկի հետ կնքված այն գործարքներին է վերաբերում, համաձայն որոնց՝ «Հագենաս» ՍՊԸ-ի վարկի մարման ժամկետը Կ.Գ.-ի կնոջ և դստեր դիմումների հիման վրա երկարացվել է: Այս ժամանակահատվածում  Արթուր Կարապետյանն այլևս բանկի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը զբաղեցնելիս չի եղել: Նրան փոխարինել է Վիկտորիա Կարճիկյանը:

Դատավոր Գագիկ Պողոսյանը երկու վկաներից փորձում էր պարզել, թե ինչու են շարունակել վստահել բանկին, երբ արդեն իսկ, առնվազն իրենց ընկալմամբ, բացահայտված է եղել, որ բանկի կողմից մեկ անգամ խաբվել են, սակայն այս հարցին վկաները հստակ պատասխաններ չտվեցին. շարունակեցին պնդել, որ պարզապես վստահել են:

«Տրամաբանությունը ո՞րն էր, կա՞ր տրամաբանություն»,- Կ.Գ.-ի կնոջը դիմելով՝ հարցրեց դատավորը, և ցուցմունք տվող կինն ընդունեց, որ իրենց գործողություններում իսկապես տրամաբանություն չի եղել:

«Եթե ուշադիր լինեինք, այս պատմության մեջ չէինք ընկնի»,- դատարանին դիմելով՝ ասաց Ա.Գ.-ն:

Դատարանը հրապարակեց նաև այս վկայի նախաքննական ցուցմունքը: Պատճառն այն է, որ վերջինս դատարանում հայտնեց, որ փաստաթղթերը բարդ իրավաբանական լեզվով են գրված եղել, որ ինքը եթե անգամ կարդար, որ գրավատու է, չէր կռահի, որ ինչ-որ բան այն չէ, որ ինքը գումար է դնում որպես վարկի ապահովման միջոց, մինչդեռ նախաքննական ցուցմունքում վկան իրավաբանորեն ճիշտ ձևակերպումներով ցուցմունքներ էր տվել՝ հստակ տարբերակելով «ավանդատու» և «գրավատու» տերմինները:

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո վկան պարզապես նշեց, որ այն, ինչ գրել է նախաքննական ցուցմունքում, ճիշտ է:

Դատավոր Պողոսյանը հաջորդ դատական նիստին «Արդշինբանկի» Երևան մասնաճյուղի ներկայիս կառավարիչ Վիկտորիա Կարճիկյանին, ինչպես նաև մեկ այլ վկայի բերման ենթարկելու որոշում կայացրեց, քանի որ, ըստ դատավորի, վերջիններս պատշաճ կարգով ծանուցվել են, սակայն նիստին չեն ներկայացնել: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 10-ին:

Լուսանկարում՝ ձախից Արթուր Կարապետյանն ու վերջինիս պաշտպան Բագրատ Պետրոսյանը