
Կանգնելու ենք գործարանների դիմաց ու չենք թողնելու, որ Մինասի գործերը քաղաքից տանեն
Մինաս Ավետիսյանի որմնանկարները ոչնչացումից փրկելու նպատակով Կառավարության որոշման համաձայն` անժամկետ ու անհատույց իրավունքով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությանն է տրամադրվելու Գյումրիում գտնվող որմնանկարներից երկուսը, այն պայմանով, որ դրանք տեղափոխվեն, վերականգնվեն, պահպանվեն և փակցվեն օդանավակայանում:
«Այսուհետև օդանավակայանում մեր բոլոր քաղաքացիները կարող են վայելել Մինասի այս հիասքանչ որմնանկարները: Մեծ դիմադրություն կա, ասում են` ոնց կարելի է մասնավորին տալ: Բա ավելի լավ ա փչանա՞ն այդ որմնանկարները»,- այսպիսի կարծիք է հնչեցրել երկրի վարչապետը որոշման կապակցությամբ: Որմնանկարներից մեկը փակցվելու է օդանավակայանի պատվավոր հյուրերի, մյուսը` ընդհանուր սրահում:
«Ով է ասել, որ Մինասի որմնանկարները աէրոպորտի տերմինալ տեղափոխելը ամենաճիշտ որոշումն է»,-վրդովված հարցնում էին գյումրեցի արվեստագետները «Ասպարեզ» ակումբում այսօր կայացած կլոր-սեղան քննարկման ժամանակ: Անցյալ դարի 70-ական թվականների սկզբներին Լենինականի մի շարք գործարանների տնօրինություններ իրենց դրամական միջոցներով հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի պատվիրել են որմնանկարներ գործարանների համապատասխան տարածքներում, որի արդյունքում ստեղծվել են գեղարվեստական բարձրարժեք ստեղծագործություններ:
Հետեկրաշարժյան տարիներին, երբ դադարեցին գործել քաղաքի արտադրական ձեռնարկությունները, շենքերի վթարայնության ու ջերմաստիճանային անբարենպաստ պայմանների հետևանքով խիստ վտանգվեցին նաեւ որմնանկարների հետագա գոյությունն ու պահպանությունը:
1990թ. Լենինականի քաղսովետի գործկոմի ջանքերով և միջոցներով բուլղարացի մասնագետների միջոցով վերականգնվեց և Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղադրվեց վերլուծական սարքերի փորձնական գործարանի շենքի պատին գտնվող որմնանկարը: Սակայն այս ողջունելի քայլը` որմնանկարների վերականգնումը և հետագա ցուցադրումը Գյումրիում, առաջինն ու վերջինը եղավ: 2010թ. ՀՀ Կառավարության միջոցներով վերականգնվեց և Երևան` Կառավարության շենք տեղափոխվեց երկու որմնանկար:
«Այ հենց էդտեղից էլ սկսվեց,-նկատեց քննարկման մասնակիցներից Նկարիչների միության Գյումրու մասնաճյուղի նախագահ Գարիկ Մանուկյանը,-էն ժամանակ պիտի չհամաձայնվեինք տեղափոխմանը: Թող վերականգնեին ու թողնեին Գյումրիին: Չեմ կարծում, թե հասարակ մահկանացուն այսօր հնարավորություն ունի մտնելու կառավարության շենք ու հիանալու Մինասի գործով: Եթե Էրնեկյանն ուզում է բարի գործ անել, թող այդ գործերը վերականգնի Գյումրիի համար»:
Քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտաշես Կարապետյանն էլ նկատեց, որ Եվրոպայում զբոսաշրջիկները տվյալ երկրի 2-րդ կամ 10-րդ քաղաքն այցելում են միայն այն բանի համար, որ արվեստի տվյալ գործը գտնվում է հենց այդ քաղաքում:
«Խոսում են մարզերի զարգացման մասին, բայց կրկին ամեն ինչ տանում, կուտակում են Երեւանում: Հիմա ինչ, մենք էլ Ջաջուռից Մինասի տուն թանգարանը բերենք Գյումրի, եթե իրանք մեր ունեցածն են տանում մայրաքաղաք,-հարցրեց Արտաշես Կարապետյանն ու հավելեց,-չենք թողնելու: Մայիսի 4-ին խումբ է գալու Գյումրի, որ որմնանկարները տեղափոխեն: Կանգնելու ենք գործարանների դիմաց ու չենք թողնելու, որ Մինասի գործերը քաղաքից տանեն: Սա մեր քայլերից մեկն է լինելու, իսկ հետո կկազմակերպենք հանրային լսումներ: Ի վերջո պիտի լինի մի դեպք, որ որոշում կայացնելուց առաջ մի քիչ էլ ժողովրդի կարծիքը հաշվի առնվի»:
Մեկնաբանել