HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհի Հակոբյան

Հայաստանում տուբերկուլյոզի համար պայմանները «նպաստավոր» են

Աղքատիկ սնունդ, կենցաղային հակահիգիենիկ պայմաններ, բնակչության իրազեկվածության ցածր մակարդակ,-ահա այն հիմնական գործոնները, որոնք, հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանասերում բուժվող հիվանդների կարծիքով, նպաստում են տուբերկուլյոզի տարածմանը: Իսկ հիվանդությունը շարունակում է «դամոկլյան սրի» պես կախված մնալ տնտեսապես հետամնաց եւ ցածր կենսամակարդակ ունեցող երկրների գլխին:

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով' 2001թ. կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով հաշվառման են վերցվել 1343, 2002թ.՝ 1393, 2003թ.՝ 1437 հիվանդներ: 2001թ. տարեվերջին հիվանդների թվաքանակը կազմել է 5786, 2002թ.՝ 6050, 2003թ.՝6068 մարդ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով' տուբերկուլյոզից (բոլոր ձեւերով) 2001թ. մահացել է 145 (100000 բնակչի հաշվով՝ 3,81), 2002թ.՝167 (100000 բնակչի հաշվով՝ 5,20), իսկ 2003թ.՝ 155 մարդ (100000 բնակչի հաշվով՝ 4,83):

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանի հավաստմամբ' 2001թ. դեկտեմբերին նախարարության կոլեգիան վերլուծել է տուբերկուլյոզի վիճակագրական տվյալները, նրա տարածվածությունը հանրապետությունում:

2002թ. գերմանական «Ջիթիզեթ» կազմակերպության աջակցությամբ սկսվեց աշխատանքը տուբերկուլյոզի ազգային ծրագրի վրա, որը տուբերկուլյոզի դեմ պայքարի ռազմավարությունն է արտացոլում: Արդեն 2003թ. ընդունվեց տուբերկուլյոզի ազգային ծրագիրը:

Որպես ծրագրի բաղադրամասեր Վահան Պողոսյանը նշում է հիվանդներին դեղորայքով ապահովելը, բժիշկների համար դասընթացների կազմակերպումը, ամբուլատոր ցանցում լաբորատորիաների հիմնումը եւ խորխի հետազոտություն անցկացնելը: Հանրապետության մարզերում արդեն հիմնվել են հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի բաժանմունքները:

Առողջապահության համակարգի համար հիմնական խնդիրը կալանավայրերում տուբերկուլյոզի տարածման կանխումն է, քանի որ այնտեղի ցուցանիշները 150 անգամ գերազանցում են քաղաքացիական բնակչության շրջանում գրանցված ցուցանիշը:

2002թ. աշնանը ՀՀ արդարադատության նախարարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում շահագործման հանձնվեց տուբերկուլյոզի բաժանմունքի նոր մասնաշենքը, իսկ 2003-04 թթ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վերանորոգվել եւ սկսել է գործել տուբերկուլյոզի բաժանմունքը, որն էլ կապահովի տուբերկուլյոզի դեպքերի հայտնաբերումը քրեակատարողական համակարգ մուտք գործելուն պես եւ հիվանդների հետագա բուժումը հիվանդության վաղ շրջանում:

«Եթե նախկինում ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն էինք կատարում, ապա հիմա' միայն խորխի: Մենք տուբերկուլյոզի հայտնաբերման խնդիր ենք դրել: Մարդու խորխը պետք է անվճար հետազոտվի միկրոսկոպով, իսկ շարունակական բուժումն իրականացվի դիսպանսերում, DOTS ծրագրի շրջանակներում: Սակայն խորխի հետազոտության ենթարկվելու են միայն խոցելի խմբերը»,- նշեց Վ. Պողոսյանը:

Թե՛ պրն Պողոսյանը, թե՛ հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրեն Սերժ Ստեփանյանը հավաստում են, որ հանրապետությունում հակատուբերկուլյոզային դեղորայքի խնդիր չկա եւ չի լինի առաջիկա հինգ տարում: Խնդիրը մոտ 350 դեղակայուն հիվանդների բուժման կազմակերպումն է, որոնց վրա հակատուբերկուլյոզային առաջին խմբի դեղորայքը չի ազդում: Տուբերկուլյոզի այս տեսակը, որ առաջանում է անկանոն կամ ոչ մասնագիտական բուժումից, դեղակայուն վարակի աղբյուր է: Երկրորդ խմբի դեղորայք, որ բավականին թանկ արժե, չկա հանրապետությունում:
«Աշխատավարձի պարտք չունենք»

Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերը, որ կոնսուլտատիվ-ախտորոշիչ հետազոտություններ է կատարում եւ սպասարկում ամբողջ հանրապետությանը, դիսպանսերային շարունակական հսկողություն իրականացնում է միայն Կոտայքի մարզում: Այժմ այստեղ 211 հիվանդ է բուժվում, որոնցից 22-ը զինվորական են, 8-ը' երեխա: Մեկ հիվանդի ստացիոնար բուժման ծախսը կազմում է 360 հազար դրամ: Երկու տարի է, ինչ հիվանդանոցն ապահովված է ճապոնական ժամանակակից սարքավորումներով: Բժիշկների հավաստմամբ' այստեղ կատարվում են ինչպես բրոնխոսկոպիկ, այնպես էլ գաստրոսկոպիկ հետազոտություններ: «Օլիմպուս» ֆիրմայի ապարատը, որը նկարահանում է հիվանդի ներբրոնխիալ վիճակը, հնարավորություն ունի թափանցելու նույնիսկ սեգմենտալ բրոնխները:

Տնօրեն Սերժ Ստեփանյանի հավաստմամբ' վերջին երկու տարվա ընթացքում աշխատավարձի պարտք չեն ունեցել: Ավելին' աշխատավարձերը նախկինի համեմատ բարձրացել են. բժշկի միջին աշխատավարձը 35 հազար դրամ է, բուժքրոջը' 25 հազար դրամ, հերթապահ բժշկինը' 40 հազար դրամ:
Ոչ անհարկի շեղում

«Եթե, Աստված մի արասցե, արտաթոքային տուբերկուլյոզի մասնագետ Լյովա Խալաթյանի հետ մի բան պատահի, չգիտեմ, թե ինչ պետք է անենք»,-իր մտահոգությունը հայտնեց Սերժ Ստեփանյանը: Բանն այն է, որ Լ. Խալաթյանը մեր հանրապետությունում արտաթոքային տուբերկուլյոզի միակ մասնագետն է, որ բուժում է ողնաշարի, ոսկրահոդային եւ ներքին օրգանների տուբերկուլյոզը: Իսկ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը արտաթոքային տուբերկուլյոզի բժիշկ-մասնագետներ չի պատրաստում: Ընդհանրապես, քչերն են նախընտրում ֆթիզիատրի (տուբերկուլյոզը բուժող բժշկի) մասնագիտությունը, որը մեծ նվիրում եւ անձնազոհություն է պահանջում: Պրն Ստեփանյանն այս հարցը քանիցս արծարծել է առողջապահության նախարարությունում՝ առաջարկելով պետպատվերի շրջանակներում տեղեր հատկացնել այդ մասնագետների պատրաստման համար: Նախարարությունում նպատակահարմար չեն գտել պետպատվերով տեղերի հատկացումն այն պատճառաբանությամբ, որ մասնագետ դառնալուց հետո այդ բժիշկները կարող են լքել հանրապետությունը: Դիսպանսերն ունի մեկ թոքային վիրաբույժ եւ մեկ հոգեբույժ, ովքեր համատեղության կարգով են աշխատում:

Թոքային վիրաբույժների պատրաստումը եւս պրն Ստեփանյանն առաջնահերթ խնդիր է համարում: Աբովյանի հիվանդանոցի Շտապ օգնության բաժանմունքի վարիչ Տիգրան Օհանջանյանը նշեց, որ ընթացիկ կանչերի ժամանակ հերթապահ բժիշկները ականատես են լինում տուբերկուլյոզով հիվանդների առողջական վիճակի վատթարացման, ինչի արտահայտություններից մեկն էլ թոքային ուժեղ արյունահոսությունն է: Նույն բաժանմունքի հերթապահ-բժիշկ Նորայր Միքայելյանն էլ վկայում է, որ վերջին մեկ տարում հոսպիտալացրել է թոքային արյունահոսությունից ծանր վիճակում հայտնված երեք հիվանդի:
Երկիցս տուժածները

Այս տարվա հուլիսի 6-ին Առողջապահության նախարար Նորայր Դավիդյանի հրամանով հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերում բացվել է 30 հոգանոց հոգեբուժական բաժանմունք: Այստեղ արդեն բուժվում է 28 հիվանդ: Նախարարի հանձնարարությամբ հանրապետության բոլոր հոգեբուժարաններում ֆլյուրոգրաֆիկ եւ խորխի հետազոտություններ են անցկացվում:

Հոգեկան հիվանդների մեծ մասը լքված մարդիկ են: Նրանք երկար տարիներ մնացել են հիվանդանոցային սննդի հույսին, ինչն էլ նպաստել է տուբերկուլյոզով վարակմանը: Դիսպանսերի միակ հոգեբույժ Իռեն Մաթեւոսյանի հավաստմամբ' տուբերկուլյոզը չի ազդում հոգեկան հիվանդության կլինիկական ձեւերի վրա, այն միայն ձգձգում է հոգեկան հիվանդության բուժումը, եւ՝ ընդհակառակը:

Հոգեկան հիվանդներն այստեղ առանձնացված են մյուս հիվանդներից եւ շփում չունեն նրանց հետ: Նրանք իրենց ամբողջ օրն անցկացնում են թերթ կարդալով, խաչբառ լուծելով կամ հեռուստացույց դիտելով (որն, ի դեպ, դիսպանսերի ղեկավարությունը վերջերս է գնել): Հնարավորության սահմաններում այստեղ պայմաններ են ստեղծել նաեւ նրանց զբոսանքի եւ հանգստի համար:

Մեր հանդիպումների ընթացքում տուբերկուլյոզով հիվանդները չդժգոհեցին սննդի որակից եւ դեղորայքի պակասից: Արցախում ծառայող մի զինվորական նշեց միայն, որ տուբերկուլյոզով հիվանդների թիվն ավելանում է զինծառայողներին մատուցվող անորակ սննդի եւ զորանոցային ոչ նպաստավոր պայմանների պատճառով: Իսկ Հայաստանում, ըստ մեր զրուցակիցների, պայմանները շարունակում են «նպաստավոր» մնալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter