HY RU EN

Ամալյա Մարգարյան

«Սարի թաղի» գործով վկա ոստիկանը, հետաքրքրությունից դրդված, նկարահանել է դեպքը

Սարի թաղի գործով վկա ոստիկանության աշխատակիցների հարցաքննությունը շարունակվում է։ Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի, Էդուարդ Զեյթունյանի գործով դատական նիստը։ Հարցաքննվեց ոստիկանության տեսուչ Վահան Կարագյոզովը, վկան չճանաչեց ամբաստանյալներին։

Վ. Կարագյոզովը պատմեց, որ բախումները, որին ինքը ներկա է եղել, Սարի թաղում են կատարվել, սակայն չհիշեց, թե դեպքը երբ է տեղի ունեցել։

«Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին էր։ Ոստիկանները ոչ ոքի չէին թողնում իջնել Խորենացի, իսկ բնակիչներն ուզում էին, որ ճանապարհ բացվի»,- նշեց ոստիկանը, հետո ավելացրեց, որ հավաքվածները մոտ 30-40 հոգի են եղել։

«Հրմշտում ու քաշքշում էին խառը, սակայն հավաքվածների չնչին մասն է մասնակցել, մեծ մասը մեզ հետ խոսելուց հետո համոզվել է, որ վտանգ կա»։

Ըստ վկայի՝ դեպքի ժամանակ նաեւ ՊՊԾ գնդից կրակոցներ են հնչել, իսկ կատարված իրադարձությունները նկարահանել է մի լրագրող, բայց ինքը եւս մոտ 1,5 րոպե նկարահանել է։

«Ես մի քիչ նկարել եմ, մեկ էլ Սարի թաղի ժողովրդի կողմից մի հոգի էր, իրանց կողմից էր նկարում, ռեպորտաժ էր անում»,- հայտնեց Վահան Կարագյոզովը։

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի այն հարցադրումներին, թե արդյոք տեսե՞լ է՝ ինչպես են ոստիկանները եւս հրել քաղաքացիներին, լրագրողի ձեռքից փորձել տեսախցիկ վերցնել կամ քաղաքացուն գետնին գցել ու հարվածել, վկան բացասական պատասխան տվեց, նա նաեւ չկարողացավ հիշել, թե Սարի թաղում հավաքված բնակիչներից քանիսն են ավելի ակտիվ եղել։ Իսկ թե ինչ նպատակով է ինքը նկարահանումներ արել` ասաց, որ ուղղակի հետաքրքիր է եղել եւ որեւէ հանձնարարություն չի ստացել, ձայնագրությունը հանձնել է քննիչներին։ Վկան բացառեց նաեւ այն հանգամանքը, որ ոստիկանները հնարավոր է քաղաքացիական հագուստով եղած լինեն, միայն նշեց, որ այդպես հագնվում են օպեր լիազորները։ Բացառեց ոստիկանների կողմից կրակոցներ արձակելը, իսկ երբ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ այդպիսի դեպք արձանագրվել է, եւ դատարանի դահլիճում հրավիրված վկան` ոստիկանության աշխատակիցը, հայտնել է, թե ինքը կրակոց է արձակել, վկան ասաց.

«Էդ ղալմաղալի ժամանակ չես հասկանում՝ ինչը ոնց է։ ՊՊԾ գնդից են կրակոցներ հնչել, իսկ ոստիկանության կողմից կրակոցներ չեմ լսել»։

Ոստիկանության տեսուչը նշեց նաեւ, որ իր կարծիքով հավաքվածներից մի քանի հոգի եղել են ոչ սթափ վիճակում:

«Սթափ մարդը կհասկանար, որ չի կարելի իջնել ներքեւ։ Սկզբում նորմալ էր, եկել էին հարցնում էին՝ տղերք ջան ե՞րբ կբացվի, երբ ասացինք, որ չենք բացի, սկսվեց բախումը։ Որ մոտեցան ալկոհոլի հոտ եմ զգացել, բայց չեմ կարող ասել՝ ինչի հոտ էր, ու քանի հոգի էին օգտագործել»,- ցուցմունքի մեջ նշեց վկան։

Այսօրվա նիստը, դահլիճ չլինելու պատճառով, սկսվեց մոտ 40 րոպե ուշացումով եւ ավարտվեց միայն մեկ վկայի հարցաքննությամբ։

Հիշեցնենք, որ գործը 2016թ. օգոստոսից հանձնվել է դատարան, սակայն մինչեւ հիմա վկաների հարցաքննության փուլը չի ավարտվել, անընդհատ ձգձգվող դատական նիստերին իրենց բողոքն են արտահայտում նաեւ ամբաստանյալները։

Այս գործով հաջորդ նիստը նշանակվեց մեկ ամիս հետո՝ մայիսի 8-ին։