HY RU EN

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Մերուժան Հովհաննիսյան

սկիզբը

Մերուժան Արտաշեսի Հովհաննիսյանը ծնվել է 1940 թ., Էջմիածին քաղաքում: Եղել է «Հայ երիտասարդների միություն» (ՀԵՄ) խորհրդի անդամ: Նրա բնակարանում են տեղի ունեցել ՀԵՄ-ի մի շարք հավաքներ։ 1963թ․ ընդլայնված հավաքը, որին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ եւ որի ժամանակ ՀԵՄ յոթ հոգանոց խորհուրդ է ընտրվել, նույնպես տեղի է ունեցել Հովհաննիսյանի բնակարանում։

Հովհաննիսյանը գրել, ապա՝ ինքն էլ տպագրել ու բազմացրել է «Հայկական դատի 85 տարին» հոդվածը, որը հետագայում նախաքննության կողմից որակվել է որպես խիստ հակախորհրդային ու դրվել Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքների հիմքում։

Եղել է ժամանակի քչաթիվ անկախականներից մեկը։ Դատավճռում արձանագրված է, որ Հովհաննիսյանը գաղտնի հավաքույթներում պրոպագանդել է առանց խորհրդային կարգերի անկախ Հայաստան ստեղծելու գաղափարը։ Իր անկախական ձգտումների մասին նա հայտարարել է նաեւ դատարանի դահլիճում։

Մերուժան Հովհաննիսյանը գաղտնի տպարան հիմնելու համար կարողացել է տպատառեր հայթայթել, ապա՝ Կարապետ Քիրամիջյանի հետ միասին Էջմիածին քաղաքից մի մասնագետի մոտ համապատասխան չափերի ու ձեւի տպագրական հաստոց են պատվիրել։

Մինչեւ տպագրական հաստոց ունենալը խմբի անդամները կարողացել են գրամեքենաներ հայթայթել, մի գործ, որը խորհրդային շրջանում մեծ դժվարությունների հետ էր կապված։ Գրամեքենաներից մեկը գտնվել է Հովհաննիսյանի մոտ, որի վրա նա մեքենագրել ու բազմացրել է կազմակերպությունում շրջանառվող ու տարածման ենթակա հոդվածներն ու փաստաթղթերը։

Մերուժան Հովհաննիսյանը եւ Վիգեն Բաբայանը համատեղ գրել են «Մայիսի 28-ը» հոդվածը, որն ավելի ուշ Հովհաննիսյանը կարողացել է Վիգեն Բաբայանի «Կտակ հայ որդուն» պոեմի հետ միասին՝ սփյուռքահայ մամուլում հրապարակելու նպատակով, արտասահման փոխանցել։ Ապա՝ կրկին համատեղ, գրել են Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերով նախարարության պաշտոնաթերթում Անատոլի Սկաչկոյի 1921թ․ հրապարակած հակահայկական՝ «Հայաստանը եւ Թուրքիան առաջիկա կոնֆերանսում» հոդվածի պատասխան հոդվածը։ Անատոլի Սկաչկոն (1879-1941) իր հոդվածում առաջ էր քաշում բոլշեւիկյան շրջանակներում խիստ տարածված այն տեսակետը, թե հանուն Թուրքիայի հետ Խորհրդային Ռուսաստանի բարեկամության պետք է զոհաբերվեն հայկական շահերը։ Այս տեսակետի կրողներն էին Խորհրդային Ռուսաստանի այնպիսի նշանակալի ղեկավարներ, ինչպիսիք էին Ռադեկը, Զինովեւը, Լենինը, Ստալինը եւ շատ ուրիշներ։ Սրանց էին կցվել նաեւ հայազգի բոլշեւիկները։ Սկաչկոն իր այս հոդվածում եւ իր ելույթներում այնքան բաց ու այնքան հստակ էր ներկայացնում իրենց միջավայրում տարածված այս տեսակետը, որ Ստալինն է անգամ սկսում զգուշանալ։ Օրջոնոկիձեին ուղղված իր հեռագրերից մեկում գրում է․ «Ասում են Բաքվում նացիոնալիզմը թափ է հավաքում, ուշադրություն դարձրու սրա վրա։ Դատելով Սկաչկոյի թեզիսներից` նա թուրքական նացիոնալիզմի փաստաբանն է»։ Մերուժան Հովհաննիսյանի եւ Վիգեն Բաբայանի հեղինակած պատասխան հոդվածը ժամանակին լայն տարածում էր գտել հայկական այլախոհական միջավայրում։

Մերուժան Հովհաննիսյանը կալանավորվել է 1963 թ. դեկտեմբերի 29-ին: Դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Նա «Յոթի գործով» միակ մեղադրյալն է, որը դատարանի դահլիճում իրեն ոչ թե մեղավոր, այլ հանցավոր է ճանաչել։ Հայտարարել է, որ գործող օրենքի համաձայն ինքը հանցավոր է, բայց մեղք չի գործել։ Կալանավայրում դրսեւորած ըմբոստ վարքի պատճառով էլ ավելի է խստացվել նրա ռեժիմը, եւ մորդովական խիստ ռեժիմի կալանավայրից նրան տեղափոխել են Վլադիմիրի բանտ, որտեղ էլ կրել է պատժի մնացած մասը:

Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան: Պահպանել է իր կապերն այլախոհական շրջանակների հետ: 1969 թ. մասնակցել է Ազգային միացյալ կուսակցության անդամների հրատարակած «Երկունք» թերթի երկրորդ համարի նախապատրաստման աշխատանքներին: Մասնակցել է նաեւ առաջնորդող` «Հայաստանն ապագայում» վերնագրով հոդվածի մշակմանը, որը, սակայն, ԱՄԿ-ականների ձերբակալման պատճառով չի հրապարակվել:

Մինչեւ «Յոթ»-ի գործով դատապարտվելը Մերուժան Հովհաննիսյանը 1958թ.-ին․,18 տարեկանում, դատապարտվել է անօրինական զենք կրելու մեղադրանքով։ Հետագայում, արդեն շատ ավելի ուշ, դատապարտվել է եւս մեկ անգամ: Այս վերջին դատապարտումը, սակայն, չի առնչվել նրա հասարակական-քաղաքական գործունեությանը: Ապրում է Երեւանում: 1964թ․ դատապարտված յոթ հայրենասերներից միակն է, որ այսօր Հայաստանի հասարակական կյանքում դերակատարում ունի։ Հանդես է գալիս հրապարակումներով եւ հոդվածներով։ Բանաստեղծական ժողովածուների, գրքերի ու հուշագրությունների հեղինակ է: Հանրությանը հայտնի է «Մերուժան» գրական անվամբ:

Պատմում է Մերուժան Հովհաննիսյանը

1962թ. առաջացավ մի շարժում, որն իր բնույթով` հայրենասիրական, իր բողոքով` սոցիալական եւ իր պահանջներով քաղաքական էր։ Այդ շարժման ընթացքում ծավալված քննարկումների ու հանդիպումների արդյունքում էլ ձեւավորվեց մեր կազմակերպությունը՝ Հայ երիտասարդաց միությունը, որին անդամակցում էր 96 մարդ։ Կազմակերպության առաջին նիստը տեղի է ունեցել 1962թ․ ապրիլի 5-ին։ Բոլոր 96-ն էլ մշտապես մասնակցել են տեղի ունեցած հավաքներին ու քննարկումներին։ Խմբում լուրջ հիմքերի վրա էր դրված փոխօգնության սկզբունքը։ Եթե խմբի անդամներից որեւէ մեկը նեղության մեջ էր հայտնվում՝ խմբի հավաքած միջոցներից նրան անպայման օգնություն էր տրվում։ Ճիշտ է միջոցները սուղ էին, օգնության չափը կարող է եւ մեծ չլիներ, բայց օգնությունը անպայման լինում էր։ Խումբը գործեց մեկ ու կես տարի։                                    
Խմբի անդամներից յոթը կազմում էին խմբի ղեկավար մարմինը։ Առաջինը Խաչատուր Ջումշուղի Ամիրջանյանն էր` ծնված 1924թ․, Իջեւանի շրջանում։ Այս մարդը գյուղացու ընտանիքից էր, բարի, առաքինի, բացարձակ գրագիտության տեր մի անձնավորություն, ով փիլիսոփայություն էր դասավանդում Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում։ Նա գերմաներենի այն քչաթիվ մասնագետներից էր, ով բնագրով ուսումնասիրում էր Կանտի, Հեգելի եւ գերմանացի այլ փիլիսոփաների աշխատությունները։ Նրա թեզի թեման Կանտի ու Հեգելի փիլիսոփայության վերլուծությունն էր։ Ուներ չորս արու զավակ։ Նա մեր խմբի կազմավորման պահից մինչեւ ձերբակալումը եղել է մեր ամենաակտիվ գործիչներից մեկը։ Այն, ինչ վերագրվում է Խաչիկ Ամիրջանյանին նրա հետկալանավորական շրջանում՝ ես չեմ հավատում։ Խաչիկ Ամիրջանյանը մեզանից միակն էր, որ դատավարության ժամանակ ներողություն խնդրեց։ Այն ժամանակ մենք դա դատապարտելի արարք չհամարեցինք։ Հետագայում էլ կալանավայրից վաղաժամ ազատ արձակվեց։ Նա առաջինն էր, որ իմ ազատ արձակվելուց հետո եկավ ինձ տեսության։ Մեր այդ հանդիպման ժամանակ նա բողոքեց, որ ոմանք իրեն անհարկի մեղադրանքներ են ներկայացնում, մատնիչ են համարում։ Ես ինքս չեմ կարծում, որ կալանավայրից ազատ արձակվելուց հետո նա ՊԱԿ-ի հետ համագործակցելու որեւէ հիմք կամ դրդապատճառ պետք է ունենար։ Եթե նա հանուն իր փրկության համաձայներ համագործակցության, ապա դա, առաջին հերթին, կաներ կալանավայրում, բայց կալանավայրում ես չեմ լսել, որ նրա նկատմամբ նման կասկածներ լինեն։                                                                                            

Խմբում հաջորդը Գրիգոր վարդապետ Եղյանն էր։ Գրիգոր վարդապետը, նույն ինքը՝ Հովհաննես, չափազանց գրագետ մի անձնավորություն էր։ Անգլերենի փայլուն մասնագետ։ Կատարում էր թարգմանություններ անգլերենից։ Վազգեն Վեհափառի թարգմանիչն էր։ Ձերբակալությունից առաջ նա ուղեկցում էր Վեհափառին Չեխոսլովակիայի Կառլովի Վառում հանգստանալիս, վերադառնալուց անմիջապես հետո ձերբակալվեց։

Մեր երրորդ մասնակիցը Խաչիկ Էլոյի Սաֆարյանն էր, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու։ Նրա գիտական թեզը հաստատվեց բանտում գտնվելու ժամանակ՝ 1964թ․ փետրվար ամսին։

Վիգեն Ասատուրի Բաբայանը արեւելագետ էր, արաբերենի մասնագետ, գերազանց ուսանող էր եւ չնայած այն հանգամանքին, որ խորանում էր արեւելագիտության մեջ՝ համարվում էր բանասիրական ֆակուլտետի 5-րդ կուսի ուսանող։ Ես, Վիգենը եւ Քիրամիջյան Կարապետը նույն՝ 1940թ․ ծնվածներ, հասակակիցներ ու չափազանց մտերիմ ընկերներ էինք։                                                                                                                              
Կարապետ Քիրամիջյանը հետագայում դարձավ քիմիական գիտությունների թեկնածու։ Մեր մտերմության ու մեր կազմակերպության գործունեություն ծավալած շրջանում նա դեռ Երեւանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի ուսանող էր։ Նա փայլուն տիրապետում էր թուրքերենին։

Էդվարդ Կակոսյանը մեր խմբի հետ որեւէ առնչություն չի ունեցել։ Նա ուներ լեզվի մաքրությամբ զբաղվող մի խմբակ։ Որպես այդ խմբակի ղեկավար` նա մեր կազմակերպած երկու կամ երեք ժողովներին է միայն մասնակցել։ Մեր կազմակերպության գործունեությանը անմիջական մասնակցություն չի ունեցել, հակախորհրդային կամ ազգայնական որեւէ գործունեություն չի ծավալել։ Նա իր բնույթով մանկավարժ էր։ Նրան ձերբակալեցին միայն այն պատճառով, որ ինչ-ինչ առնչություններ էր ունեցել մեզ հետ։                                                                  
Յոթերորդ անդամն էլ ես էի՝ Մերուժան Հովհաննիսյանը։ Ես միջնակարգ կրթությունը ստացել եմ Միկոյանի անվան դպրոցում։ Հայրս 1953թ․ վերջին ինձ տարավ եւ ընդունել տվեց Էջմիածնի Հոգեւոր ճեմարան։ 1954թ․ մինչեւ 1960թ․ ես ունկնդրի իրավունքով հաճախել եմ ճեմարան։ Ճեմարանում ուսանելու տարիներին ես ունկնդրել եմ Վազգեն Կաթողիկոսին։ Նա երեկոյան սերտողական դասից առաջ մեզ համար փիլիսոփայություն էր կարդում։ Մինչեւ Վազգեն Վեհափառի մեզ դասախոսելը, ես, հաճախելով ճեմարան, մինչեւ վերջ չէի էլ հասկանում, թե ուր եմ  հաճախում։ Վեհափառի դասախոսությունները իմ ձեւավորման վրա վճռորոշ ազդեցություն են ունեցել։

1958թ․ ես ձերբակալվել եւ դատապարտվել եմ հրազեն կրելու համար։ Զենքը, որ իմ մոտից հայտնաբերվեց, պատկանում էր հորս։ Հայրս բավական մեծ քանակության զենք ուներ։ Նա` որպես դաշնակցական, 1909թ․ մասնակցել էր հույն-թուրքական պատերազմին, այնուհետեւ հայ-թուրքական մարտերին էր մասնակցել, եւ այդ շրջանից էլ իր մոտ մնացել էր թվով մոտ 60 տարբեր տեսակի զենքեր ու փամփուշտներ։ Ողջ այդ զինամթերքը նա թաքցնում էր մեր տանը։ Ինձ ձերբակալեցին «Նագան» տեսակի ատրճանակ կրելու համար։ Ձերբակալվելուցս անմիջապես հետո հայրս զենքերը շտապ այլ վայր էր տեղափոխել եւ մեր տունը խուզարկելուց, ինձ մոտ հայտնաբերված «Նագան»-ից բացի` այլ զենք չգտան։ Ես հայտարարեցի, որ «Նագանը» իմն է եւ դատապարտվեցի երեք տարի ազատազրկման։ Հայրս, իր ունեցած կապերն ու հնարավորություններն օգտագործելով, կարողացավ այնպես անել, որ ինձ համաներմամբ ազատ արձակեն։                                                                                                                                                    
Ես ժառանգական բռնադատվածի ընտանիքից եմ, եւ բոլորովին զարմանալի չէ, որ ինքս էլ հայտնվեցի այդ կարգավիճակում։ Իմ պապը եղել է Օշականի սբ․ Մեսրոպ եկեղեցու քահանան։ Ձերբակալվել է 1937թ․։ Մայրս հոր կալանավորման երրորդ օրը հոր համար ուտելիք է տանում։ Ոչինչ չասելով` ուտելիքն ընդունում են։ Ութերորդ օրը նույնպես տարել է։ Այս անգամ հանձնուքը վերցնելուց հետո նրան է մոտենում մեկը եւ ասում. «Քույրիկ ջան, այս գիշեր բոլոր 30 քահանաներին, այդ թվում եւ քո հորը, գնդակահարել են։ Էլ ուտելիք չբերես»։ Մայրս արտասվելով վերադարձել է տուն ու հոր գնդակահարված լինելու լուրը փոխանցել է եղբայրներին։ Եղբայրներից մեկը, կարճ ժամանակ անց, կալանավորվում եւ սպանվում է, իսկ մյուս եղբայրը կալանավորվում է 1946թ․ եւ, չդիմանալով դաժան պայմաններին, ինքնասպան է լինում կալանավայրում։ Երկու քեռիներս էլ մեղադրվել են ազգայնական ու դաշնակցական լինելու մեջ։ Սրանք այդ տարիներին լայն տարածում գտած համընդհանուր մեղադրանքներ էին։ Հայրս նույնպես կալանավորված է եղել, բայց գործը դատապարտման չի հասել։ Երբ հայրս ձերբակալված է եղել, մեր հարեւաններից մեկը մորս խորհուրդ է տվել, որ նա ինձ տանի եւ տեղավորի ռուսական մանկապարտեզում։ Ասել է, որ այդ քայլով գուցե հնարավոր լինի ազատել ընտանիքը ազգայնականի ու դաշնակցականի «խարանից»։ Մայրս այդպես էլ արել է։ Ես հաճախել եմ ռուսական մանկապարտեզ, իսկ դպրոցս եղել է հայկական։                                                                                                               

1963թ․ դեկտեմբերի 29-30 ընկած հատվածում մեզ կալանավորեցին, իսկ 1964թ․ օգոստոսի 26-ին դատապարտեցին տարբեր տարիների ազատազրկման։ Ամենամեծ պատժաչափերը ստացանք ես, Վիգեն Բաբայանը եւ Խաչատուր Ամիրջանյանը՝ 5 տարի ազատազրկում։ Ես եւ Վիգենը խմբի ամենաակտիվ գործիչներն էինք։

Անատոլի Սկաչկոյի 1921թ․ հրապարակված հակահայկական հոդվածի դեմ պատասխան հոդվածը պատրաստել ենք ես եւ Վիգեն Բաբայանը` համատեղ։ Սկաչկոյի այդ գործը անհայտ էր Հայաստանում։ Դրա մասին ոչ ոք չգիտեր։ Անհայտ էլ կմնար, եթե Լիբանանում հրատարակվող «Նաիրի» շաբաթաթերթի Խմբագիր Անդրանիկ Ծառուկյանը չկարողանար մեզ փոխանցել հանդեսի այն համարը, որտեղ այսքան ժամանակ անց վերահրատարակվել էր այն։ Մեր պատասխան հոդվածը բազմացրինք ու տարածեցինք։ Էջմիածնի ճեմարանում դասավանդող լեհուհի եւ փայլուն մտավորական Մարիյա Գրոխովսկայի օգնությամբ հոդվածը թարգմանվեց լեհերեն ու Լեհաստանում հրապարակվեց։

Դատապարտվելուց հետո մեզ տեղափոխեցին Մորդովիա։ Էտապի ժամանակ՝ Ռյազանում, երբ պահակախումբը մեզ ուղեկցում էր, Խաչիկ Ամիրջանյանը սայթաքեց եւ ընկավ՝ ոտքով ուժգին հարվածելով երկաթգծին։ Պահակախմբի շները անմիջապես հարձակվեցին նրա վրա։ Մեզ մոտենալ չէին թողնում։ Զինվորականներից մեկը, մի քանի անգամ Խաչիկի արդեն վնասված ոտքին ուժգին խփելով, պահանջեց, որ նա ոտքի կանգնի։ Խաչիկը չէր կարողանում բարձրանալ։ Երբ հասկացան, որ նա ինքնուրույն բարձրանալ չի կարող, մեզ թույլ տվեցին մոտենալ ու օգնել։  Ստացած այդ վնասվածքը երեւի թե խորացավ։ Արդյունքում, շատ ավելի ուշ, նրա այդ ոտքը անդամահատեցին։

Ընդհանրապես, կալանավորին առանց որեւէ հիմնավոր պատճառի հարվածելը սովորական բան էր։ Ասենք՝ ուղեկցում են քեզ լվացարան կամ մեկ այլ տեղ, մեկ էլ հետեւից մահակով մի ուժգին ու անսպասելի հարված ես ստանում, որն ուղեկցվում է «ո՞ւր ես վազում» բացականչությամբ։ Բնականաբար, դանդաղում ես ու անմիջապես ստանում հաջորդ հուժկու հարվածը «շարժվիր, ի՞նչ ես կանգնել» բացականչությամբ։

Սկզբում բոլորս էլ քաղաքական կալանավորների համար նախատեսված 7-րդ գաղութում էինք։ Որոշ ժամանակ անց, ինձ` որպես անհնազանդի, առանձնացրին եւ տեղափոխեցին 11-րդ գաղութ։ Այդտեղ էլ վարքագիծս չփոխեցի։ Արդյունքում, կալանավայրի ղեկավարության միջնորդությամբ, իմ նկատմամբ դատ տեղի ունեցավ եւ այդ դատարան կոչվածը վճռեց որպես պատիժ խստացնել իմ ռեժիմը։ Ռեժիմս դարձրին բանտային եւ ինձ տեղափոխեցին Վլադիմիրի բանտ։ Պատժաչափիս մնացած 2 տարի 7 ամիսը ես գտնվել եմ Վլադիմիրի բանտում։ Վլադիմիրի բանտում կային եւ քրեական, եւ քաղաքական կալանավորներ ։ Քաղաքական կալանավորների բաժինը առանձնացված էր քրեականներից, եւ մենք նրանց հետ առնչություններ չէինք ունենում։ Այնտեղ ես շատ նշանավոր մարդկանց եմ հանդիպել։ Վլադիմիրի բանտից ազատ արձակվելուց երեք օր առաջ ինձ ստորագրել տվեցին մի փաստաթուղթ, համաձայն որի` ես կալանքից հետո մեկ տարի պետք է գտնվեմ հսկողության տակ։ Այդ մեկ տարվա ընթացքում ես իրավունք չունեի հաճախել հասարակական վայրեր, լինել մշակութային օջախներում, եկեղեցում, ժ․17։00-ից հետո բացակայել տնից եւ այլն։                                                                                                                   
Ազատ արձակվելուց հետո մենք մեր ընկերներով շարունակում էինք շփվել։ Մեր կապերը խզված չէին։ Առանձնակի մտերիմ էինք երեքս՝ ես, Վիգեն Բաբայանը եւ Կարապետ Քիրամիջյանը։ Մյուսները անհամեմատ ավելի տարիքով էին ու զգուշանում էին։ Ավելի ուշ՝ արդեն 70-ականների վերջերին, եւ Քիրամիջյանը, եւ Վիգեն Բաբայանը հեռացան Հայաստանից եւ հաստատվեցին ԱՄՆ-ում։ Այսօր «Յոթ հայրենասեր» կոչվածներից Հայաստանում միայն ես եմ մնացել։