HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավասար հնարավորություններ էկոփորձաքննության համար

Արդեն վաղուց բոլոր զարգացած երկրներում էկոլոգիական խախտումների կանխարգելումը տնտեսական կատեգորիա է համարվում: Շուկայական հարաբերությունների պայմաններում, երբ շուկան ձեւավորվում է տրամաբանորեն ճիշտ եւ օրինաչափ կանոններով (երբ պահանջարկը թելադրում է առաջարկ), էկոլոգիական խախտումները տնտեսական վնասների են հանգեցնում: Շուկայի բնական պարտադրանքով՝ տնտեսապես ավելի ձեռնտու եւ հեշտ է կանխել վնասաբեր գործողությունը, քան վերացնել դրա հետեւանքները:

Հայաստանում այդ հետեւանքների պատճառով շրջակա միջավայրի վիճակն ավելի է բարդանում, քանի որ աղքատ երկիրը միջոցներ չունի վերականգնման, մաքրման, վնասազերծման աշխատանքներ կատարելու համար: Հետեւաբար, տնտեսական գործունեության արդյունքում տեղի են ունենում շրջակա բնական միջավայրի անվերադարձ բացասական փոփոխություններ, որոնք խոչնդոտում են երկրի տնտեսական զարգացմանը, քանի որ անխնա վատնվում են երկրի տնտեսական զարգացման համար խիստ անհրաժեշտ բնական պաշարները՝ հող, ջուր, օդ, անտառ, հանածոներ եւ այլն:

Վնասաբեր ազդեցությունը կանխել այսօր Հայաստանում հնարավոր է միայն էկոլոգիական փորձաքննության միջոցով: Ի՞նչ է այն:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը՝

-գնահատում է գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա,
-կանխարգելում կամ նվազագույնի է հասցնում վնասակար ազդեցությունները,
-նպաստում է գործունեության էկոլոգիապես ավելի ընդունելի տարբերակների մշակմանը եւ կիրառմանը:

Հետեւաբար, էկոլոգիական փորձաքննության արդյունքում պարզվում են տնտեսավարման առավել ճիշտ եւ հեռանկարային ուղղությունները, որոնք շուկայական հարաբերությունների զարգացման պայմաններում ձեւավորում են առողջ մրցակցային միջավայր եւ՛ բնապահպանական, եւ՛ տնտեսական իմաստներով: Միայն թե, որքան հնարավոր է, էկոլոգիական փորձաքննությունը պետք է լինի լիարժեք՝ առավել համակողմանի հաշվի առնելով բնապահպանական գործոնը, էկոլոգիական համակարգերում մարդու «միջամտության» թույլատրելի աստիճանը:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն' շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պետության կողմից անցկացվող պարտադիր գործունեություն է, որի նպատակն է կանխորոշել, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել նախատեսվող գործունեության վնասակար ազդեցությունը մարդու առողջության, շրջակա միջավայրի, տնտեսական եւ սոցիալական բնականոն զարգացման վրա (հոդված 2, կետ 1):

Ըստ էության, բավական տանելի ձեւակերպում՝ էկոլոգիական խախտումներից խուսափելու նպատակով: Սակայն վերջին տարիների երկրի «զարգացման» տեմպերը բոլորովին հակառակն են ապացուցում: Օրենքի ընդունումից հետո գրեթե 9 տարվա ընթացքում էկոլոգիական խախտումները ոչ թե նվազել, այլ շարունակում են աճել: Յուրաքանչյուր հաջորդ տարին մենք «նշանավորում» ենք բնության նկատմամբ նորանոր «հաղթանակներով», որոնց արդյունքում վատանում է մեր իսկ կենսագործունեության միջավայրը, վատնվում են մեր երկրի բնական պաշարները՝ կասեցնելով մեր իսկ զարգացումը:

Այնուամենայնիվ, 9 տարին բավական ժամանակ էր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասնագիտական դպրոցի կայացման համար: Ըստ էության, հայ մասնագետները եւ գիտական խմբերն այս ոլորտում գործելու բազմամյա փորձ ունեին նույնիսկ մինչ օրենքի ընդունումը՝ Խորհրդային միության հաստատած մեթոդական, մասնագիտական ընթացակարգերով աշխատելու շնորհիվ (հարկ է նշել, որ շրջակա միջավայրի պահպանության ոլորտի նախկին ԽՍՀՄ հաստատած բոլոր նորմատիվ ակտերը ԱՊՀ միջպետական պայմանագրի շնորհիվ գործում են նաեւ հիմա, քանի դեռ Հայաստանը չի հաստատել իր ազգային նորմատիվները): ԽՍՀՄ-ից ժառանգած հարուստ գիտական տեղեկատու բազան պահպանելով՝ մեր մասնագետներն այն հարստացրին ճգնաժամի թելադրած պայմանների, հետագա տարիների, միջազգային հանրության բազմաբովանդակ փորձով:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (կրճատ՝ ՇՄԱԳ) ոլորտի անհատ-փորձագետներից բացի, այսօր Հայաստանում գործում են նաեւ մասնավոր՝ խորհրդատու, նախագծային ընկերություններ: Դրանք են՝ «Հայարդնախագիծ» ՓԲԸ, «Հայգյուղշիննախագիծ» ՓԲԸ, «Լեռնամետալուրգիա» ՓԲԸ, «æինջ» ՍՊԸ, «Հայնախագիծ» ՓԲԸ (տեղեկությունները տրամադրել է ՀՀ Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը):

ՇՄԱԳ-ի վերաբերյալ բազմաթիվ ու յուրահատուկ աշխատանքներ են կատարվել նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոսֆերային կենտրոնում եւ հիդրոէկոլոգիայի ինստիտուտում, Երեւանի պետական համալսարանում, Երեւանի ճարտարագիտական համալսարանում, էկոլոգիայի եւ կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղում եւ այլ գիտահետազոտական հիմնարկներում:

ՇՄԱԳ-ի ոլորտում կարեւոր դեր են կատարում նաեւ այն հանրային կառույցները, որտեղ ընդգրկված են բազմամյա փորձ ունեցող անհատ-փորձագետներ: Նշենք միայն մի քանի ՀԿ-ների անունները' «Կայուն ջրային միջավայր», «Հայ էկոլոգների միություն», «Հայ կանայք հանուն առողջ շրջակա միջավայրի», «Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա», «Շրջակա միջավայրի իրավական պաշտպանության կենտրոն» եւ այլն:

Նշված կազմակերպություններից յուրաքանչյուրն իր ներդրումն է կատարել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ոլորտում: Յուրաքանչյուր կոնկրետ գործունեության ազդեցության հետեւանքները հաշվի առնելով՝ մշակվել են շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազեցնող միջոցառումներ, այլընտրանքային տարբերակներ՝ էկոլոգիական ու տնտեսական համեմատական վերլուծություններով:

Այնուամենայնիվ, շրջակա միջավայրի պահպանության կանոնների խախտումները տարեցտարի ավելի են աճում: Հայաստանի նման «աղքատ» երկրում դրանց հետեւանքները, որպես կանոն, չեն վերացվում՝ աստիճանաբար լրացնելով երկրի բնապահպանական հիմնախնդիրների շարքը եւ հանգեցնելով բազմաթիվ բնական պաշարների կորստին:

Թվում է, թե Հայաստանում բնապահպանական ոչ մի օրենսդրություն չի էլ գործում: Բայց երբ ծանոթանում ենք մեր հարցումներին ի պատասխան պետական լիազոր մարմնի՝ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած գրություններին, ստացվում է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքը, համենայնդեպս Երեւանի տարածքում, «գործում է»:

Երեւանի կանաչապատ տարածքների պահպանությանը հետամուտ ՀԿ-ների կոալիցիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ « Երեւան քաղաքում սպասարկման եւ քաղաքաշինության ոլորտներում վերջին 5 տարիների ընթացքում էկոլոգիական փորձաքննություն են անցել թվով 150 օբյեկտներ...» (գրություն թիվ 023/35, 04.08.2003թ): Այնուհետեւ, մեկ այլ գրությամբ պարզվում է, որ «150 օբյեկտներից միայն Ալֆա-Լ պրոդյուսերական կենտրոնի ներկայացրած նախագծի էկոլոգիական փորձաքննության եզրակացությունն է եղել բացասական» (գրություն թիվ 1-ԱՊ/1450, 14.10.2003թ.): Իսկ թե մնացած 149-ի թվում ի՞նչ կառույցներ կան... Որպես օրինակ նշենք միայն 2-ը՝ Հաղթանակ զբոսայգու տարածքում կառուցվող հյուրանոցը (որի պատճառով անդառնալիորեն կորսվել է 2000 մ2 ծառածածկ) եւ Թումանյանի անվ. զբոսայգու տարածքում կառուցվող տեխնոպարկը (առայժմ շինհրապարակի տակ ոչնչացել է զբոսայգու համարյա կեսը ): Ի դեպ, նույն՝ թիվ 1-ԱՊ/1450 գրությամբ նախարար Վ. Այվազյանը մի «գաղտնիք» էլ է պարզաբանել. «Տեխնիկապես անհնար է պարզել, թե այդ օբյեկտներից որի շինարարությունն է նախատեսված եղել կանաչ տարածքի կամ հողաշերտի հաշվին»:

Ահա այսպիսին է պետության կողմից անցկացվող պարտադիր գործունեությունը, որի արդյունքում «հնարավոր չի եղել» կանխորոշել, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել նախատեսվող գործունեության վնասակար ազդեցությունը: Իրականում էկո-փորձաքննության պետական լիազոր մարմնի՝ բնապահպանության նախարարության համար «տեխնիկապես հնարավոր է դարձել» որոշումներ կայացնել՝ անտեսելով բնապահպանական չափանիշերը: Իսկ դա Երեւանի կանաչապատման սուղ պայմաններում (2600 մ2 ընդհանուր նշանակության ծառածածկի փոխարեն այսօր Երեւանն ունի 507 մ2) խիստ վտանգավոր է քաղաքի ամբողջ բնակչության, այդ թվում նաեւ՝ որոշում կայացնողի համար:

Բնապահպանության նախարարության մասնագետները էկո-փորձաքննության ոլորտի օրենսդրության բարեփոխմանը վերաբերող հանրային բոլոր քննարկումների ժամանակ, պաշտպանելով պետական մենաշնորհի գաղափարը, պատճառաբանում են, որ ոլորտի ազատականացման համար անհրաժեշտ նախադրյալներ եւ պայմաններ չկան: Թույլ տվեք չհամաձայնել: Նույնիսկ ճգնաժամի ու պատերազմի պայմաններում, առանց օրենսդրական հիմքի («Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1995թ. նոյեմբերին, ՀՀ նախագահն այն վավերացրել է 1995թ. դեկտեմբերի 12-ին) մեր մասնագետները ՇՄԱԳ նախագծեր են կատարել: Եվ այդ նախագծերի շնորհիվ բազմաթիվ նախաձեռնողներ են խուսափել էկո-խախտումներից այն ժամանակ, երբ նույնիսկ նախարարության «բնապահպանական փորձաքննություն» կազմակերպությունը գոյություն չուներ:

Իսկ հիմա, երբ առկա են մասնավոր խորհրդատվական ու նախագծային բնույթի բազմաթիվ ընկերություններ, տեխնիկական հագեցվածության պայմանները բոլոր մասնավոր ընկերություններում, ՀԿ-ներում եւ նույնիսկ՝ առանձին անհատների մոտ բավարար են, երբ արդեն գործում են բազմաբնույթ էկո-չափումներ կատարող տարբեր լաբորատորիաներ (արդեն պետական էկո-մոնիտորինգն էլ մրցակիցներ ունի), էլ ի՞նչ նախադրյալներ են անհրաժեշտ էկո-փորձաքննության ոլորտի ազատականացման համար: Ֆինանսավորու՞մ: Յուրաքանչյուր նախաձեռնող էլ պատրաստ է վճարել եւ՛ ՇՄԱԳ-ի, եւ՛ փորձաքննության համար, միայն թե հնարավոր լինի խուսափել անցանկալի ազդեցություններից, հատկապես՝ գործունեության մշակման նախնական փուլում:

Պետական մենաշնորհի դեպքում, ՇՄԱԳ-ից բացի, էկոփորձաքննության հետագա ողջ գործընթացը պետք է ծանրանա այս «աղքատ» երկրի պետական բյուջեի վրա: Իսկ եթե դա լինի նախաձեռնողի հաշվին (ինչպես գործող օրենքում է), ապա ոչ մի նախաձեռնող չի հասկանա, թե ինչու պետք է ինքը բավական լուրջ գումարներ մուծի էկո-փորձաքննություն կոչվող պարտադիր «պետական ձեւականության» համար ու վերջում էլ իրեն ասեն' ոչ:

Վերջին 5 տարիների երեւանյան փորձը հենց դա է ապացուցում: Պետական լիազոր մարմինը, նախաձեռնողներից ստանալով օրենքով նախատեսված վճարներ էկո-փորձաքննության ծախսերի համար, շատ դեպքերում չի կարողացել կանխարգելել կամ նվազագույնի հասցնել վնասակար ազդեցությունները: Սա դեռ միայն Երեւանում, իսկ եթե փորձենք հետաքրքրվել ծաղկաձորյան առատ շինարարություններով, ապա կպարզվի, որ այստեղի նախաձեռնողները էկո-փորձաքննության մասին չեն էլ լսել:

Փաստորեն, 1995թ. հետո կար իրավասու մի մարմին, որը նախագծի հեղինակի բոլոր դրական փաստարկները պետք է (եւ կարող էր) վերանայել հակառակ ծայրից: Սակայն, իրավասու այդ մարմինն այդպես էլ չկարողացավ որոշումներ կայացնել՝ հաշվի առնելով թե՛ մարդկանց առողջությունը, թե՛ բնությունը, թե՛ տնտեսական հարատեւ օգուտները (այդ պահի շահի փոխարեն):

Թե մենաշնորհը գործարար ոլորտում ինչ «հրաշքներ» է գործում, արդեն համոզվել ենք «ԱրմենՏելի» օրինակով: Բոլորովին այլ է իրավիճակը, երբ շուկայում կա մրցակցություն: Բայց խոսքն առողջ մրցակցության, բոլորին հավասար հնարավորություններ ընձեռելու մասին է: Այսօր մենք ունենք մասնագիտական ընկերություններ ու գիտական կենտրոններ, որոնք կայացել են էկո-փորձաքննության պետական լիազոր մարմնից (բնապահպանության նախարարությունից) դուրս եւ նրանից անկախ: Նրանց համար առաջնահերթն իրենց գովազդն է, որն էլ իր հերթին պայմանավորված է որակյալ ու բարեխիղճ աշխատանքով եւ, իհարկե, գործունեություն նախաձեռնողի հաշվին, այլ ոչ թե նվազ պետական բյուջեի:

Ընդհանրապես, էկոլոգիական փորձաքննությունն առնչվում է տնտեսական գործունեության համարյա բոլոր ոլորտներին: Հետեւաբար, այն կարող է նպաստել այդ բոլոր ոլորտների զարգացմանը, եթե կա ազատ մրցակցություն: Եվ կարող է նաեւ կասեցնել զարգացումը, եթե մնա պետական մենաշնորհ ու ծանրանա պետբյուջեի վրա (կյանքը ցույց տվեց, որ ազատականացված քաղաքաշինության ոլորտի վրա պետական էկոլոգիական փորձաքննությունը որեւէ դրական ազդեցություն չի կարող ունենալ): Այդ պատճառով էլ օրենսդրության բարեփոխումը նախեւառաջ պետք է ապահովի էկոլոգիական փորձաքննության ոլորտի ազատականացումը՝ բնապահպանության նախարարությանը վերապահելով այս գործունեության վերահսկողությունը: Եթե «Բնապահպանական փորձաքննության մասին» նոր օրենքի նախագծով փորձաքննությունը դարձյալ մնա պետական մենաշնորհ, ինչպես որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» գործող օրենքում է, ապա կարելի է ասել, որ օրենսդրության բարեփոխում չի կատարվել:

Սրբուհի Հարությունյան
Էկոլոգիական փորձաքննության համակարգի արդյունավետության գնահատման փորձագետ, «Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի» նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter