
Երբ ավելի հեշտ է հաշվել պատճառված վնասը, քան այն վերացնելը
Անիչկա Չաքմիշյանն ընդամենը մեկ ամիս առաջ էր սկսել բնակարանի նորոգումը, սակայն մարտի 24-ի ուժեղ քամու պատճառած ավերածություններից հետո ստիպված էր ոչ միայն դադարեցնել, այլեւ նույն աշխատանքը կրկնելու կարիք էր առաջացել: Գյումրու Մհեր Մկրտչյան 44 հասցեում գտնվող շենքի տանիքի 70-80 տոկոսն ավերվեց այդ օրը: Քամին պոկել էր թիթեղյա տանիքը, ավերել փայտե հեծանները, շարքից հանել օդատար եւ ծխատար համակարգը: 1930-ականներին կառուցված շենքի կոնստրուկցիաները չէին դիմացել բնական աղետին, տանիքի հատվածում անգամ քարեր էին փլվել:
![]() |
![]() |
«Բնակարանն առել եմ 2016թ․ ԲԳՎ-ով (Բնակարանների գնման վկայական), բայց չէինք կարողանում տեղափոխվել, որովհետեւ վերանորոգման խիստ կարիք կար, մեր ձեռքն էլ փող չկար: Բանկից 500 հազար դրամ վարկ ենք վերցրել, որ ռեմոնտը սկսեինք, էն էլ առաստաղի հատվածը սաղ փչացել է: Պատշգամբի վրայի թիթեղն էլ էր տարել քամին, ստիպված նորն ենք առել դրել, ավելորդ ծախս, որ մեր էս չէղած բյուջեի հաշվին ստիպված էրեցինք, կողքից էլ տեր էղնող չկա», - դժգոհում է Անիչկա Չաքմիշյանը:
Մարտի 24-ին ուժեղ քամուց Շիրակի մարզում տուժել է 16 համայնքի 26 բնակավայր: Հաջորդող երկու-երեք օրերի ընթացքում մարզպետարանում եւ համայնքներում ձեւավորված հատուկ խմբերն ուսումնասիրություն էին իրականացրել, արձանագրել ու հաշվել պատճառված վնասը: Նախնական հաշվարկներով մարզը կրել է 62-63 մլն դրամի վնաս: Ամենամեծ վնասը կրել է Գյումրի քաղաքը՝ 25 մլն դրամ: Մհեր Մկրտչյան 44 հասցեում գտնվող շենքին պատճառված վնասը հանձնաժողովը գնահատել է 7 մլն դրամ:
«Էս տասը օր է կսպասենք, որ պիտի գան, տանիքը նորոգեն: Անձրեւներին տունն ինչքան թաս կա, կշարենք պոլերին», - ասում է Գայանե Գեւորգյանը: «Ես 3 օր հիվանդ պառկել եմ անճարությունից, օր կտեսնեի անձրեւից տունս կփչանա, ջուրը կլցվի տունս, ձեռս էլ ճար չկա», - հավելում է Անիչկա Չաքմիշյանը:
Հուսահատված բնակիչներն ապրիլի 3-ին հանդիպել էին մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ: Վերջինս լսել էր բոլոր դժգոհությունները եւ հայտնել, որ տանիքի համար նախատեսված 6 մլն 700 հազարից մարզպետարանը կարող է հատկացնել 30 տոկոսը, իսկ մնացած գումարը տրամադրելու են քաղաքապետարանն ու համատիրությունը:
«Պարոն մարզպետը մեզի ըսավ, թե 40 տոկոսը պիտի համատիրությունը տա: Բա դուք էդքան տարիներ գումար եք տվել, հիմի էլ գնացեք պահանջեք: Գնահատել են 7 մլն դրամ վնասը, բայց ըդիկ շատ քիչ է, հնարավոր չէ կապիտալ գործ էնեն: Մարզպետը մեզի ըսավ, օր իրենք վնասների չափը փոխանցել են կառավարություն՝ կսպասեն ֆինանսավորման ու ըդքանից հետո էլ վնասի 30 տոկոսը կարող է տալ, մնացածը քաղաքապետարանից ու համատիրությունից պիտի ուզենք: Հմի փաստորեն սաղ գործերը թողած բդի ընկնինք հետեւներից, օր գան կտուրը սարքեն», - փոխանցում է մարզպետի հանդիպման մանրամասներն Անյա Վարդանյանը:
Ապրիլի 4-ին եւս մեկ հանդիպում է կայացել քամուց տուժած շենքի բնակիչների եւ մարզպետի միջեւ: Այս անգամ հրավերը մարզպետ Արթուր Խաչատրյանի կողմից է եղել: Բնակիչների փոխանցմամբ քաշքշուկից խուսափելու նպատակով մարզպետարանը որոշել է ամբողջությամբ փոխանցել գումարը կտուրի նորոգման աշխատանքներն իրականացնելու համար: «Ես որպես շինարար կարող եմ հստակ ասել, որ գումարը քիչ է, ու դժվար էլ ամբողջ ծավալով հնարավոր լինի: Մենակ կտուրը չէ, օդատար, ծխատար համակարգն էլ պիտի նորոգվի, որովհետեւ հետագայում կարող է հրդեհավտանգ վիճակ ստեղծվի: Տանիքի փայտե հեծաններն էլ պիտի փոխվի, հո մենակ թիթեղ խփելը չէ», - տեղեկացնում է բնակիչներից Կարո Ավետիսյանը:
Բնակիչները որոշել են դիմել նաեւ քաղաքային իշխանություններին հարցին հիմնովին լուծում տալու համար։
Մեկնաբանել