
«Չուրախանաք, շարունակելու ենք իրար հետ աշխատել»․ վարչապետը հայտարարեց առաջիկա հրաժարականի մասին
Կառավարության հերթական՝ ապրիլի հինգի նիստի վերջին դռնբաց նիստն է, վերջինն է նաև այս Կառավարության համար։ Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Սահմանադրության պահանջներից ելնելով՝Կառավարությունն առաջիկայում հրաժարականի դիմում է ներկայացնելու։ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց գործադիրի անդամներին համատեղ աշխատանքի համար և ասաց․
«Չուրախանաք, շարունակելու ենք իրար հետ աշխատել նույն տեմպերով, նույն ռեժիմով»։
Վերջին նիստում Կառավարության ղեկավարի կողմից հնչեցին ավանդական դարձած հանձնարարականներ, որոնցից մեկը վերաբերում էր մարզերում շինարարության ակտիվության և գլխավոր հատակագծերի գնահատմանը: Վարչապետի խոսքով՝ շինարարության ոլորտի ակտիվության գնահատման չափանիշներից է շինարարության թույլտվությունների տրամադրումը:
«2017թ.-ին 2016-ի 2404 տրամադրված շինարարական թույլտվությունների համեմատությամբ տրամադրվել է 3407 թույլտվություն՝ 1003-ով ավելի», - ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ սրա հետ միաժամանակ պետք է արձանագրել, որ համայնքների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտեվորման նախագծերի բացակայությունը խոչընդոտ է մարզերում շինարարական աշխատանքների նախաձեռնման կանխատեսելիության ձեռնարկումից:
Վարչապետը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մեկ ամսում մշակել համայնքների ղեկավարների կողմից շինարարությունների թույլատրման նորմատիվային մոտեցումներ՝ անդրադառնալով դրանց տևողությանը և պահանջվող փաստաթղթերի հարցերին, նախատեսել նման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ բողոքների համապատասխան ինստիտուտ:
Մյուս հանձնարարականը վերաբերում էր տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ ստեղծելուն։ Վարչապետի խոսքով՝ միասնական հարթակը պետք է համակցված լինի պետական էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ:
«Նշված պլատֆորմի ստեղծման գործում առաջնահերթ է գույքային հարկերի հաշվառման միասնական համակարգի ներդնումը, ինչի բացակայությունը խնդիրներ է առաջացնում անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման, վճարումների ձևերի, ինչպես նաև հավաքագրման տեսանկյունից», - ասաց Կարապետյանը։ Վարչապետը հանձնարարեց Ֆինանսների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին՝ հնգօրյա ժամկետում ներկայացնել Կառավարությունում քննարկված տեղական էլեկտրոնային կառավարման միասնական պլատֆորմի ներդրմանն ուղղված գործողությունների ծրագրի և ժամանակացույցի նախագիծը, ինչպես նաև դրա կիրարկման վերաբերյալ իրավական ակտի նախագիծը։
Վարչապետի մյուս հանձնարարականը վերաբերում էր տեխնիկական անվտանգության պահանջների պահպանմանը:
«Երեք օր առաջ Երևանի կենտրոնում տեղակայաված հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժեց ութ մարդ, դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, ինչպես նաև գործադիր մարմիններն, ըստ ցուցումների, կատարում են անհրաժեշտ աշխատանքները», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ նշված դեպքը հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների նկատմամբ պետական հսկողության խստացման հիմք է հանդիսանում: Վարչապետը Արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցառումներ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև թերությունների հայտնաբերման ուղղությամբ:
Վերջին հանձնարարականը վերաբերում էր հանրապետության գործադիր մարմինների 2018 թվականի գործունեությանը։
«Հանձնարարում եմ տանսհինգօրյա ժամկետում գործադիր մամինների ղեկավարներին և մարզպետներին ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի առաջին եռամսյակում ըստ ոլորտային միջոցառումների, ծրագրերի գերակա խնդիրների և արդյունքների վերաբերյալ կատարողականները՝ նշելով նաև առաջիկայում նախատեսված հիմնական միջոցառումներ և դրանց կատարման ուղղությամբ ձեռնարկված գործողությունները», - ասաց նա:
Մեկնաբանել