
Կառավարությունը համաձայն է Հայաստանի և Կոլումբիայի միջև վերացնել մուտքի արտոնագիրը՝ դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար
Կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն տվեց դիվանագիտական ու պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստանի և Կոլումբիայի կառավարությունների միջև մուտքի արտոնագրի վերացման համաձայանգրի կնքման առաջարկությանը։
Որոշումը ներկայացրեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Բնական է, որ նմանատիպ որոշումը կնպաստի հարաբերությունների զարգացմանը, պետք է նշել`քանի որ մենք չունենք դեսպանատներ, ապա բարդանում է նաև այդ մակարդակի պաշտոնյաների այցերը», - ասաց փոխնախարարը։
Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ Հարավային Ամերիկայում փոխայցելությունների դյուրացման գործընթացն ընթացքի մեջ է:
«Արդեն երեք պետությունների հետ սովորական անձնագրերով քաղաքացիները, ինչպես նաև պաշտոնական, դիվանագիտական անձնագրերով կարող են առանց մուտքի փոխադարձաբար այցելել, դա վերաբերում է Արգենտինային, Բրազիլիային և Ուրուգվային», - ասաց նա:
Փոխարտգործնախարարի խոսքով՝ Հայաստանը Մեքսիկայի հետ դեռևս դիվանագիտական անձնագրերի ընթացակարգ ունի, ուստի աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է:
«Աշխատում ենք նաև այդ ցանկը ընդլայնելու վերաբերյալ», - նկատեց վարչապետը:
«Այո, նախապատրաստվում է կառավարության համապատասխան որոշման նախագիծ, որտեղ կընդգրկվեն լրացուցիչ երկրներ», - ասաց Քոչարյանը:
Մեկնաբանել