
Ղրղզական առաջին տիեզերանավը կառուցում են աղջիկները
18-ամյա Աննա Անիսիմովան այն աղջիկներից մեկն է, ով պատրաստվում է կառուցել ղրղզական առաջին տիեզերանավը։ «Կլոպ Մեդիա» հիմնադրամի նախաձեռնած ծրագրի շրջանակում ղրղզական առաջին տիեզերանավի կառուցման աշխատանքներին կմասնակցեն ցանկություն հայտնած իգական սեռի բոլոր ներկայացուցիչները։
«Որոշեցինք, որ պետք է Ղրղզստանի պատմության մեջ առաջին տիեզերանավը կառուցվի միայն աղջիկների ձեռքով, քանի որ երկրում շատ բարձր ցուցանիշ ունի իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ խտրականությունը։ Մեր նախաձեռնությունը միտված է հենց այդ խտրականության վերացմանը»,- նշեց Աննա Անիսիմովան։
Տիեզերանավի գծագրման ու կառուցման աշխատանքները սկսվել են մարտի 10-ից, երբ հայտերի միջոցով հավաքվել է աշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնածների անհրաժեշտ քանակը։ Մասնակիցներն անցնելու են ծրագրավորման դասընթացներ, որպեսզի սեփական ձեռքերով նախագծեն ու եռաչափ տպիչի միջոցով ստեղծեն տիեզերանավի մասերը։
«Տիեզերանավը շատ փոքր է լինելու, ուստի բյուջեն էլ մեծ չի լինի։ Կառուցման և գործարկման համար 100-150 հազար դոլար է անհրաժեշտ, որն էլ փորձում ենք հավաքել մեր կայքում տեղադրված հաշվեհամարին կատարվող բարեգործությունների միջոցով»,- ասաց Աննա Անիսիմովան։
Ծրագրին մասնակցող աղջիկներին ծրագրավորում է սովորեցնելու Ռոման Բորիսովը, ով նախագծում արական սեռի միակ ներկայացուցիչն է։ Նրա խոսքով՝ ծրագրի գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ «Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության» (ՆԱՍԱ) աշխատակիցը «Կլոպ Մեդիա»-ին դիմել է ղրղզական առաջին տիեզերանավ ստեղծելու առաջարկով։
![]() |
![]() |
«Երբ «ՆԱՍԱ»-ից այդպիսի առաջարկ ես ստանում, պետք է ժամանակ չկորցնես։ Միանգամից անցանք գործի, քանի որ այդպիսի հնարավորություն կարող էր այլևս չլինել»,- նշեց Ռոման Բորիսովը։
Ղրղզական առաջին տիեզերանավը ինքնուրույն չի կարողանալու օդ բարձրանալ, այն պատրաստ լինելուց հետո կուղարկվի ՆԱՍԱ-ի գրասենյակ, որտեղից էլ մեկ այլ տիեզերանավով կուղևորվի տիեզերք, սակայն ծրագրի նախաձեռնողները դեռ չեն որոշել, թե այն ինչ առաքելություն է իրականացնելու։
Նորայր Շողիկյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս
Մեկնաբանել