HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրկիզվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրի ավտոմեքենան

Նոյեմբերի 22-ին ժամը 20:40-ին «Հայկական ժամանակի» խմբագրության մուտքի մոտ թերթի աշխատակիցները պայթյունի ձայն են լսել, որից հետո, դուրս գալով խմբագրությունից, տեսել են, որ «ՀԺ»-ին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան վառվում է: Այդ մեքենան մշտապես վարում է «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Թերթի խմբագրությունը գտնվում է Երեւանի կենտրոնական մասում' Սուրբ Սարգիս եկեղեցու ու Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ոստիկանության գրասենյակի հարեւանությամբ:

Տեղի ունեցածի մասին անմիջապես տեղեկացվել են հրշեջ ծառայությունն ու ոստիկանությունը: Հրշեջ ծառայությունը, տեղ հասնելով, հանգցրեց կրակը:

Նիկոլ Փաշինյանը նույն օրը երեկոյան լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է, որ ինքն իրավապահներին առաջարկում է քննել այն վարկածը, ըստ որի՝ այս ակցիայի ետեւում կանգնած է «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

««ՀԺ»-ում որոշ հրապարակումներ են եղել Գագիկ Ծառուկյանի (հայտնի է Դոդի Գագո մականունով) մասին, վերջինս տարբեր անձանց միջնորդել է հանդիպում կազմակերպել ինձ հետ»,- ասել է Փաշինյանը:

Խմբագիրը կտրականապես հրաժարվել է հանդիպումից: Հետագայում տարբեր աղբյուրներ Փաշինյանին զգուշացրել են, որ Գ. Ծառուկյանը զայրացրել է: Աղբյուրները Փաշինյանին զգուշացրել են նաեւ, որ Ծառուկյանը որոշել է պատժել խմբագրին:

«Չենք բացառում, որ Ծառուկյանի համբերության բաժակը լցրել է մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված նյութը՝ նրա ծաղկաձորյան գործունեության մասին: Ծառուկյանը գիտեր, անշուշտ, որ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը շարունակում է այդ թեմայով հետաքննությունը, եւ որ այդ առնչությամբ «ՀԺ»-ում նոր հրապարակումներ են լինելու: (Վերոհիշյալ հոդվածը «Հայկական ժամանակ» օրաթերթը «Հետքից» մի քանի օր առաջ արտատապել էր: Տես' Ծաղկաձորում դղյակները կառուցվել են օրենքների խախտմամբ): Բացի այս, «ՀԺ»-ն տպագրության էր պատրաստում նաեւ Ծառուկյանի տնտեսական գործունեությանը վերաբերող նյութեր, եւ Ծառուկյանին հայտնի էր դրա մասին: Այնուամենայնիվ, հարց է ծագում' ո՞րն է այս ակցիայի նպատակը: Չխորանալով դետալների մեջ՝ կարող ենք միանշանակ արձանագրել, որ ակցիան առնվազն նպատակ ունի վախի մեջ պահել «Հայկական ժամանակ» օրաթերթի աշխատակազմին, եւ այնպես անել, որ թերթը «ճանաչի իր սահմանները»,-լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նույն օրը Լոս Անջելեսում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթում Գ. Ծառուկյանը, մեկնաբանելով Ն. Փաշինյանի հայտարարությունը, ասել է. «Եթե տվյալ թերթի խմբագիրը գտնում է, որ կարող է լինել նման անլուրջ վարկած, թող իրավապահները գնան-ստուգեն: Պարզապես ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ իր թերթում տպագրված նյութի նկատմամբ ես որեւէ առարկություն չեմ ունեցել, եթե ունենայի՝ իմ իրավաբանին կուղարկեի պարզաբանումներ ստանալու եւ տալու: Ինձ զարմացնում է նաեւ այն հանգամանքը, որ այդ խմբագրի հետ եղել են նորմալ հարաբերություններ, եւ հետո' ինքը կարծեմ թե միայն իմ մասին չէ, որ հոդվածներ է գրում եւ տեսակետներ հայտնում, ինչո՞ւ չի առաջ քաշում այլ վարկածներ եւս»:

«Ժամանակ» օրաթերթի լրագրողը Ծառուկյանին հարցրել է նաեւ. «Հայաստանում մեղավորները պատժվու՞մ են, օրենքի՞ երկիր է Հայաստանը, թե...»:

«Իհարկե' օրենքի երկիր է. այո, մենք ապրում ենք օրենքի երկրում, ի՞նչ է եղել, որ օրենքի երկրում չենք: Իսկ լրագրողներն ինչո՞վ են զբաղված, ինչ է, ուզում են՝ գնամ հեռուստատեսություն-բերանս բանամ' պաշտպանվե՞մ: Ես այսքան գործ եմ անում այս երկրի համար, վաղը նորից գործարան եմ բացելու, ի՞նչ է, կարծում եք՝ Ծառուկյանն այնքան անլուրջ մարդ է, որ կարող էր նման բաներ անել...»,-պատասխանել է Գ. Ծառուկյանը:

Նշենք միայն, որ «Հետքը» շարունակում է իր հետաքննությունն ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի' օրենքի խախտումներով իրականացրած տնտեսական գործունեության եւ նրա շրջապատի մարդկանց քրեական արարքների, ինչպես նաեւ' այս տարվա ապրիլի 5-ին լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին նրա թիկնապահների մասնակցության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter