
Սերժ Սարգսյանն ու Իտալիայի Սենատի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ:
Սերժ Սարգսյանը կարևորել է օրենսդիր մարմինների դերը միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու գործում և նշել, որ Հայաստանը շահագրռված է առավել սերտ կապեր հաստատել երկու երկրների խորհրդարանների միջև և հարաբերությունները զարգացնել նաև միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակներում, ինչը, նախագահի համոզմամբ, Հայաստանին և Իտալիային թույլ կտա կարևոր հարցերի շուրջ միմյանց համակողմանի աջակցություն ցուցաբերել:
Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել և բարձր գնահատել Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և համագործակցությանը, որը նաև հայ-իտալական փոխգործակցության օրակարգի կարևոր ուղղություններից է:
Սարգսյանը և Իտալիայի Սենատի նախագահ Կազելատին մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
Մեկնաբանել