
Քննություն` նորածնի մահվան հանգամանքները պարզելու համար
2018թ. ապրիլի 3-ին Քննչական կոմիտեն քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իր քույրն ապրիլի 1-ին Աբովյան քաղաքի ծննդատանը կեսարյան հատումով՝ հղիության 7-րդ ամսում, ունեցել է արական սեռի երեխա, ով ծնվել է ճիչ արձակելով, ապա նրան տեղափոխել են Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։
Կոմիտեի դեպարտամենտը հայտնում է, որ ըստ հաղորդման՝ բժիշկները հավաստիացրել են, որ նորածնի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն ապրիլի 4-ին հայտնել են, որ մահացել է, ինչը, նրա կարծիքով, բուժաշխատողների կողմից համապատասխան բուժօգնություն չցուցաբերելու հետևանք է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Նորածինը ճանաչվել է տուժող:
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մեկնաբանել