
Հիվանդություններ, որոնց դեպքում քաղաքացին ճանաչվում է ոչ պիտանի ծառայության համար. ՊՆ-ի նոր նախագիծը
Պաշտպանության նախարարությունը հրապարակել է զինվորական ծառայության համար զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը: Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:
Ըստ նախագծի՝ զինվորական ծառայության, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատություններ դիմելու համար ոչ պիտանի են հետևյալ հիվանդություններ ունեցող անձինք (ամբողջական ցանկին ծանոթացեք վերեւի հղումով):
-Ծանր (խորը) կամ չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն
-Խիստ արտահայտված հոգեկան խանգարումներ, ինչպես՝ ձգձգվող փսիխոտիկ, կայուն ինտելեկտուալ-մնեստիկ, անձնային խանգարումներ` փսիխոօրգանական բնույթի կամ չափավոր արտահայտված ասթենիկ, աֆեկտիվ դիսոցիատիվ, ճանաչողական խանգարումներ:
-Աֆեկտիվ փսիխոզներ, որոնք արտահայտվում են հաճախակի կրկնվող, կարճատև ռեմիսիաներով ընթացող աֆեկտիվ խանգարումներով:
-Սուր և անցողիկ փսիխոտիկ խանգարումներ:
-Ախտանշանային և այլ հոգեկան խանգարումներ՝ փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ խանգարումներ, որոնք կարող են առաջացնել անձի ախտաբանական փոփոխություներ կամ երկարատև ասթենիկ վիճակ:
-Բուժման դժվար ենթարկվող՝ նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ:
-Անձի խանգարումներ, որոնց հաճախությունը մեկ տարվա ընթացքում 3 անգամ և ավելի է:
-Հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով՝ հոգեկան և վարքային խանգարումներ, ինչպես՝ քրոնիկական փսիխոտիկ խանգարումներ, քրոնիկական ալկոհոլիզմ, նարկոմանիա և տոքսիկոմանիա:
-Էպիլեպսիա, որը դրսևորվում է հաճախակի նոպաներով կամ արտահայտված հոգեկան խանգարումների առկայությամբ:
-Գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ՝ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումներով:
-Գանգուղեղի և ողնուղեղի վնասվածքների հետևանքներ՝ ֆունկցիաների զգալի արտահայտված խանգարումով:
-Կենտրոնական նյարդային համակարգի բնածին արատներ:
-Պերիֆերիկ նյարդերի վնասվածքների հետևանքներ՝ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով:
-Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ կամ դրանց հետևանքներ՝ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով կամ արագ զարգացող ընթացքով:
-Ֆիզիկական ինֆանտիլիզմ (թերզարգացում), ըստ որի` քաղաքացու հասակը 150սմ-ից ցածր է, իսկ քաշը՝ 43կգ-ից պակաս, եթե հասակը 150 սմ և բարձր է, քաշը՝ 43-45 կգ, ապա սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար, սակայն ոչ պիտանի՝ ՌՈՒՀ-ում ուսանելու համար:
-Ներզատիչ համակարգի և նյութափոխանակության հիվանդություններ՝ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով:
-Արյան համակարգի հիվանդություններ՝ սակավարյունություն, ագրանուլոցիտոզ, հեմոբլաստոզներ, հեմոսարկոմա, լիմֆոգրանուլեմատոզ, հեմոռագիկ դիաթեզներ և այլն:
-Էկզոգեն սուր կամ քրոնիկական ինտոքսիկացիաների սրացումների կամ ազդեցությունների հետևանքներ, ալերգիկ հիվանդություններ՝ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով:
-Տուբերկուլոզ ակտիվ՝ պրոգրեսիվող միկոբակտերիայի արտազատմամբ կամ քայքայմամբ, ակտիվ մարող` առանց միկոբակտերիայի արտազատման և քայքայման:
-Թոքերի, շնչառական ուղիների, պլևրայի ոչ տուբերկուլյոզային բնույթի քրոնիկական հիվանդություններ, զարգացման արատներ և սուր հիվանդություններից հետո կայուն մնացորդային երևույթներ:
-Բրոնխիալ ասթմա՝ հաճախակի նոպաներով:
-Սրտամկանի, սրտապարկի (պերիկարդի), պսակաձև անոթների, փականային ապարատի, աորտայի հիվանդություններ և զարգացման արատներ՝ արյան շրջանառության զգալի, ինչպես նաև չափավոր արտահայտված խանգարումով:
-Երկրորդ և երրոդ շրջանի զարկերակային հիպերտենզիա:
-Որովայնի խոռոչի օրգանների հիվանդություններ և զարգացման արատներ՝ ֆունկցիաների զգալի արտահայտված խանգարումով:
-Երիկամների բորբոքային և դիստրոֆիկ հիվանդություններ՝ III-II աստիճանի քրոնիկական երիկամային անբավարարությամբ:
-Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ, այդ թվում` հոդերի, մկանների, ջլերի վարակիչ, վարակիչ-ալերգիկ և դիստրոֆիկ հիվանդություններ՝ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով, կայուն և արտահայտված փոփոխություններով:
-Մաշկի սպիներ՝ հաճախակի խոցոտվող կամ շարժումները զգալի չափով սահմանափակող կամ հագուստ, կոշիկ կամ հանդերձանք կրելուն զգալի խանգարող:
-Կրծքավանդակի կամ որովայնի խոռոչի, փոքր կոնքի կամ հետորովայնամզային տարածքի օրգանների վնասվածքների, վերքերի կամ վիրաբուժական միջամտությունների հետևանքներ՝ ֆունկցիաների զգալի արտահայտված խանգարումով:
-Ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ, զարգացման արատներ, վնասվածքների և հիվանդությունների հետևանքներ՝ ֆունկցիաների զգալի արտահայտված խանգարումով:
-Զարգացման արատների, վնասվածքների և հիվանդությունների հետ կապված կոնքի ծռվածություն կամ այլ ձևախախտումներ՝ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով:
-Ոսկրերի, աճառների, մկանների, ջլերի ու հոդերի քրոնիկական բնածին արատներ, վնասվածքներ, դրանց հետևանքներ և քրոնիկական հիվանդություններ՝ ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով:
-Վերջույթների ֆունկցիան խանգարող ծռվածություն կամ կարճություն՝ ձեռքի 8սմ և ավելի կարճություն:
-Ձեռքերի մատների, դաստակների ձևախախտումներ և արատներ:
-Ոտնաթաթի ձևափոխում՝ խիստ արտահայտված անատոմիական փոփոխություններով:
-Վերջույթի բացակայություն և ամպուտացիա` ցանկացած մակարդակով:
-Չարորակ և բարորակ նորագոյացություններ:
-Տեսողության ֆունկցիան խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի և աչքի այլ թաղանթների բորբոքային կամ դեգեներատիվ խրոնիկ հիվանդություններ:
-Տեսողության թուլություն, կուրություն:
-ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակակիր:
Նախագծում ներառված են հիվանդություններ նաև կանանց համար, թե որ դեպքում է կինը ճանաչվում ոչ պիտանի զինծառայության, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատությունում ուսանելու համար:
Լուսանկարը` www.mil.am-ի
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել