Բագարանցի երեխաները երազում են վերանորոգված դպրոցի մասին
Լուսյա Բաղդասարյանը սովորում է Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում: Բագարանից բացի ուրիշ ոչ մի տեղ չի պատկերացնում իր կյանքը։ Ասում է, որ սիրում է իր դպրոցը, չնայած այն «մի քիչ հնաոճ է»:
«Ես կուզեի մեր դասարանը լիներ վառ գույներով պատված, օրինակ՝ վարդագույն: Գրականության դասարանում լինեին գրողների գեղեցիկ նկարները, ֆիզիկայի համար լաբորատորիաներ լինեին, հատակը սալիկապատված լիներ: Չեմ ուզում, որ դպրոցը վառարաններով լինի, հոտեր են գալիս: Եթե դրսում քամի է, ներսում ծուխ է լինեում»,-ասում է Լուսյան:
Լուսյա Բաղդասարյանը
Բագարանում երեխաների համար զբաղմունքի միջոց, խաղահրապարակներ չկան: Դասերից հետո նրանք գալիս են դպրոցի բակ և այնտեղ են խաղում: Լուսյան ասում է, որ ամռանը գյուղում չի լինում: Հաճախում է լողավազան և ստիպված մի քանի ամիս ապրում է ազգականների տանը` Արմավիր քաղաքում:
Նրան շատ է դուր եկել հատկապես մարզի Վանանդ գյուղի դպրոցի շենքը: Ասում է՝ դրսից վառ գույներով է, ինչը տրամադրում է աշակերտներին:
«Կցանկանայի, որ գեղեցիկ լիներ, բոլորը տեսնեին` ինչ լավ դպրոց ունենք: Չեմ ամաչում, հպարտ եմ իմ դպրոցով և գյուղով, բայց կուզենայի մի քիչ գեղեցիկ լիներ»,-ասում է Լուսյան:
Բագարանի միջնակարգ դպրոցի տնօրեն Գեղեցիկ Ավետիսյանը պատմեց, որ դպրոցը հիմնադրվել է 1987թ., տանիքը փոխվել է 2006թ., իսկ դռներն ու պատուհանները՝ 2010թ.: Տնօրենի խոսքերով՝ հիմնադրումից ի վեր դպրոցում ներքին հարդարման աշխատանքներ չեն իրականացվել: Ժամանակին կատարված շինարարական աշխատանքներն էլ վատ են արվել: Օրինակ՝ նոր տեղադրված պատուհանների կողքերն ամրացված չեն:
Այժմ դպրոցի ֆինանսական միջոցներով ներքին հարդարման որոշ աշխատանքներ են կատարվում: 380 աշակերտի համար նախատեսված դպրոցում այժմ սովորում է 77 աշակերտ։ Մեծ դասասենյակները փոքրացվում են, որպեսզի հնարավոր լինի ջեռուցել և որոշ չափով ներքին հարդարման աշխատանքներ կատարել:
Ձմռան ամիսներին դասասենյակները տաքացնում են հեղուկ վառելիքով՝ վառարանների միջոցով: Տնօրենի խոսքով` ինչքան էլ ջեռուցում են, չեն կարողանում 18-20 աստիճան ջերմություն ապահովել: Ներկայումս քայլեր են ձեռնարկվում էլեկտրաէներգիայով ջեռուցման անցնելու ուղղությամբ:
Դպրոցի տնօրենը հիշում է, որ 1980-ականների վերջին Բագարանում 300-320 աշակերտ է սովորել. «Քչացել են աշակերտները: Պատճառը ծնելիության ցածր մակարդակն է, որովհետև գյուղից արտագաղթ գրեթե չկա: Բայց գնալով` աշակերտների թիվն ավելանում է: Նախատեսված է, որ մինչև 2020թ. մոտ 14-15 աշակետ կընդունենք առաջին դասարան: Այս տարի 9 աշակերտ ենք ընդունել: Այս տարի էլ ավարտական դասարան չունենք»,- ասում է Գ. Ավետիսյանը:
Դպրոցը տարիներ շարունակ չի ունեցել ջուր: Չէին գործում սանհանգույցները: Պատճառն այն է, որ համայնքը չունի կենտրոնացված ջրամատակարարում: 2017թ. սեպտեմբերին գյուղի վերջնամասի աղբյուրից խողովակներով ջուր են բերել դպրոց: Միջանցքում տեղադրվել է ջրի մեծ տարա, պոմպի օգնությամբ ջուրը հավաքվում է տարայի մեջ և օգտագործվում սանհանգույցներն աշխատեցնելու և խմելու նպատակով:
«Ինչքան բարելավված է դասարանների վիճակը, լաբորատորիաները կահավորված են դիդակտիկ նյութերով, թեկուզ աշակերտական սեղան, աթոռները հարմար են, աշակերտը ձգտում է ավելի լավ սովորել, դա խթանում է: Նկատել եմ` այն դասարանները, որոնք կիսել, մի քիչ վերանորոգել ենք, աշակերտներն այնտեղ հաճույքով են դաս անում»,-ասում է Գեղեցիկ Ավետիսյանը:
Դպրոցի տնօրենը նշում է, որ կառավարությունը պետք է սահմանամերձ գյուղերին ուշադրություն դարձնի։
«Այս գյուղի երեխաների համար միայն հանրակրթական դպրոցն է գործում: Նույնիսկ մանկապարտեզ, նախակրթարան չունեն: Եթե լինի, շատ լավ կլինի, քանի որ հիմա երեխան փողոցից միանգամից գալիս է դպրոց, շատ դժվար է»,- ասում է տնօրենը:
Դպրոցը ձեռնարկատիրական խմբակ է ունեցել, և աշակերտները դրամաշնորհ են շահել: Այդ գումարով, համայնքապետարանի աջակցությամբ դպրոցի բակում սպորտային հրապարակ են կառուցել: Այդ հրապարակը դարձել է գյուղի երեխաների զբաղմունքի միակ վայրը:
Դպրոցն ունի նաև մարզադահլիճ, սակայն այն վերանորոգման կարիք ունի: Հատակին բացվել են ճաքեր, մարզագույքը բավականին հին է: Հին են նաև լաբորատորիաները. աշակերտները քիմիական ռեակցիաները տեսնում են համակարգիչներով: Մի քանի ամիս առաջ դպրոցը 5 համակարգիչ է ստացել։
Գեղեցիկ Ավետիսյանն ասում է, որ ինչ էլ կարողանում են դպրոցում անել` տնտեսելու, խնայելու հաշվին է: Դպրոցի ֆինանսական միջոցները սուղ են, քանի որ աշակերտների թիվը փոքր է: Ամբողջ ձմեռ տնօրենն իր աշխատասենյակում էլեկտրական ջեռուցման սալիկ չի միացրել, նստել է ուսուցչանոցում, որ այդ գումարը տնտեսեն ու մի բան կարողանան վերանորոգել:
Մեկնաբանել